ՔՊ-ական իշխանությունը Արևմուտքի հետ խաղերում նոր մակարդակի է հասել։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի վերջերս կայացած հանդիպումը, որը Օսթինն անվանեց «պատմական», կարևոր էջ կարող է բացել Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերությունների համար: Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ ՀՀ-ն այս հանդիումից, և ի՞նչ պիտի վճարի ամերիկյան ռազմական աջակցություն ստանալու դիմաց։
Օսթինի հայտարարությունը, որ «Հայաստանն իր ձեռքը մեկնել է Միացյալ Նահանգներին», աննախադեպ է։ Ժողովրդի լեզվով ասած՝ Պապիկյանն ասել է «Օսթին քեռի, կպաշտպանե՞ս մեզ»։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմից առաջ ԱՄՆ-ի մեկնած աջակցության ձեռքը մնաց օդում։ Հայաստանը իրական ագրեսիայի վտանգի առաջ էր, բայց մերժեց ամերիկյան աջակությունը։ Իսկ հիմա ՀՀ-ն է ձեռք մեկնում։ Սա հույս է ներշնչում, որ հավանական ագրեսիայի պարագայում ՀՀ-ն կարող է դիմակայել չբարեկամներին։
Այս համատեքստում Օսթինի խոսքերը՝ ինքնիշխան և բարգավաճ Հայաստանը պաշտպանելու վերաբերյալ, հստակ ազդակ են, որ ԱՄՆ-ն պատրաստ է խորացնել իր ներգրավվածությունը՝ անկախ նրանից, թե դա ինչ արձագանք կստանա Մոսկվայից և ինչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Միջազգային վերլուծաբանները տարեսկզբին կանխատեսում էին, որ 2024 թվականի վերջում Ադրբեջանը կարող է կրկին ագրեսիա սանձազերծել Հայաստանի նկատմամբ, մասնավորապես՝ Սյունիքի ուղղությամբ: Նույնիսկ ՀՀ ԱԳՆ-ն էր կանխատեսել, որ COP 29-ից հետո ագրեսիայի վտանգ կա։ Այս իրավիճակում Պապիկյանի այցը ԱՄՆ կարևոր քայլ է Հայաստանի անվտանգության համակարգի համար՝ հստակ ազդակ ուղարկելով, որ Հայաստանը չի պատրաստվում մենակ մնալ: Այս այցը ցույց է տալիս Երևանի ձգտումը՝ գտնել նոր դաշնակիցներ և աջակցություն, ինչը, փաստացի, կարող է վախեցնել ռուս-թուրք-ադրբեջանցի չբարեկամներին և զսպել նոր ագրեսիայի հնարավորությունը:
Գործակցությունը կարող է արդյունավետ լինել, եթե հստակ լինեն կողմերի ակնկալիքները։ ՀՀ ակնկալիքները ԱՄՆ-ից, ենթադրաբար, եռաշերտ են։ Առաջին հերթին՝ ռազմական աջակցություն՝ սպառազինության մատակարարման, կրթական ծրագրերի ընդլայնման միջոցով։ Երկրորդ՝ քաղաքական աջակցություն՝ ինչպես տարածաշրջանային մակարդակով, այնպես էլ միջազգային հարթակներում։ Երրորդ՝ տնտեսական համագործակցություն, որը կնպաստի Հայաստանի տնտեսության կայունացմանն ու զարգացմանը:
ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ գործակցությունից առաջ, ենթադրաբար, ակնկալում է, որ ՀՀ-ն կատարի մի շարք կարևոր քայլեր: ՀՀ-ն նախ պետք է ապացուցի, որ ՀՀ պաշտպանական, անվտանգային համակարգը ամերիկյան տրամադրած ռեսուրսները արդյունավետ և թափանցիկ է կիրառելու։ Պարզ ասած՝ չի տալու ռուսներին։ Սրանից զատ ԱՄՆ-ի համար կարևոր է համագործակցել այն գործընկերների հետ, որոնք ժողովրդավարական արժեքներով են առաջնորդվում, ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն են նհամարում։ Հետևաբար՝ ՀՀ-ն պիտի շարունակի բարեփոխումները։ Եվ վերջապես՝ ՀՀ-ն պիտի հստակեցնի իր արտաքին անվտանգային քաղաքական հայեցակարգերը, որոնք ներկայում չեն արտացոլում իրականությունը։ Եվ աշխարհի համար պարզ չէ՝ ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի՞ է, թե՞ ձգտում է անկախության ու ժողովրդավարության։ Այս կասկածները կցրվեն, եթե ՀՀ-ից դուրս հրավիրվեն ռուսական զորքերը։
Պարզ ասած՝ Պապիկյան-Օսթին հանդիպումը ՀՀ արտաքին քաղաքականության բազմազանացման (դիվերսիֆիկացման) և անվտանգության նոր ուղիների որոնման կարևոր դրսևորումն է: Այն հույս է ներշնչում, որ ԱՄՆ-ն պատրաստ է լինել ՀՀ-ի կողքին, եթե վերջինս կարողանա ապացուցել իր հուսալիությունը և վճռականությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը։ Այն նաև կարող են օգնել կանխելու ՀՀ-ի դեմ հյուսվող հնարավոր ագրեսիան։
Այս լավատեսության կողքին կա նաև հոռետեսական հիմնավոր կասկած, որ վճռական պահին Նիկոլ Փաշինյանը կրկին հետ է շրջվելու դեպի Մոսկվա ու գործելու է պետության և ժողովրդի դեմ, ինչպես գործում էր 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, պատերազմից հետո, պարտություններ, աղետներ ու կորուստներ պատճառելով երկրին ու մարդկանց։
Թաթուլ Մկրտչյան