Ներքին 2 տարի առաջ - 09:54 21-09-2024

Նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը․ Վեհափառ Հայրապետի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձը է հղել ՀՀ անկախության օրվա առիթով: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Անկախության նվիրական տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին:

Առավել քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը վերահաստատեց իր անկախ պետականությունը` նախնյաց ավանդած սուրբ արժեքներով ապրելու, հայրենիքի լուսավոր գալիքը կառուցելու տեսլականով և հանձնառությամբ: Այս վսեմ ձգտման մեջ ազգիս զավակները միասնաբար դիմակայեցին բազում դժվարությունների ու նեղությունների, արձանագրեցին նշանակալի ձեռքբերումներ և առաջընթաց։

Այսօր նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը, տեղահանված՝ Արցախի մեր զավակները, և անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին։ Վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև։

Մեր պետության հզորացման, արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման համար հրամայական է Տերունապատվեր սիրով միախորհուրդ ու միասնական լինելը, որպեսզի կարողանանք վերագտնել պանծալի հաղթանակների և հաջողությունների ուղին։ Արդ, արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը։
Ապավինած Աստծուն շենացնենք մեր երկիրը հավատի, հույսի և սիրո գործերի նոր վկայություններով և մեր նվիրյալ ջանքերով իրագործենք ազգային մեր իղձերը՝ արժանի դառնալով սաղմոսերգուի օրհնաբանությանը․ «Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է» (Սաղմ. 32:12)։

Մեր հայցն է առ Բարձրյալն Աստված, որ խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, մեր ժողովրդին առաջնորդի արդարության ու համերաշխության ուղիներով՝ ապահով ու բարօր կյանք պարգևելով ազգիս ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի։

Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն:

Օրհնությամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
21:32 Արզական-Աղվերան լեռնային նստավայրի հարևանությամբ գտնվող անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմինը