Ներքին 1 տարի առաջ - 18:42 25-10-2024

Քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի Ֆերլիե-Բուային և Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոն:

Հանդիպմանը քննարկվել են անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղում գտնվող հայրական տունն արվեստագետների կեցավայրի և ցուցահանդեսային տարածքի վերածման նախագծին առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրերին՝ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ Մինաս Ավետիսյանի տան վերակառուցման ծրագիրը ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է: Նախարարի տեղակալն այն կարևորել է նաև Շիրակի մարզում մշակութային կյանքի ակտիվացման և զբոսաշրջության զարգացման համատեքստում:

Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանը ներկայացրել է ծրագրի զարգացման ընթացքը: Հայաստան կատարած այցի շրջանակում Ֆրանսիայի թանգարանային ոլորտի ներկայացուցիչները երկու օր անցկացրել են Գյումրիում և Ջաջուռում, հանդիպել են նաև Մինաս Ավետիսյանի որդիների հետ՝ քննարկելու ծրագրի կենսունակությունը և իրագործման տեսլականը։

Ալֆրեդ Քոչարյանը, անդրադառնալով մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամի գործունեությունը` ընդգծելով, որ նորաստեղծ կառույցը մշակութային ծրագրերի իրագործման կազմակերպական աշխատանքներ է իրականացնում:

Նրա տեղեկացմամբ՝ հիմնադրամի նպատակներից է նաև օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը, աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը:

Ջաջուռում Մինաս Ավետիսյանի նոր ցուցասրահի ստեղծման նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն նաև «Մշակույթի զարգացման» հիմնադրամից և Հայաստանի ազգային պատկերասրահից ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը