Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:40 10-10-2024

Երևանում սովորելը մեծ ծախսեր է պահանջում․ դժգոհություն` մարզային բուհերը փակելու որոշման դեմ

Կառավարությունը՝ ըստ նոր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ որոշել է փակել երկու տասնյակից ավել մարզային բուհեր և մասնաճյուղեր, դրանք «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու նպատակով։

Կառավարությունը փակում է բուհերը ուսանողների թվի քիչ լինելու պատճառով՝ հաշվի չառնելով, որ մարզային բուհերում ուսանողների թիվը քիչ է, որովհետև մարզերում է բնակչության թիվը քիչ։ Հաշվի չի առնվում նաև, որ սոցիալական պայմաններից ելնելով, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ երեխայի կրթությունն ապահովել Երևանում։

Չնայած՝ «Ակադեմիական քաղաքի» մասին խոսակցություններից բացի՝ շոշափելի ոչինչ դեռ չկա, սակայն կառավարությունը հստակ քայլերով օրակարգ է բերում մարզային բուհերը փակելու թեման։

Հարց է առաջանում՝ որտե՞ղ պետք է շարունակեն իրենց կրթությունը մարզերում բնակվող, մասնավորապես՝ միջին կամ միջինից վատ ապրող երեխաները։

Oragir.News-ի հետ զրույցում Գավառի պետական համալսարանի ուսանողներից Լուսինեն նշեց, որ ինքը դեմ է եղել Երևանում սովորել։

«Քանի որ Գավառի համալսարանը մեզ ավելի մոտ է, մարզում է, որտեղ ես ապրում եմ, նույն միջավայրն ունի, որտեղ ես մեծացել եմ, ինձ համար ավելի նախընտրելի է սովորել հենց այդտեղ։ Իմ ընտանիքը ևս չէր ցանկանում, որ ես կրթությունս շարունակեմ Երևանում։ Ինձ համար էլ դա չափազանց բարդ կլիներ և՛ ֆինանսական առումով, և՛ տնից հեռու լինելու առումով։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են փակում բուհերը։ Ի՞նչ պետք է անեն մեզ նման ուսանողները, ովքեր և՛ չեն ուզում, և՛ չեն կարող Երևանում սովորել»,- ասաց նա։

Նույն համալսարանի մեկ այլ ուսանող՝ Նարինեն նշեց, որ միայն Երևան գնալու գումարով կարող է երկու օր գնալ դասի և վերադառնալ տուն։

«Ճիշտ է՝ հիմա շատ բան կենտրոնացված է Երևանում, սակայն ինձ համար և՛ հարմար է և՛ հաճելի սովորել այստեղ։ Գիտեմ, որ դասերս ավարտելուց հետո միանգամից կարող եմ մեր տուն գնալ, ոչ թե ժամեր ծախսել տուն հասնելու, ճանապարհից հոգնելու վրա։ Էլ չեմ խոսում այն մասին, եթե Երևանում սովորեի ու բնակարան վարձեի, վստահաբար՝ ի վիճակի չէինք լինի այդ բոլոր ծախսերը հոգալ։ Հիմա էլ ուզում են բուհերը փակել և ավելի հեռու տեղ տեղափոխել։ Եթե հիմա գոնե Երևան կարող ես գնալ-գալ, այդ ժամանակ ընդհանրապես անհնար կլինի»,- նշեց նա։

Oragir.News-ի հետ զրույցում ուսանողներից մեկի ծնողը՝ Ռուզաննա Հարությունյանը նշեց, որ արդեն երկրորդ ուսանողին է պահում, հոգսը թեթևացնելու փոխարեն ավելի բարդացնում են։

«Մի երեխաս արդեն ավարտել է, իրեն Երևան էինք ուղարկում, նույնիսկ վարկեր ենք վերցրել, որ կարողանանք հասցնել հոգալ ծախսերը։ Ո՛չ վարձով մնալն էր մի բան, ո՛չ էլ գնալ-գալը։ Մեծ ծախսերի հետ ա կապված, մենք էլ միլիոնատեր չէինք։ Հիմա երկրորդ երեխաս մեր մոտ է սովորում՝ ինքն իր կամքով է ցանկացել էստեղ սովորել, մենք էլ ընդունել ենք, քանի որ ամենակարևորը՝ գալիս տանն ա քնում, ոչ թե վարձով ուրիշի տանը։ Էսպես հա՛մ մենք հանգիստ ենք, հա՛մ էլ ավելի քիչ ենք ծախսում։ Էդ ամբողջ գումարը իմ էրեխու վրա կծախսեմ։ Հիմա, որ համալսարանները տանում, հասցնում են եսիմ ուր, ո՞վ կգնա կհասնի ընդեղ, թե՞ ուզում են ոչ մեկը կրթություն չստանա»։

Հարկ է նշել, որ Սևան-Գավառ տրանսպորտն արժե 200 դրամ, իսկ Սևան-Երևան տրանսպորտը՝ 700 դրամ։ Վարձակալության տրվող տների գների տարբերությունը ևս ահռելի է։ Դրա հետ մեկտեղ մարզում սովորող երեխաները կարիք չեն ունենում տուն վարձակալելու, քանի որ նրանք հեշտությամբ կարող են դասերից հետո վերադառնալ տուն։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան