Ցորենը ռազմավարական ապրանք է, դրա բավարար պաշարների առկայությունը ազգային և գլոբալ անվտանգային խնդիր է։ Պարենի պակասը նաև սպառնալիք է ժողովրդավարության համար, քանի որ սովի դեմ պայքարում երբեմն հարկ է լինում կիրառել ոչ ժողովրդավարական միջոցներ։ Որպես օրինաչափություն՝ սոված երկրների մեծ մասում ավտորիտար վարչակարգեր են։ Ինչքան բարձրանում է հասարակության կենսամակարդակն, այնքան մեծանում են հասարակության ժողովրդավարական պահանջները։ Պարենի խնդիրները երբեմն հանգեցնում են նաև քաղաքական ծանր որոշումների, պետությունը հացի խնդիրը լուծելու համար երբեմն ստիպված նահանջում է, ենթարկվելով հաց՝ անկախության դիմաց շանտաժի։
Պարենային խնդիրներ ունեցել է նաև Հայաստանը անկախության առաջինն տարիներին, երբ կործանվել էր ԽՍՀՄ տնտեսական համակարգը, մեր երկիրը ենթարկվել էր շրջափակման, հացի հերթ էինք կանգնում օրերով։ Այդ շրջանում են ընդունվել մի շարք ճակատագրական որոշումներ, որոնց արդյունքում ՀՀ-ն կրկին կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն դարձել է ցորենի մոնոպոլ մատակարարը։ Այս հանգամանքը շահարկելով, Մոսկվան շանտաժի է ենթարկում Հայաստանի իշխանություններին ու ժողովրդին։ Կարո՞ղ է ՀՀ-ն հաղթահարել ռուսական ցորենային շանտաժն ու կանխատեսվող սովը։
Պարզվում է՝ ՔՊ-ական իշխանությունները գիտեն այս խնդրի լուծումը, որը տագնապ է առաջացրել հանրության շրջանում։ «Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել։ Պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Մեկ պարզ օրինակ բերեմ միայն․ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի։ Ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք»,- Երևանում «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նկատենք, որ սա սովի սպառնալիքի մասին առաջին քողարկված ակնարկն է իշխանությունների կողմից։
Ուշագրավ է, որ ԱԽՔ-ը երբեք աչքի չի ընկել ՀՀ-ում ռուսական ազդեցությունը նվազեցնելուն, ՀՀ անկախությունն ամրացնելուն ուղղված առաջարկություններով և նախաձեռնություններով։ Ուստի՝ ենթադրելի է, որ ԱԽՔ-ի՝ ցորենից բրձնի անցնելու խոսքը ռուսական կախվածությունից ազատվելու մասին չէ։ Իսկ ինչի՞ մասին է այն։
Հայտնի մի պատմություն կա։ Մի անգամ թագավորին զեկուցում են, որ ժողովուրդը հաց չունի ուտելու։ Թագավորն ասում է՝ «Հաց չունեն, թող թխվածք ուտեն»։ Թագավորի ոչ համարժեք արձագանքը ցույց է տալիս նրա անտեղյակությունը կենսական նշանակության խնդրին ու դրա պատճառներին։ ԱԽՔ-ի ասածը նման արհամարհական պարզամտություն չէ։ Նրա մեջ թաքուն ակնարկ կա, որ առաջիկայում ցորեն չի մտնելու Հայաստան։ Հայերիս սննդակարգի մեծ մասը կազմում է հացը։ Եթե հաց չի լինելու, ապա լինելու է սով։ Այս է պատճառը, որ ԱԽՔ-ի՝ ցորենից բրնձի անցնելու մասին խոսքը հանրային տագնապ է առաջացրել։
Սովին դիմանալը մեծ, երբեմն՝ գերմարդկային ջանք է պահանջում։ Մեծ գաղափարը, պայքարը, նպատակը կարող են արդարացնել սովը։ 90-ականներին այդ գաղափարը դարերով երազած անկախությունն էր։ Իսկ ո՞րն է հիմա։
Ի վերջո՝ եթե ՔՊ-ական իշխանության համար, իրոք, ռուսական տնտեսական կախվածությունից ազատվելու խնդիրն առաջնային չէ, ուստի ենթադրելի է, որ ցորենից բրնձի անցնելու մասին ԱԽՔ-ի խոսքը թելադրված է Կրեմլից։ Այս երկիրը պատերազմի հետևանքով շուտով բախվելու է պարենային ճգնաժամի, և չի բացառվում, որ նրան չբավականացնի ցորենի իր պաշարները։ Ու այդ ժամանակ ռուսները ստիպված, սովին մի կերպ դիմանալու համար անցնելու են բրնձի, այն ներկրելով դաշնակից Հյուսիսային Կորեայից։ Եթե ՔՊ-ն նաև այդ ժամանակ չի փորձելու ազատվել ռուսական տնտեսական կախվածությունից, ապա ռուսները կքերեն, կտանեն Հայաստանից ամբողջ ուտելիքը, փոխարենը հյուսիսկորեական բրինձը կկերցնեն հայ ժողովրդին, ցորենի մոնոպոլ մատակարարից կդառնան բրնձի մոնոպոլիստ։ Սա չէ՞ ԱԽՔ-ի սարսափելի ակնարկի իմաստը։
Կարճ ասած՝ նույնիսկ սովի սպառնալիքը ողջատորեն չի մղում ՔՊ-ական իշխանությանը համարժեք քայլեր անելու՝ նոր շուկաներ և պարենային անվտանգության խնդիրների նոր լուծումներ գտնելու։ Առավելագույնը, որ ԱԽՔ-ի միջոցով կարողացել են ասել՝ սարսափելի ակնարկն է եկող սովի, ցորենից բրնձի անցնելու ծայրահեղ ռիսկի ու հայի բախտի հետ հարմարվողականության մասին։
Թաթուլ Մկրտչյան