«Հայ հասարակության համար նորություն չէ, թե ինչպիսի դիրքորոշում ունեն այս իշխանությունները։ Պարզ է, որ այս իշխանությունները բացարձակ ռուսամետ իշխանություններ են։ Հասարակության տարբեր կենտրոններից և մասնավորապես ռուսական ուժային կենտրոններից սնուցում են ժողովրդին, թե իբր հակառուսական իշխանություններ են, բայց իրենց բոլոր քայլերով մարդիկ ապացուցում են, թե ինչպիսի ռուսական կողմնորոշում ունեն»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Շանթ» դաշինք կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը։
Խոսելով ՄԱԿ-ում ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի կողմից Գարեգին Նժդեհի ֆաշիստ լինելու հետ համաձայնվելու մասին, Հարությունյանը համոզմունք հայտնեց` սա ռուս-թուրք-ադրբեջանական պահանջով է։
«Տգետներ են դրանք, ոչ միայն սրիկաներ, այլև` տգետներ։ Քաղաքական դաշտը շատ է տեսել սրիկաների, բայց ինչ-որ տեղ կրթված սրիկաներն էին։ Սրանք անգամ տարրական գիտելիք չունեն։
Նժդեհին ֆաշիստ համարել-չհամարելը այսպիսի ցուցիչ չհամարենք։ Այո, հերթական անգամ իրենք սպասարկում են ռուսական առաջ քաշած գաղափարական առաջնահերթությունները, բայց նաև պետք է փաստենք այս իշխանություններն ինչպիսի քաղաքականություն են վարում ազգային հարցերի շուրջ և մասնավորապես Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որովհետև մենք այսօր գիտենք ինչպիսի քարոզարշավ են իրականացնում Ադրբեջանը և Թուրքիան Նժդեհի դեմ։ Այս իշխանությունները սպասարկելով այդ օրակարգը, հերթական անգամ ապացուցում են իրենց ազգակործան, պատուհաս լինելը, իրենց դավաճանական քաղաքականությունը շարունակում են բոլոր հնարավոր տեղերում»,- ասաց նա։
Հարությունյանը շեշտում է` իր համար զարմանալի չէ, որ այս իշխանությունը հակաքարոզչություն է իրականացնում Գարեգին Նժդեհի դեմ։
«Այսպես ի ցույց է դրվում այս իշխանությունների ամբողջ պերճանքն ու թշվառանքը։ Ես չեմ զարմանում, որ Հայաստանը նման ծանր աղետների առաջ կանգնեցրած իշխանությունը պետք է ինչ-որ մի ժամանակ սկսեր Նժդեհի դեմ պայքարը։
Այս իշխանություններն ուղղակի կործանում են Հայաստանը, բնականաբար երկիրը իր ժողովրդով, ազգով, գիտակցությամբ հնարավոր կլինի, երբ մարդու ուղեղի և գիտակցության միջից կջնջես իր պատմական անցյալը, իր ծագումնաբանությունը, թե որտեղից է եկել, որտեղից է սերվում, ով է ինքը, ինչպիսի տարածքում է ապրում և այդ տարածքն ինչպես է կոչվում»,- մանրամասնեց նա։
Հարությունյանի դիտարկմամբ`ազգը, հայրենիքը կարող է գոյատևել բացառապես ազգային դիմագծեր ունենալու դեպքում։
«Երբ մարդու վրայից հանում ես ազգային դիմագծերը, արդեն շատ հանգիստ իրեն կարող ես քշել երկրից, կարող ես գցել թուրքական, ռուսական, ամերիկյան, իսպանական, ցանկացած իշխանության ներքո»,- նշեց նա, հավելով, որ այս իշխանությունները մեր միջից ջնջում են ազգային պատկանելիությունը։
Դիտարկմանը` արդյոք Նժդեհին ֆաշիստ համարելը կամ նրա կյանքի, գործունեության մասին բավականաչափ չխոսելը, կարող է լինել Ադրբեջանի պայմաններից մեկը «խաղաղության պայմանագրի» ստորագրումից առաջ, Հարությունյանը նկատեց.
Ժողովուրդը հիմա ունի խաղաղության կարիք, հասկանում ենք, թե ինչպիսի խնդիրներ ունի մեր պետությունը, այդ ամենը հասկանում են բոլորը և խաղալով ժողովրդի խաղաղությանը ձգտող հույզերի հետ, ցանկանում են հասնել հայ ազգի գիտակցական բնաջնջմանը, թե հետո խաղաղության պայմաններում մեզ կոչնչացնեն, թե ոչ խաղաղ պայմաններում սա արդեն հարցի մյուս կողմն է։ Խնդիրը ամբողջությամբ մեզ բնաջնջելն է, ինչն այս իշխանությունները շատ լավ իրականացնում են»,- եզրափակեց նա։