Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:00 09-09-2024

Նախագահը՝ առանց Արցախի․ ինչով նշանավորվեց Սամվել Շահրամանյանի նախագահությունը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կայացած փակ գաղտնի քվերակության արդյունքում Սամվել Շահրմանյանն ընտրվեց ԱՀ նախագահ՝ ստանալով 22 կողմ և 1 դեմ ձայներ։ Շահրամանյանը, ով դառնալու էր հայկական երկրորդ հանրապետության վերջին նախագահը, վայելում էր ԱՀ Ազգային ժողովում ներկայացված 5 խմբակցություններից 4-ի աջակցությունը, նրա ընտրությանը դեմ էր միայն Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։

Արցախի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը 2023-ի սեպտեմբերի 1-ին հրաժարական էր տվել՝ նշելով, որ այս որոշումը կայացրել է վերջին շաբաթներին ներքին և արտաքին դերակատարների հետ ունեցած շփումների արդյունքում։ Արդեն Արցախի լիակատար բռնազավթումից և հայաթափումից հետո ՀՀ իշխանությունները խորհրդարանական ընդդիմությանն էին մեղադրելու Արայիկ Հարությունյանին իշխանությունից հեռացնելու համար և դրանով Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը լեգիտիմացնելու համար, մինչդեռ օրինակ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հունիսի 18-ին Oragir.News-ի տաղավարում հայտարարեց, որ Հարությունյանին ՀՀ իշխանություններն են պարտադրել հրաժարական տալ։

Սամվել Շահրամանյանի ընտրությանը բավականին կոշտ արձագանքեցին պաշտոնական Բաքուն և Անկարան՝ խստորեն դատապարտելով Արցախում կայացած նախագահական ընտրությունները։ Ավելին՝ Շահրամանյանի ընտրությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ այս հարցով հեռախոսազրույց կունենա Նիկոլ Փաշինյանի հետ։ Հեռախոսազրույցը տեղի ունեցավ 2 օր անց՝ սեպտեմբերի 11-ին, որի վերաբերյալ Երևանն ու Անկարան նույանման հաղորդագրություն տարածեցին՝ նշելով, որ 2 երկրների ղեկավարները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերն ու տարածաշրջանային զարգացումները։

Վերհիշենք, թե ինչով նշանավորվեց Արցախի Հանրապետության 5-րդ և վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի նախագահությունը․

Սամվել Շահրամանյանի ընտրությունից 8 և ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից 2 օր առաջ Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը մեղմելու նպատակով Ստեփանակերտը համաձայնեց Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ավտոճանապարհը միառժամանակ գործարկելու ադրբեջանական կողմի առաջարկին, որից երկու ճանապարհներով 1-ական բեռնատար օգնություն տեղափոխվեց Արցախ։

Սեպտեմբերի 19-ին, երբ բանակցությունները շարունակվում էին Լաչինի միջանցքով քաղաքացիների և բեռների տեղափոխումը վերսկսելու համար, ադրբեջանական կողմը ժամը 13։00-ի սահմաններում շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցավ՝ փորձելով առաջ շարժվել ԱՀ տարածքի խորքերը, իսկ նախքան դա Բաքուն Արցախի պաշպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ, ինչի հետևանքով ադրբեջանցի 4 զինծառայող էր սպանվել։

Արցախի դեմ ռազմական գործողությունները, որոնց ընթացքում Ադրբեջանը կիրառում էր իր արսենալում առկա բոլոր զինատեսակները, իսկ Արցախի ՊԲ-ն մնացել էր միայնակ՝ առանց Հայաստանի աջակցության, շարունակվեցին 1 օր և միայն սեպտեմբերի 20-ի կեսօրին կրակը դադարեցնելու չափազանց ծանր պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Այս համաձայնության շրջանակներում Արցախի ՊՆ-ն զինաթափվեց և լուծարվեց, իսկ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հաջորդ օրը հանդիպեցին Եվլախում՝ արցախցիների՝ այսպես կոչված ադրբեջանական հասարակության վերաինտեգրվելու և վերջիններիս իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը քննարկելու նպատակով։

Չնայած Եվլախում կայացած հանդիպմանը, ինչպես ակնկալվում էր Արցախի բնակչությունը ոչ մի պարագայում չի համաձայնի ապրել ադրբեջանական վերահսկողության ներքո, և Լաչինի միջանցքի բացումից հետո Արցախն ամբողջովին հայաթափվեց և արցախցիները ճարահատյալ տեղափոխվեցին Հայաստան։ Լաչինի միջանցքը բացվեց միայն սեպտեմբերի 23-ին և արդեն սեպտեմբերի 5-ի դրությամբ ավելի քան 100 հազար մարդ տեղափոխվել էր Հայաստան, իսկ Արցախում մնացած հայերի թիվը չէր գերազանցում 2 տասնյակը։ Սրան զուգահեռ Ադրբեջանը ձեռնամուխ եղավ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությանը, որոնց նկատմամբ շինծու քրեական գործեր է հարուցել և առ այսօր շարունակում է պահել կալանքի տակ։

Արդեն սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որի համաձայն մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, իսկ Արցախի Հանրապետությունը դադարելու էր գոյություն ունենալ։ Ավելի ուշ արդեն հայտնի դարձավ, որ 2023-ի հոկտեմբերի 19-ին՝ նույն օրը, երբ մի խումբ արցախցիներ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության առաջ բողոքի ակցիա էին իրականացնում, Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը հայտարարեց, որ ԱՀ-ն լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, որի համար հիմք է հանդիսանում Սամվել Շահրամանյանի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։

Ավելի ուշ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տվեց Արցախի Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին ագրեսիային, դրա հետևանքով տեղի ունեցած հետագա զարգացումներին, ինչպես նաև այն հանգամանքներին, որոնց հետևանքով ստիպված է եղել Արցախը լուծարելու հրամանագիր ստորագրել։

Սամվել Շահրամանյանի արդեն հայաստանյան գործունեությունը նշանավորվեց նաև այն հանգամանքով, որ այս տարվա փետրվարի 20-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նրա թիկնապահը խուլիգանական պահվածք էր դրսևորել լրատվամիջոցներից մեկի լրագրողի և օպերատորի նկատմամբ, իսկ Շահրամանյանն անձամբ չէր դատապարտել վերջինիս պահվածքը։ Միայն հանրության շրջանում դժգոհության մեծ ալիքի բարձրացումից հետո Շահրմանյանը ստիպված եղավ դատապարտել արարքը, նշել, որ բռնությունը որևէ արդարացում չի կարող ունենալ։

Արդեն հունիսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները ներխուժել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչություն և հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Ավելի ուշ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այցելել էր Արցախի ներկայացուցչության շենք, դատապարտել տեղի ունեցածը, ինչպես նաև իր մեքենան նվիրել Արցախի նախագահին։

Այսպիսով՝ Սամվել Շահրամանյանը դարձավ Արցախի Հանրապետության վերջին նախագահը, ով Արցախում պաշտոնավարեց մեկ ամսից էլ պակաս։ Չնայած Հայաստանում շատ է շահարկվում, որ եթե Հարությունյանը հրաժարական չտար և շարունակեր պաշտոնավարել, ապա Արցախում իրադարձություններն ինչպես կզարգանային, սակայն ակնհայտ էր, որ Ադրբեջանը ձգտում էր ամեն կերպ բռնազավթել Արցախը, որի նպատակով էլ դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինաբար շրջափակեց Լաչինի միջանցքը և ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահեց Արցախի շուրջ 120 հազար բնակչությանը։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան