Ներքին 1 տարի առաջ - 22:00 11-12-2024

Ո՞վ է գողացել Երևանի ավտոբուսի փողերը. Տիգրան Ավինյանն անմե՞ղ է

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում առկա ստվերը մնում է չբացահայտված։

Խոսքը այսպես ասած՝ ստվերային գումարների մասին է, որոնք ուղևորները վճարում են, բայց ինչ-ինչ հանգամանքներում կորչում են, մուտք չեն լինում բյուջե։

Այդ մասին մեկ անգամ չէ, որ քաղաքային իշխանությունն ամենաբարձր մակարդակով հայտնել է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ 2024 թվականի մայիսի 23-ին էր հայտնել, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն օրական 4-4․5 միլիոն դրամ չի մուտքագրել բյուջե։

Արդեն նոյեմբերին, երբ քաղաքային իշխանությունը վարորդներին արգելեց կանխիկ գումար վերցնել, և ուղևորներին պարտադրեց վճարումները կատարել բացառապես 100 դրամանոց մետաղադրամոներով կամ QR կոդերի միջոցով, հավաքագրված գումարը մի քանի միլիոնով ավելացավ։

«Նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ, որից 57 802 200 ՀՀ դրամը էլեկտրոնային վճարումներով։
Հավելեմ որ, նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել է 188 474 600 ՀՀ դրամ»,- գրել էր քաղաքապետիմամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նշենք, որ մամուլում ամիսներ առաջ տեղեկություն էր շրջանառվել, որ Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկի դեմ վարույթ է հարուցվել՝ աննախադեպ մեծ ծավալի չարաշահումների փաստով՝ մոտ 1 միլիարդ դրամի։ Ըստ լրատվամիջոցի՝ իշխանությունները փորձում են կոծկել գործը։

«Խոսքը Հովհաննես Մանուկյանի ղեկավարած ոլորտի մասին է, ով 2022 թ․ փետրվարից 1 տարի զբաղեցրել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնը, ապա նշանակվել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն, ում շաբաթներ առաջ պաշտոնանկ արեցին։ Քրեական վարույթը վերաբերում է աղբահանության ոլորտին։

Դեռ 2 ամիս առաջ քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է արել աղբահանության ՀՈԱԿ-ում եւ հայտնաբերել լուրջ թերացումներ։ Վերահսկողականի պետն այդ բացահայտումների մասին զեկուցել է Տիգրան Ավինյանին՝ գործակարգավարականի ժամանակ, եւ դրանից հետո Մանուկյանն ազատվել է «Երեւանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնից։
Մեր աղբյուրի պատմելով՝ Մանուկյանն Ավինյանի մտերիմներից է, ընտրություններին «վիզ է դրել» նրա համար, սակայն այս չարաշահումների մասին սկսել են խոսել, եւ, առհասարակ՝ քաղաքապետարանը դարձել է կոռուպցիոն ամենամեծ ռիսկեր պարունակող հիմնարկը, եւ Ավինյանը որոշել է մեկին զոհաբերել՝ պայքարի իմիտացիա անելով»,- այս տարի հունիսին գրել էր Հրապարակը։

Oragir.News-ի հետ զրույցում Մանուկյանը պնդել էր, որ իր ղեկավարման տարիներին փողերի լվացում չի եղել, ավելին, նշել էր, որ տեղյակ չէ իր դեմ նախաձեռնված վարույթից։

Oragir.News-ը կապ հաստատեց Գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք միլիոնների հասնող կորած գումարների վերաբերյալ գործեր հարուցվե՞լ են թե՞ ոչ, սակայն, գերատեսչությունից գրավոր հարցում պահանջեցին։

Փաստ այն է, որ մինչ օրս նման քրեական գործեր հարուցելու մասին որևէ խոսք չի եղել։ Ավելին՝ Տիգրան Ավինյանը ևս չի հայտարարել, որ դիմել է իրավապահներին՝ գողություն կատարած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Այս ամենը մտահոգությունների տեղիք է տալիս և տպավորություն է ստեղծվում, որ Ավինյանը հանցակից է այդ ամենին։

Հաշվի առնելով, որ Տիգրան Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ում ևս մեծգումարներ փոշիացան, բայց պատասխանատվության ենթարկվածներ չկան, չի բացառվում, որ այս պարագայում ևս պատասխանատվության ենթարկվողներ չեն լինի։

Գլխավոր դատախազությանն ուղղված գրավոր հարցման պատասխանը լինելուն պես այն կհրապարակենք։

Ամենից շատ դիտված