Ներքին 1 տարի առաջ - 11:30 14-01-2025

Իրանից փորձել են մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխել Հայաստան

Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ ԻԻՀ քաղաքացու հետ, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հունվարի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։

Մասնավորապես՝ սույն թվականի հունվարի 10-ին Մեղրի համայնքի հարակից տարածքում հանցավոր խմբի անդամները նախապես ընտրված թաքստոցից վերցրել են դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից հայ-իրանական պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի խմբաքանակը, որը պատրաստվում էին տեղափոխել Երևան:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ՀՀ քաղաքացիներ Ռ․Ս-ն, Ա․Ա-ն և Կ․Ս-ն ձերբակալվել են և իրենց ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության վարչական տարածք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված՝ համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնված քրեական վարույթով կատարված խուզարկության արդյունքում ավտոմեքենաներից մեկում հայտնաբերվել է 10 կգ թմրամիջոց, որից 8 կգ «Մարիխուանա» և 2 կգ «Մետամֆետամին» տեսակի։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Ռ․Ս-ի, Ա․Ա-ի և Կ․Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան