Ներքին 1 տարի առաջ - 09:14 01-12-2024

Հալեպում ՀՀ հյուպատոսն առանց համայնքին տեղյակ պահելու վերադարձել է Հայաստան․ ով է պատասխան տալու

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2006 թ. գարնանը հրավիրվել էի Սիրիա։ Մի շարք դասախոսություններով հանդես եկա Հալեպում, Դամասկոսում, Ղամիշլիում և Քեսաբում։ Հիմնական ասելիքս հայրենադարձության՝ Հայաստան կազմակերպված կերպով ներգաղթելու մասին էր։ Պատճառաբանում էի նրանով, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում կանխատեսելի ապագայում չի կարգավորվելու և՛ իսլամիստների ակտիվացման, և՛ Թուրքիայի ու Իսրայելի քայքայիչ գործողությունների պատճառով։ Հայերի մեծ մասն անպատրաստ էր լսել և ընկալել ասածս։ Ապրելով Սիրիայում՝ մարդիկ շատ վատ էին պատկերացնում հասունացող վտանգները, քանի որ, վերջին հաշվով, միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի մասնագետ չէին։ Առհասարակ, հայերի մեծ մասը ուշադրությամբ լսում է միայն մեծահարուստներին կամ իշխանավորներին, որոնք նույնպես այդ հարցերի մասնագետ չեն։ Ճիշտ է, մի փոքր շփոթված ու զարմացած էին իմ խոսքից, բայց դա բավարար չէր. վերջին հաշվով մի ինչ-որ երիտասարդ գիտնական, որը ոչ պաշտոն ունի, ոչ էլ շատ փող, Երևանից եկել, Մերձավոր Արևելքի մասին իրենց դասեր է տալիս։

Ամենակարևորն այն էր, որ համայնքի ղեկավարությունը դեմ էր հայրենադարձության ծրագրին։ Եկեղեցին նույնպես դեմ էր։ Երկուսն էլ հասկանալի պատճառներով, որովհետև կկորցնեին իրենց սոցիալական հենարանը, դիրքն ու կշիռը։ Այ, եթե նույն բանն ասեր Հայաստանի պետության պաշտոնական ներկայացուցիչը, օրինակ, դեսպանը կամ Երևանից ժամանած բարձրաստիճան մեկը՝ այդ դեպքում շատ ավելի ուշադիր կլինեին։ Բայց, ցավոք, Հայաստանի պետությունը լուռ էր։

Վերադարձա Երևան ու մի քանի ելույթ էլ՝ Սիրիայից ու Լիբանանից հայերի ներգաղթը կազմակերպելու անհրաժեշտության մասին այստեղ ունեցա, այդ թվում՝ մեկ հարցազրույց-հոդված «Գոլոս Արմենիի»-ում Արիս Ղազինյանի հետ, մեկ հարցազրույց Լիլիթ Ավագյանի հետ, մեկ հարցազրույց Հասմիկ Գուլակյանի հետ և այլն։ Առիթ եղավ նույն մտահոգություններս հայտնելու նաև անձամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ Նա խնդիրն ընկալեց և մի ելույթում հպանցիկ ասաց, որ Հայաստանում մեր հայրենակիցներին սիրով կընդունեն։ Այդ կեսբերան արտահայտությունը բավական եղավ, որպեսզի Անթիլիասի Արամ Ա կաթողիկոսը 2006 թ. հուլիսին (եթե հիշողությունս չի դավաճանում, կարծեմ, հուլիսի 8-ին) հանդես գա Բեյրութի «Զարթոնք» թերթում անհավատալի հորդորով, ըստ որի՝ Հայաստան ներգաղթելու կոչերը, մեջբերում եմ, «վտանգավոր են և վնասակար»։

Սիրիահայերի ներգաղթի դեմ հանդես էր գալիս նաև ՀՅԴ-ն, ներառյալ նրա երևանյան կազմակերպությունը ու հատկապես Հայ Դատի գրասենյակը։

2011 թվականին, երբ Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, դարձյալ մի շարք ելույթներ ունեցա նույն ահազանգ-կոչով՝ կազմակերպել սիրիահայերի հայրենադարձությունը քանի դեռ ուշ չէ։ Հիշում եմ գոնե իմ առաջին ու վերջին հարցազրույցը «Սիվիլնեթում»՝ Դերենիկ Մալխասյանի հետ։ Եվ նորի հայտնվեցին նույն ընդդիմադիրները, ովքեր «փաստարկում» ու «հիմնավորում» էին, թե հայությունը պետք է մնա Սիրիայում։

Ինչևիցե, երեկ Հալեպում ՀՀ հյուպատոսն առանց համայնքին տեղյակ պահելու հայ խաղաղապահական առաքելության անդամ սակրավորների և բժիշկների հետ միասին վերադարձել է Հայաստան։ Հալեպի մեծ մասն անցել է Թուրքիայի դրածո ահաբեկչական ուժերին՝ նրանց, ովքեր 2020-ին կռվում էին Արցախում։ Հալեպի հայերը, ըստ որոշ տեղեկությունների, փակվել են իրենց տներում և չգիտեն ինչ անել... Նրանց ճակատագիրը մեծ վտանգի տակ է...

Ո՞վ է պատասխան տալու սիրիահայության ներկա ծանրագույն վիճակի համար։ Թե՞ դարձյալ մեղավորներ չպետք է փնտրել։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան