Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 12-12-2024

Ինչո՞ւ կինոյի մեջ մտավ Հակոբ Ասլանյանը. 4 վարկած 

ՔՊ-ական ղեկավարները մեծ էմոցիայով ու էքսպրեսիայով փորձում էին պատկեր ստեղծել, թե Հովիկ Աղազարյանը գաղտնիք է հրապարակել։ Սակայն ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը սառնասրտորեն ջուրը գցեց իր ղեկավարների տիտանական ջանքերը, ի լուր աշխարհի հայտարարեց, որ ոչ մի պետական գաղտնիք էլ չի եղել Աղազարյանի նամակագրության մեջ։ Արդարության ճանապարհը իշխող խմբակցության բռնած ուղուց գերադասող պատգամավորը 1 ամսով կասեցրեց ՔՊ-ում իր գործունեությունը։ Ինչո՞ւ կինոյի մեջ մտավ Հակոբ Ասլանյանը։ Եվ արդյո՞ք նրա քայլը համաձայնեցված է Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս առումով՝ հանրային խոսույթում շրջանառվում է 4 վարկած։

Առաջին վարկածը մարդկային բարոյականության հիմքեր ունի։ Հանրության մի մասի կարծիքով՝ Հակոբ Ասլանյանը վրդովվել է, որ իր ընկերոջը հանիրավի մեղադրում են չարած բաների մեջ։ Նրա արարքը գնահատվում է բարոյական նորմերի վրա հիմնված սկզբունքայնություն, ինչը խորթ է ՔՊ-ականների մեծ մասին։ Այստեղ էական նշանակություն ունի նրանց ընկերական հարաբերությունները։ Այսինքն՝ Ասլանյանը պաշտպանում է ընկերոջը՝ Աղազարյանին, հանիրավի բռնաճնշումներից։ Այս ենթադրությունը հասկանալի է մարդկանց մեծ մասին, սակայն ոչ բոլորն են այն դրական ընկալում։

Երկրորդ վարկածը հոգեբանական աստառ ունի։ Մարդկանց մեծ մասը սովորաբար ուժեղի կողմն է, անկախ այն բանից՝ ուժեղն արդար է, թե ոչ։ Սակայն մարդկանց մոտ 1 տոկոսը կոնֆլիկտի մեջ փորձում է պաշտպանել թույլին՝ ի հեճուկս մեծամասնության։ Տվյալ դեպքում ՔՊ-ի մեծ մասը պաշտպանում է Աղազարյանի դեմ կազմակերպված բռնաճնշումը։ Անկախ այն բանից՝ այդ բռնաճնշումն արդարացի է, թե ոչ, թիմում կարող էր գտնվել մեկն, ով այլ տեսակետ հայտներ ու պաշտպաներ ճնշվողին։ Իսկ եթե այդ մեկը նաև Աղազարյանի ընկերն է, ապա հանրության մի մասը սա բնական, օրինաչափ է համարում։

Երրորդ վարկածը մեծ սուտն է։ Ասում են, թե սա իրական բռնաճնշում չէ, այլ խաղ, թատրոն, որը բեմադրում է Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ձևացնում է, թե ՔՊ-ում կա ներքին դիմադրություն, իբր ռուսական ծպտյալ գործակալները թույլ չեն տալիս արմատական բարեփոխումներ իրականացնել։ Անկողմնակալ հանդիսատեսի մոտ կարող էր հարց առաջանալ։ Միթե՞ Հովիկ Աղազարյանը միայնակ խոչընդոտում է ՔՊ-ական իշխանությանը։ Եվ ահա, ՔՊ-ն Հակոբ Ասլանյանի շնորհիվ ցույց է տալիս, թե Աղազարյանը մենակ չէ։ Այս համատեքստում է տեղավորվում նաև Մոսկվայի ընկերը, որը խորհուրդ էր տալիս վայր չդնել մանդատը։ Իսկ Ասլանյանի պարագայում հիշատակելի է նրա խորհրդային հետախույզի անցյալը։ Այս հանագամանքը ևս կարող են շահարկել ու ցույց տալ, որ ՔՊ-ի ներսում կան Մոսկվայի հետ կապեր կամ խորհրդային ծառայության անցյալ ունեցող մարդիկ, որոնք անկախության և ժողովրդավարության բարեփոխումներին դեմ են։

Եվ վերջապես՝ չորրորդ վարկածը դասվում է դավադրության տեսությունների շարքին։ Ըստ այդմ՝ ասում են, թե Նիկոլ Փաշինյանը լայնածավալ բռնաճնշումներ է սկսկելու առաջիկայում, կեղծ մեղադրանքներով հալածելու է պոտենցիալ մրցակիցներին, ժողովրդականություն ունեցող հանրային գործիչներին։ Ժողովրդավար երկերներն ու իրավապաշտպան կառույցները քննադատելու են այս հակաժողովրդավարական քայլերը։ Դրա համար Փաշինյանը կեղծ հալածանք է կազմակերպում թիմակիցների նկատմամբ, որից հետո անցնելու է նաև ընդդիմախոսներին հալածելուն, որ հետո կարողանա արդարանալ, թե ճնշել է ոչ միայն մրցակիցներին, այլև թիմակցիներին, որոնք պետական գաղտնիք են հանրայնացրել, գործել պետության դեմ։ Այստեղ մեկ հոգին քիչ էր։ Ենթադրելի է, որ Հակոբ Ասլանյանից բացի՝ թիմից էլի մի քանիսը հանիրավի ու դաժանորեն կհալածվեն, պատկերավոր ասած՝ կզոհաբերվեն, ինչպես շախմատի զինվորները, որ գալիք ընտրություններում ճանապարհ հարթեն ՔՊ-ի վերարտադրության համար։

Դժվար է պնդել, թե թվարկված վարկածներից ո՞րն է արժանահավատ։ Սակայն սա սոցիալ հոգեբանական առողջությունը գնահատելու լակմուսի թուղթ է դառնալու։ Եթե ժողովրդի մեծ մասը Հակոբ Ասլանյանի արածը համարի դավաճանություն, ստոր արարք, նշանակում է՝ հասարակությունը արժեքային դեգրադացման ու հոգեվարքի մեջ է։ Իսկ եթե Հակոբ Ասլանյանի արածը հանրության մեծ մասի ընկալմամբ որակվի որպես խիզախ, բարոյական, սկզբունքային, արդարացի քայլ, ապա կարող ենք ասել, որ ժողովուրդն ապագա ունի։

Թաթուլ Մկրտչյան