Տարեսկզբից Հայաստանին հաջողվեց ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ և սկսել Եվրամիությանն անդամակցության մասին օրենքի մշակման աշխատանքը, գրում է «Քարնեգի» հիմնադրամը։
«Ավելի քան երկու տարի է՝ Ադրբեջանին սահմանակից տարածքները պարեկում են ԵՄ դիտորդները։ Լեռնային գյուղերի շատ բնակիչների համար նրանք առաջին եվրոպացիներն էին, ում անձամբ տեսան: Արևմտյան դիտորդների հայտնվելը մեծ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև Եվրամիության համար։ Բրյուսելն առաջին անգամ պատրաստ էր իր ներկայացուցիչներին ուղարկել ռուսական ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկիր։
Օրերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրելու, որը չի ենթադրում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների խզում։ Հրապարակային հայտարարություններում Հայաստանի ղեկավարությունը շարունակում է խոսել բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին։ Ըստ հայ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Երևանը վախեցավ նոր Միութենական պետության մասին Մոսկվայի շահարկումներից։ Բելառուսից հետո Հայաստանը, որը կապված է Ռուսաստանի հետ ռազմական և տնտեսական կապերով, կարող է գլխավոր հավակնորդների ցուցակում հայտնվել։ Նոր Խորհրդային Միությանն անդամակցելու հեռանկարը ձեռնտու չէր Երևանին։ Այնուհետև եվրոպացի և ամերիկացի գործընկերները խնդրեցին Երևանին խուսափել հանկարծակի քայլերից։ Արևմուտքը մտավախություն ունի, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը կփլուզի Հայաստանի տնտեսությունը, երկիրը կթողնի առանց էժան գազի և նույնիսկ կարող է հանգեցնել Ադրբեջանի հետ նոր պատերազմի:
Արևմտյան առաջնորդները՝ զբաղված լինելով Ուկրաինային աջակցելով, կասկածում էին, որ կկարողանան բավարար օգնություն ցուցաբերել նաև Հայաստանին։ Արդյունքում, ԱՄՆ-ն և ԵՄ-ն նախընտրեցին խուսափել բարձրագոչ հայտարարություններից՝ կենտրոնանալով հայկական պետության ամենախոցելի հատվածների հզորացման վրա։ Սա ներառում է աջակցություն Ռուսաստանից առավել կախված տնտեսական հատվածներին և անդրադարձ Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքներին, որը թուլացրեց Հայաստանը և էլ ավելի մեծացրեց նրա կախվածությունը Մոսկվայից:
Այսպիսով, հիմք դրվեց Երևանի և Արևմուտքի մերձեցման հնարավորությանը, բայց միայն ապագայում։ Հնարավո՞ր է դա։ Յուրաքանչյուր լուրջ քայլից առաջ հայ պաշտոնյաները նախապատրաստական աշխատանքներ են տանում իրենց հարևանների հետ։ Օրինակ, նրանք փորձում են մեկ օր առաջ գնալ Թեհրան՝ տարածաշրջանում արևմտյան ազդեցության ուժեղացման վերաբերյալ Իրանի մտավախությունները փարատելու համար։ Ի տարբերություն Իրանի՝ Մոսկվայում չափազանց շատ են ազդեցության կենտրոնները, ինչի պատճառով Երևանի փորձերը ձախողվում են։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ի պատասխան եվրաինտեգրման մասին նոր օրինագծի քննարկմանը, «հիպոթետիկ» է անվանել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը։ Ըստ նրա՝ Երևանը չի ցանկանա կորցնել այն տնտեսական նախապատվությունները, որոնք տալիս է ԵԱՏՄ-ին մասնակցությունը։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-Հայաստան ռ ազմավարական գործընկերության մասին համաձայնությունը, հորդորել է փաստաթղթերի անվանումներից եզրակացություններ չանել, այլ սպասել կոնկրետ գործողությունների։
Մոսկվայի զսպվածության պատճառն ամենևին այն չէ, որ նա որոշել է հաշտվել նոր իրողության հետ։ Պատճառն այն է, որ ուկրաինական պատերազմն ավելի ու ավելի է շեղում Ռուսաստանի ուշադրությունը մյուս հարևաններից։
Հայաստանը ոչ միայն չաջակցեց Ուկրաինա ռուսական ներխուժմանը, այլ փաստացի կասեցրեց մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ հասկացնելով, որ պատրաստ է ամբողջությամբ լքել այս ռազմական բլոկը, որն իրեն այլևս չի ապահովում էժան ռուսական զենքի հասանելիություն։ Եթե դա տեղի ունենա, ոչ միայն հարված կհասցվի Մոսկվայի հեղինակությանը, այլև երկարաժամկետ ռիսկեր կառաջանան տարածաշրջանում։
Վերջին երեք տարում Հայաստանը դարձել է Ռուսաստան երկրորդային ներմուծման հիմնական աղբյուրներից մեկը։ Ներկրվում է սնունդ, տեխնիկա, մեքենաներ, իսկ վերջերս նույնիսկ ինքնաթիռ են փորձել տեղափոխել, ենթադրաբար, ռուս մեծահարուստ հաճախորդի համար։
Հայաստանի շեղումը դեպի Արևմուտք կարող է տհաճ լինել Մոսկվայի համար, բայց, ըստ երևույթին, նա պատրաստ է հանդուրժել դա։ Ավելին, պաշտոնական կապերի խզում չի սպասվում։
Դիտորդական առաքելությունից զատ՝ ԵՄ-ն նախաձեռնել է կարճաժամկետ այցերի համար վիզաների վերացման գործընթաց և Հայաստանին միջոցներ հատկացրել Խաղաղության հիմնադրամից, որը ստեղծված է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին երկրների անվտանգությանն աջակցելու համար։ Ընդամենը երեք տարի առաջ այս ամենն աներևակայելի էր թվում։ Հայաստանի ղեկավարությունը մտադիր է հասնել ավելիին. այժմ ավելի շատ աջակցություն է ստացվում Միացյալ Նահանգներից, սակայն Երևանն իր երկարաժամկետ հույսերը կապում է Եվրամիության հետ:
Հետխորհրդային մյուս երկրների փորձը ցույց է տալիս, որ ԵՄ-ի հետ բանակցություններում հաջողությունը մեծապես կախված է եվրոպական բարդ պահանջները կատարելու ազգային բյուրոկրատիայի կարողությունից։ Եվ Հայաստանն այս հարցում խնդիրներ ունի։ Անգամ հայ պաշտոնյաներն իրենք են հաճախ քննադատում սեփական բյուրոկրատիան։ Իսկ ներկայիս իշխանությունների կառավարման հինգ տարիների ընթացքում քիչ բան է փոխվել։
Առաջընթացի բացակայությունը հիմնավորվում է որակյալ կադրերի պակասով։ Վերջին մի քանի տարում Փաշինյանի վարկանիշն անշեղորեն նվազում է, և նրա դեմ ուղղված հիմնական բողոքներից մեկը շարունակում է մնալ բարեփոխումների բացակայությունը։ ՀՀ ղեկավարությունը գիտակցում է, որ հասարակության մեջ փոփոխությունների մեծ պահանջ կա։ Փորձելով պատասխանել դրան՝ Փաշինյանն անձամբ է զննում կառուցվող նախագծերը և տեսախցիկի առաջ նկատողություն է անում նախարարներին թերացումների համար։ Փորձելով մերձենալ ժողովրդի հետ՝ վարչապետը սկսել է հեծանիվ քշել, հաշիվ է բացել TikTok-ում և սկսել կնոջ հետ բլոգինգով զբաղվել YouTube-ում։ 2018-ի «խաղաղ հեղափոխությունից» հետո անցած աշնանը նա առաջին անգամ սափրեց մորուքը, պաշտոնանկ արեց կառավարության մեծ մասին։ Իսկ Եվրոպային մերձենալու ցանկությունն իսկապես կարող է խթանել հայկական պետական ապարատի աշխատանքը։ Եթե ինքնահեղինակային բարեփոխումները մնան անհասկանալի, ապա եվրոպական չափանիշների ներդրումը կարող է գործիք ծառայել գոնե որոշ ոլորտներում կարգուկանոն վերականգնելու համար»,-գրում է հիմնադրամը։