Հունվարի 1-ից քաղաքապետարանը
թանկացնելու է տրանսպորտի ուղեվարձը։ Տրանսպորտի բոլոր միջոցներից օգտվելու համար քաղաքապետարանը հետևյալ տարբերակներն է առաջարկում՝ 900 դրամ կարժենա 1 օրվա տոմսը, 5 հազար դրամ՝ 7 օրվա փաթեթը, 9000 դրամ՝ 30 օրվա փաթեթը, 24 հազար՝ 90 օրվա փաթեթը, 1 տարվանը՝ 90 հազար դրամ։
Միասնական տոմսային համակարգ կա աշխարհի շատ քաղաքներում։ Փորձագետները համեմատելով գները, փաստում են, որ Երևանում գները համեմատաբար բարձր են, քան օրինակ՝ Մոսկվայում կամ Պրահայում։ Քաղաքներ կան, որտեղ հասարակական տրանսպորտը դեռ անվճար է։ Փոխարենը բարձր են ավտոկայանատեղիների գները և մի շարք այլ հարկեր, որոնց հաշվին կոմպենսացվում են տրանսպորտային ծախսերը։ Երևանի ավագանու որոշման մեջ սահմանված չեն նաև ուսանողների և սոցիալական խոցելի խմբերի արտոնությունները։ Այսպիսի անուշադրություն չկա աշխարհի ոչ մի քաղաքում։
Կա նաև ընդգծված որակական տարբերություն, որը բարոյականության դաշտում է։ Ի տարբերություն մյուս քաղաքների, Երևանի իշխանությունները քաղաքացուն, մարդուն չեն վստահում։ Կարծում են, թե քաղաքացին կամ հյուրը Երևանի իշխանություններին կխաբի, էշի տեղ կդնի, չի վճարի ու անվճար կերթևեկի քաղաքային տրանսպորտով։ Այսինքն՝ հերիք չի՝ քերում են քաղաքացու հացի փողը, մի բան էլ կասկածում են նրա ազնվությանը։
Քաղաքապետարանը միասնական տոմսային համակարգը նախատեսում էր ներդնել սեպտեմբերի 1-ին։ Սակայն այն հետաձգեց, և այն ուժի մեջ է մտնելու 2025-ի հունվարի 1-ից։ Տարբեր կարծիքներ էին շրջանառվում, թե ինչու հետաձգվեց տրանսպորտի թանկացումը։ Ոմանք ասում էին, թե իշխանությունները վախենում են բողոքի ցույցերից, ինչպես տարների առաջ, Տարոն Մարգարյանի օրոք, երբ 100 դրամն ուզում էին դարձնել 150։ Ներկայիս թանկացմամբ՝ ուղեվարձը դառնալու է մոտ 245 դրամ։ Հետևաբար՝ հնարավոր էր համարվում, որ մարդիկ նույն կերպ դուրս կգան փողոց ու կբողոքեն թանկացման դեմ։ Ոմանք լավատեսորեն կարծում էին, թե իշխանություններն ուզում են լավարկել նախագիծը, արտոնություններ սահմանել ուսանողների, թոշակառուների, սոցիալական խոցելի խմբերի համար, որ մեղմեն բողոքի ալիքն ու ընտանիքների սոցիալական բեռը։
Սակայն դիտելով, թե ինչ են ավելացրել նախագծում, պարզվում է, որ այս ընթացքում իշխանություններին չէր հետաքրքրում լավարկելն ու խոցելի խմբերի համար արտոնություններ սահմանելը։ Նրանք մտածում էին մի բանի մասին, թե ինչպես անել, որ ուղևորը չկարողանա օգտվել տրանսպորտից՝ առանց վճարելու։ Պատկերավոր ասած՝ նրանց մտահոգում էր, որ մարդն իշխանություններին էշի տեղ չդնի։ Այս պնդման համար հիմք է ծառայում այն, որ նախորդ տեքստի հետ համեմատ՝ առաջարկներում փակագծերի մեջ ավելացված է մեկ տող՝ «յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով»։ Այս ավելացված տողը ցույց է տալիս, որ թանկացման հեղինակները ուղևորի ազնվությանը կասկածում են։
Սա ագահության վերջին աստիճան է։ Ագահ վարչարարը ոչ միայն հաշվի չի առնում մարդկանց վճարունակությունը, նրանց պատճառած սոցիալական դժվարությունները, այլև կասկածում է մարդու ազնվության վրա։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունները ժողովրդին ստախոս, գցող, խաբող, անազնիվ սրիկայի տեղ են դնում, որը ոչ թե բողոքի ցույցեր կանի անարդար թանկացումների դեմ, այլ կգտնի սողանցք և չի վճարի ուղեվարձը, կամ մեկ տոմսով կվճարի նաև իր երեխայի, կնոջ կամ հարևանի աղջկա փոխարեն։
Իսկ ինչո՞ւ են ՔՊ-ական իշխանությունները կասկածում քաղաքային տրանսպորտից օգտվող քաղաքացիների և հյուրերի ազնվությանը, ինչո՞ւ են վախենում, որ մարդիկ Երևանի իշխանություններին էշի տեղ կդնեն ու կգցեն։ Այս հարցին սպառիչ ու միանշանակ պատասխան չկա։ Ոմանք կարծում են, թե իշխանությունները մարդասիրական խիզախություն չունեն, պարզապես չեն սիրում ժողովրդին։ Ոմանք կարծիք են հայտնում, թե դիմացինի ազնվությանը կասկածում է անազնիվ սրիկան, որն իրեն երևակայորեն նույնացնում է դիմացինի հետ։ Ավելի փորձառու հոգեբաններն էլ կարծում են, թե սա բարդույթ է, որով տառապողը ամեն հարցում կասկածում է, թե բոլորն ուզում են իրեն էշի դնել՝ խաբել, գցել։
Այս առումով՝ հանրության վերաբերմունքը տրանսպորտի թանկացմանը յուրատեսակ ցուցիչ է։ Ժողովուրդը հերթակա անգամ հնարավորություն ունի ցույց տալու աշխարհին, որ հայերն անազնիվ, խաբող, գցող սրիկաներ չեն, ինչպես թյուրիմացաբար կարծում են ոմանք։ Այս հարցում մեծ դեր ունի քաղաքացիական հասարակությունը, որը կարող է կանգնել հասարակության կողքին, մինչև իշխանությունները արտոնություններ կսահմանեն խոցելի խմբերի համար, առաքինության օրինակ կծառայեն ժողովրդին ու շեշտ կդնեն մարդասիրական խիզախության վրա։
Թաթուլ Մկրտչյան