Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբացմամբ հանրությանը նախապատրաստում են Հայաստանի հանձնմանը․ փաստաբան
copy image url

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբացմամբ հանրությանը նախապատրաստում են Հայաստանի հանձնմանը․ փաստաբան

Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 12:00 23-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հակակոռուպցիոն դատարանում այսօր վերսկսել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը, որին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր փաստաբանները չեն մասնակցում։ Երկրորդ նախագահի գրասենյակից այս կապակցությամբ հայտնել են, որ Քոչարյանն այսօրվա նիստին մասնակցելու վերաբերյալ ծանուցում չի ստացել ու նախքան նիստի նշանակումը մասնավոր այցով մեկնել է արտերկիր, սակայն նա առաջիկա օրերին վերադառնալու է և պատշաճ ծանուցման դեպքում՝ կներկայանա դատարան։

Հիշեցնենք, որ դեռևս 2021-ի մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին երկու ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ինչից հետո վերջիններս արդարացվել էին։ Օրերս սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել էր դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին փաստաբան Հովհաննես Խուդոյանը համոզմունք հայտնեց, որ այսօր վերսկսված դատավարությունն իրականում ոչ թե դատավարություն է, այլ կլոունադա։ Նա չի կարծում, որ այս գործի վերաբացման համար բավարար փաստարկներ են ներկայացվել․ «Ես ծանոթ եմ Սահմանդրական դատարանի և Վճռաբեկի որոշմանը, բայց թե դատախազներն ինչ հիմքերով են եկել դատարան, ինչ գործ են բերել ու ինչ հոդվածով են այդ գործը բերել, հերթական իրավական աննորմալություններն են»։

Հովհաննես Խուդոյանի համոզմամբ՝ այսօր վերսկսված դատավարության նպատակը Արցախը հանձնելուց հետո հանրությանը Հայաստանի հանձնմանը նախապատրաստելն է և դրա համար շոուներ կազմակերպելն է։ Նա շեշտում է՝ մի անգամ այդ շոուն աշխատել է, ոչ իրենով առանձին, սակայն այն Արցախը հանձնելու գործընթացի մի մասն է եղել, իսկ հիմա հասել են երկրորդ էտապին և նույն բանը ցանկանում են երկրորդ անգամ անել։

Oragir.News-ի հարցին, թե այս դատավարությունը բացառապես քաղաքական հետապնդման համատեքստո՞ւմ է դիտարկում՝ Ռոբերտ Քոչարյանի նախկին փաստաբանը պատասխանեց, որ այս իրավիճակում քաղաքական հետապնդումը շատ մեղմ կատեգորիա է, քանի որ անձին կարող են առանձին քաղաքական հետապնդման ենթարկել, սակայն դրա հետևանքով այդ անձից բացի ուրիշ ոչ մեկը չտուժի։ Ըստ նրա՝ այս հետապնդումը ծառայում է այն նպատակին, որպեսզի ամբողջ պետական ինստիտուտները կազմաքանդեն և արդեն վերջ տան Հայաստանի պետականությանը։

Անդրադառնալով վերսկսած դատավարությունից իր ակնկալիքներին՝ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իր պատկերացմամբ «նոր որակի դատական համակարգում» իրավունքի խախտումները, մասնագիտական աննորմալություններն ու անոմալիաները շատ ավելի ճչացող են լինելու, քան նախկինում։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Աննա Դանիբեկյանին կարգապահական վարույթով աշխատանքից ազատեցին, քանի որ ինքն այս գործերը չէր բաժանել իրարից ու ողջամիտ ժամկետներ էր խախտել, սակայն այժմ գործերը կրկին միացրել են իրար․ «Ես ոնց հասկացա այսօր Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցն էր քննարկվում, որովհետև իր մասով գործը մնացել էր դատարանում, հիմա գործը բերել միացրել են։ Այդ գործերի միացումն էր պատճառը, որ Աննա Դանիբեկյանին աշխատանքից հեռացրեցին, հիմա ոնց է ստացվում, որ այս գործերը նորից բերեցին ու միացրեցին իրար։ Մենակ այս փաստը բավարար է հասկանալու համար, որ գործում ոչ մի տրամաբանություն չկա, մի քայլանոց այսրոպեական որոշումներ են կայացնում՝ շոուն ապահովելու համար»։

Փաստաբանը նաև ընդգծեց՝ անկախ այն բանից, թե դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործով անցնող մյուս անձանց նկատմամբ ինչ դատավճիռ կկայացնի, վերջիններիս ազատազրկում չի սպառնում, քանի որ գործի վաղեմության ժամկետն արդեն լրացել է։ Նրա համոզմամբ՝ խնդիրն այն է, որ այս ճանապարհով հերթական անգամ հասարակության համար շոուներ են ապահովում, ինչից պետք է հնարավորինս զերծ մնալ, քանի որ այսօր Հայաստանում շատ ավելի կարևոր խնդիրներ կան լուծելու։

Oragir.News-ի հարցին, թե որքանո՞վ է կիսում քաղաքական դաշտում հնչող այն կարծիքները, որ այս գործի վերաբացմամբ գործող իշխանությունները փորձում են առաջիկա քաղաքական գործընթացներում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը կանխել, կամ ընդհակառակը՝ նպաստել, որպեսզի վերջինս կրկին որոշի մասնակցել դրանց՝ Խուդոյանը պատասխանեց՝ չի կարծում, որ այս հանգամանքն ազդելու է Քոչարյանի որոշման վրա։ «Չեմ կարծում, որ եթե երկրորդ նախագահը որոշում կայացնի մասնակցել՝ այս գործով այդ որոշումից հետ է կանգնելու կամ եթե որոշի չմասնակցել՝ այս գործն իր որոշումը փոխելու պատճառ է դառնալու։ Այն ժամանակ էլ դա պատճառ չի դարձել, հիմա էլ՝ չեմ կարծում, որ պատճառ կհանդիսանա, բայց սա միայն իմ կարծիքն է, որովհետև այս հարցի շուրջ պարոն Քոչարյանի հետ քննարկումներ չեմ ունեցել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան