Ներքին 1 տարի առաջ - 20:43 04-12-2024

Արամ Ա Վեհափառի հովանավորությամբ նյութական աջակցություն բաշխվեց բոլոր հալեպահայ ընտանիքներին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Վեհափառի հովանավորությամբ նյութական աջակցություն բաշխվեց բոլոր հալեպահայ ընտանիքներին: Հայտնում է Գանձասար շաբաթաթերթը:

«Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի Դիւանին 3 Դեկտեմբեր 2024 թուականը կրող յայտարարութեան լոյսին տակ, Չորեքշաբթի, 4 Դեկտեմբեր 2024-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հայրախնամ հովանաւորութեամբ եւ տնօրինութեամբ, Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Վարչութիւնը, Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Արք. Աշգարեանի գլխաւորութեամբ, ընթացք տուաւ հալէպահայ բոլոր ընտանիքներուն նիւթական օժանդակութեան բաշխումին, առանց յարանուանական խտրութեան, Ս. Աստուածածին եկեղեցւոյ ներքնասրահէն ներս։

Սրբազան Հայրը բաշխումին ներկայ գտնուելով աղօթք բարձրացուց առ Աստուած, խրախուսեց, գօտեպնդեց եւ մխիթարեց ժողովուրդի զաւակները, թելադրելով, որ չվախնան, խուճապի չմատնուին, այլ աղօթեն եւ ապագայի նկատմամբ բարձր տրամադրութեամբ դրսեւորեն իրենց ընթացքը, միշտ յուսալով, որ Աստուած մեր կողքին է եւ մեզի չի լքեր, լաւ պիտի ըլլայ ընթացքը, պարզապէս համբերութեամբ պէտք է սպասել։

Այս ուղղութեամբ, Սրբազան Հայրը Վեհափառ Հայրապետին օրհնութիւնները փոխանցեց ժողովուրդին, յիշեցնելով, որ Վեհափառ Հայրապետը մնայուն կերպով մեր կողքին է եւ ամէն ճիգ ու ջանք ի գործ պիտի դնէ օգտակար դառնալու հալէպահայութեան եւ մեր սիրեցեալ զաւակներուն։

Սրբազան Հայրը խրախուսիչ խօսքերով եւ հայրական օրհնութիւններով առաւել տոկունութիւն, համբերութիւն, ոյժ եւ կորով մաղթեց ժողովուրդի զաւակներուն, որպէսզի զօրաւոր կամքով դիմագրաւեն դժուարութիւնները եւ յաղթական դուրս գալով շարունակեն երթը՝ համագործակցութեան ոգիով զիրար քաջալերելով, ժխտական տրամադրութիւնը մէկ կողմ դնելով եւ միշտ դրական ըլլալով, միշտ ապաւինելով եւ հաւատալով Հօր Աստուծոյ, որ մեր քայլերը կ՚առաջնորդէ դէպի բարին եւ կատարեալը։

Յիշենք, որ բաշխումի աշխատանքը պիտի շարունակուի յառաջիկայ օրերուն, յաջորդականութեամբ եւ կազմակերպուած դրութեամբ, որպէսզի հալէպահայ բոլոր ընտանիքները ստանան իրենց տրամադրուած նիւթաբարոյական օժանդակութիւնը»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը