Արտաքին 1 տարի առաջ - 17:01 21-11-2024

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերի մասին բանաձև է ընդունել

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել, որտեղ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, բանաձևով Պատգմավորների պալատն Ադրբեջանից նաև պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց։

Բանաձևում նշվում է. «Պատգամավորների պալատը հաշվի առնելով՝

- Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից 2024թ․ հունվարի 24-ին ընդունված 2527 բանաձևը՝ ընդգծելով այդ լիազորությունների օրինականության և համապատասխանության վերաբերյալ բարձրացված մտահոգությունները,

-Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից 2024թ․ օգոստոսի 26-ին ընդունված որոշումը՝ ԵԽԽՎ 76 պատգամավորներին, ներառյալ լյուքսեմբուրգցի պատգամավորներ Օկտավի Մոդերին և Իվ Կրուխտենին, հայտարարել որպես անցանկալի անձ «persona non grata»,

- Լյուքսեմբուրգի և Եվրոպայի Խորհրդի 13 անդամ պետությունների համատեղ խիստ դատապարտումը՝ ուղղված ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորների նկատմամբ կիրառվող այդ միջոցառմանը և դրա չեղարկման վերաբերյալ հստակ կոչին,

- ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացությունները, որոնք նշում են, որ 2024թ․ փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակ և քննադատական ձայների ճնշման միջավայրում՝ առանց էական քաղաքական այլընտրանքների,

- Եվրոպական խորհրդարանի 2024թ․ հոկտեմբերի 24-ի բանաձևը, որը մատնանշում է Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության, ակտիվիստների, քաղաքական ընդդիմադիրների և անկախ լրատվամիջոցների դեմ ճնշումների ուժեղացումը՝ ստեղծելով վախի մթնոլորտ,

- Amnesty International-ի և Human Rights Watch-ի զեկույցները, ըստ որոնց, մոտ 300 մարդ ներկայումս անօրինական կերպով բանտարկված է Ադրբեջանում՝ քաղաքական պատճառներով,

Հիշեցնում է

- նախկինում ընդունված բանաձևերը Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ,

- բաց երկխոսության կարևորությունը քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների հետ՝ նրանց գործունեության ազատությունն ապահովելու նպատակով,

դատապարտում է

- Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության դեմ,- քաղաքացիական հասարակության, լրագրողների և այլ քննադատների դեմ ուղղված կամայական բանտարկությունները,

պահանջում է

-անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց,

- վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների ազատ տեղաշարժը,

հանձնարարում է

- Պատգամավորների պալատի նախագահին այս տեքստը պաշտոնապես փոխանցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին՝ որպես խորհրդարանական երկխոսության և դիվանագիտության հանձնառության նշան,

- Լյուքսեմբուրգի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ներկայացնել արտակարգ քննարկման առաջարկ՝ 2024 թվականի նոյեմբերի 28-29-ին կայանալիք նիստում,

- Լյուքսեմբուրգի պատգամավորներին օգտագործել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավորությունները՝ աջակցելու անկախ քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների իրավունքին,

վերստին հաստատում է

- իր հանձնառությունը պաշտպանելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները՝ դրանք դնելով Ադրբեջանի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների կենտրոնում:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի