Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ՍԴ-ում Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելուց հետո այսօր վավերացվեց նաև Ազգային ժողովում՝ ընդամենը կես ժամում։ Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները, բոյկոտեցին նիստը, սակայն դա որևէ ազդեցություն չունեցավ, քանի որ ՔՊ-ն կանոնակարգը վավերցնելու համար ունի բավարար թվով մադատներ։
Փորձագետների և վերլուծաբանների մի զգալի համոզմամբ՝ ընդդիմությունը ստեղծված իրավիճակի վրա կարող էր ազդել միայն իր մանդատները վայր դնելու և խորհրդարանն ապալեգիտիմացնելու ճանապարհով, ինչը, սակայն, տեղի չունեցավ։
Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը համոզմունք հայնտեց, որ իշխանությունն ու ընդդիմությունը օգնեցին իրար, իսկ խորհրդարանական ընդդիմությունն իր քայլով Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր լցրեց։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի նիստին չմասնակցնելն իրականում խայտառակ որոշում էր։
«Ես հասկանում եմ, թե ընդդիմության քայլերն ուր են տանում, բայց մի ընդդիմություն, որն այս պահին իր մանդատները վայր չի դնում, իր ունեցած իրավաքաղաքական գործիքակազմը չի օգտագործվում, այդ ընդդիմությունից ինչ-որ բան սպասելն այլևս տեղին չէ։ Այնպես որ՝ չեմ զարմանում այս քայլից, իսկ մնացածը, թե ինչ բառամթերքով ու ինչպիսի բացատրություններ են տալիս, դրանք այլևս էական չեն, որովհետև փաստը մնում է փաստ․ իրենք իշխանության գործը մի բան էլ հեշտացնում են, քանի որ այսպես թե, այնպես այդ կանոնակարգը վավերացվել է»,- ասաց Կարապետյանը՝ կիսելով այն տեսակետները, որ ընդդիմությունն իր այս քայլով պատասխանատվություն է ստանձնում հետագա բոլոր հետևանքների համար։
Դավիթ Կարապետյանի համոզմամբ՝ ընդդիմության խնդիրն ավելի շատ իր ունեցած մանդատները ևս մեկուսկես տարի պահպանելն է։
«Ես ուրիշ խնդիր այս դեպքում չեմ տեսնում։ Եթե իրենք հայտարարում են, որ կանոնակարգի վավերացումը հակասահմանադրական գործընթաց է, ապա ԱԺ-ում լավ հնարավորություն էր ընձեռնվել, որ նորմալ արտահայտվեին, այլ ոչ թե բոյկոտեին։ Իրենք շատ լավ հասկանում են, որ եթե անգամ չմասնակցեն, այնտեղ մեծամասնության ձայներով կանոնակարգը հաստատվելու է և վերջ։ Այս պարագայում պետք է գոնե մասնակցեին ու ավելի լուրջ հարցադրումներ տային, այն, ինչը իրենք իրենց մեդիաներին ու լրատվականներին են ասում, թող բարի լինեին այդ նույնն ուղղեին գործող իշխանություններին, սպասեին հստակ պատասխանի։
Ինձ չանհանգստացնողն այն է՝ մեր հարևան երկիրն առհասարակ ընդունելո՞ւ է այս կանոնակարգը, թե՞ ոչ, Միլլի մեջլիսում այս մասին դեռևս խոսույթ չի պտտվում, որ այն քննարկման է դրվելու, և եթե այնպես ստացվի, որ այնտեղ ոչինչ չանեն, իրավական ոչ մի քայլ չանեն, այստեղ ԱԺ-ի կողմից կանոնակարգի վավերացում կլինի ոչնչի մասին։ Եթե չեմ սխալվում այս մասին ակնարկեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- շեշտեց նա։
Քաղաքական վերլուծաբանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ընդդիմության կողմից մանդատները ողջ կազմով վայր դնելու դեպքում Ազգային ժողովը կդառնա ապալեգիտիմ, նրա կողմից ընդունված օրենքներն ու որոշումները՝ անօրինական։ Ըստ նրա՝ երկրորդական է, թե աշխարհն ինչպես կարձագանքի այդ իրավիճակին, դրա վրա աչք կփակի՞, թե՞ ոչ, այս պահին կարևորն այն է, որ ընդդիմությունը վայր դնի իր մանդատները, ինչը վերջինս չի անում․
«Այս պահին իրավաքաղաքական մի գործիք կա․ եթե իրենք մանդատները վայր են դնում, Ազգային ժողովը դառնում է ապալեգիտիմ, ինքը դառնում է ցրման ենթակա ԱԺ։ Դրանից հետո հաջորդ պրոցեսը նոր ընտրությունների անցկացումն է և ողջ պետական ապարատի փոփոխությունը։ Հիմա իրենք այս գործիքը չեն կիրառում, որովհետև 1 թելով թելված են, ուրիշ պատճառ չկա։ Ինչ ասեմ, թող մանդատները դնեն ծոցները, քնեն։ Եթե այդ մանդատակիրությունը դարձել է խրոնիկ հիվանդություն, թող պահեն ծոցները, քնեն ու վեր կենան։ Դրանով հա՞րց են լուծելու։ Իրականում իրենք վախենում են, որ ժողովուրդը վաղը-մյուս օրը իրենց չի ընդունելու, վերարտադրվելու հնարավորություն չեն ունենալու, սա վերջին շանսն էր, որոշների համար՝ վերջին մանդատը։ Իրենք գիտեն, թե մանդատները դնելուց հետո ինչ խնդիրներ են ունենալու իրավապահների հետ, և մարդիկ մտահոգված են իրենց ապագայով, անձնական խնդիրներ ու շահեր։ Այդ ամենը կուտակվում և այլ «ատմասկայով» մեր ժողովրդին ներկայացվում է, թե դրանով հարց չի լուծվելու»։
Դավիթ Կարապետյանը հավելեց, որ խորհրդարանը ապալեգիտիմացնելու միակ ճանապարհը մանդատները վայր դնելն է, ինչից ընդդիմությունը չի օգտվում։
Դավիթ Գույումջյան