Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:24 17-09-2024

Այսօր Հայաստանում քաղաքական դաշտի լռությունը հաճախ ավելի որակյալ է, քան նրա խոսքը․ Վահե Հովհաննիսյան

Հաջողելու են այն գործիչները և թիմերը, որոնք խորությամբ կհասկանան, թե ինչ է նշանակում պարտություն տեսած քաղաքացին և պարտության միջով անցած/անցնող հասարակությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Այդ գործիչների և թիմերի առաքելությունն է՝ փոխել այդ հոգեվիճակը։

Պետք է ձևավորվեն մարդկային և ռեսուրսային կենտրոններ, որոնք կդնեն հենց այս խնդիրը։

Մադուն և հասարակությանը պետք է ցույց տալ առանց պարտության ապագան։

Արդյոք սա կարո՞ղ է անել ասելիք և պատկերացումներ չունեցող գործիչների նոմենկլատուրան, քաղաքական «свадебный генерал»-ների շարանը։ Չի կարող։

Այսօր Հայաստանում քաղաքական դաշտի լռությունը հաճախ ավելի որակյալ է, քան՝ նրա խոսքը. սա պետական ողբերգություն է։

Այդ վերնախավն է մեծապես պատասխանատու անկախության 33-րդ տարում երկրի այսօրվա վիճակի, հասարակության որակի, և իրականությունը փոխելու քայլերի խորքային պատկերացման բացակայության համար։

Եվ առաջիկա սեպտեմբերի 21-ի նախօրեին եթե խիզախություն չունենանք սա ընդունելու, ապա մեր պատմության ընթացքը նույնիսկ ավելի տխուր է լինելու, քան հիմա է։

«Մեզ պետություն պետք չէ, թողեք հանգիստ ապրենք» հանրության մեջ առկա ձևակերպումը որպես պետության մահախոսական է հնչում։ Սա ուղիղ ուղերձ է հարևաններին, որ մենք մեծ հաշվով դեմ չենք առանց պետականություն ապրելու։ Գրեթե նույնն ասում է ՀՀ իշխանությունը՝ խոսքը համեմելով տիեզերական ցինիզմով։ Ու չի գտնվում ճանապարհը սա վերջացնելու։ Բայց գտնվելու է։

Մեր թշնամիներին և արտաքին աշխարհին ուղիղ ուղերձ է այս մահացու պարզունակությունը, որով մենք քննարկում ենք աշխարհը, տարածաշրջանը և մեր վիճակը։

Պարզունակ վերնախավերով պարզունակ հասարակությունները դաժան ճակատագրեր են ունենում։ Վերնախավերն էլ են դաժանորեն տուժում՝ ունենալով պատմական, իմիջային և անձնական կորուստներ՝ անկախ իրենց կուտակած փողից։ Սա հիմա կատարվում է Հայաստանի հետ։

Եթե ունենք հասարակություն, որը չի վիրավորվում ոչ մի բանից, կորցրել է իր անվտանգության բնազդը և դուրս չի գալիս պարտության վիճակից, ապա թե´ պատճառը, և թե´ փրկությունը այդ հասարակության վերնախավն է։

Անվերնախավ մնացած մարդկային հոծ խմբերը, եթե նույնիսկ նրանք 2.5-3 մլն են, բարդ տարածաշրջանում հեշտությամբ կարող են ենթարկվել էթնիկ զտման, գաղթի, հարձակումների, հայրենի բնօրրանից դուրս մղման և այլ արհավիրքների։

Դրանից խուսափելու միակ ձևը հանրային վերնախավերի բովանդակային փոփոխությունն է։ Ամեն ինչ տանում է նրան, որ սա անխուսափելի պրոցես է դառնալու՝ սահուն, բայց գուցե նաև շատ արագ։ Բարոյական հասարակության վերելքը կարող է այն կայծը դառնալ, որը կսրբի-կքշի իշխող կամ իներցիոն վերնախավերի պատմական ցինիզմն ու այլևս պատմական անպիտանելիությունը։

Իրականությունը և իրավիճակը պահանջում են Նոր առաքելություն.

a. Առաջնորդել ներքին հաշտության գաղափարը և սահմանել բարոյական հասարակության խաղի կանոնը։

b. Գտնել և խիզախորեն առաջարկել լուծումներ, եթե նույնիսկ դրանք լսելը հաճելի չէ։

c. Սկսել Հայաստանի հետպատերազմական գրագետ վերականգնման փուլը։

Սա գործ է, որը պետք է անել։ Դրա համար անհրաժեշտ է հասկանալ՝ ում և ինչի կարիքը ունենք», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան