Հերթական ազգային խայտառակությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ին։ ԵՄ-ի հետ մերձենալու մասին պատրաստակամություն հայտնող ՔՊ-ական իշխանությունը Վիլնյուսում չմիացավ ԵԽ անդամ երկրների Արդարադատության նախարարների համատեղ
հռչակագրին, որով նախատեսվում է ստեղծել միջազգային հատուկ տրիբունալ ՌԴ-ի՝ Ուկրաինայում կատարած հանցագործությունները քննելու համար, հիմք ընդունելով ՌԴ նախագահ Պուտինին և մի շարք ռուս պաշտոնայներին ձերբակալելու մասին ՄՔԴ-ի տրված օրդերը, ինչպես նաև՝ վերջին շրջանում Ուկրաինայի դեմ կատարած հանցագործությունների փաստերը։
Նկատենք՝ սեպտեմբերի 5-ին Վիլնյուսում ստորագրված հռչակագրին միացել է նաև ԱՄՆ-ն, որ չի վավերացրել Հռոմի ստատուտը։ Իսկ ՀՀ-ն 2024-ի փետրվարի 1-ից Միջազգային քրեական դատարանի հիմնարար պայմանագիրը՝ Հռոմի ստատուտը վավերացնող 124-րդ պետությունն է։ Չմիանալով սեպտեմբերի 5-ի հռչակագրին, Հռոմի ստատուտի տակ դրված ՀՀ ստորագրությունը, պատկերավոր ասած՝ ջրվեց։ Ի՞նչ հետևանք կունանա դա։
Մինչ այս, ՔՊ-ական իշխանության մի շարք ներկայացուցիչներ մի քանի անգամ ընդգծել են, որ չեն հարգելու ՄՔԴ օրդերն, ու ՀՀ-ում Պուտինը չի ձերբակալելու, և ՀՀ-ն Հռոմի ստատուտին միացել միայն Ադրբեջանի կատարած հանցագործությունները ՄՔԴ-ում քննության առարկա դարձնելու հնարավորություն ունենալու համար։ Այս առումով՝ սպասելի էր, որ ՀՀ-ն չի միանալու ռուսների հանցագործությունները քննող հատուկ տրիբունալ ստեղծելու եվրոպական նախաձեռնությանը։
Ենթադրելի է, որ այս խայտառակությունը կոծկելու համար սեպտեմբերի 5-ի Վիլնյուսյան համաժողովին Հայաստանի մասնակցության մասին ըեղեկատվություն չկա պաշտոնական աղբյուրներում՝ ԱԳՆ, Արդարադատության նախարարության, կառավարության կայքերում ու էջերում։ Դա հիմք է տվել ասեկոսեների, թե ՀՀ-ն ստորագրել է հռչակագիրը հետո հետ վերցրել այն։ Նույնիսկ ասում են, թե հետ են վերցերել ՀՀ ստորագրությունը Հռոմի ստատուտի տակից։ Ամեն դեպքում՝ կատարվածը մտահոգիչ է բարոյական առումով, քանի որ առաջանում է կասկած, թե ՔՊ-ական իշխանության խոսքերը ժողովրդավարության, անկախության պաշտպանության, եվրոպական արժեքներին հավատարմության մասին կեղծ են։ Եվ Փաշինյանն ազգային, մարդկային, տարածքային աղետալի կորուստներից, Ռուսաստանի բազմաթիվ հակահայ քայլերից հետո շարունակում է հավատարմորեն սպասարկել ռուսական հետաքրքրությունները ՀՀ-ում և աշխարհում։
Համեմատության համար նշենք, որ Վրաստանը միացել է ԵԽ սեպտեմբերի 5-ի հռչակագրին։ Այս պետության ինքնիշխան տարածքի զգալի մասը զավթված է ՌԴ-ի կողմից, իսկ իշխանությունները հայտարարում են, թե ՌԴ-ի դեմ կոշտ քայլեր չեն անելու։ Բայց միանալով սեպտեմբերի 5-ի հռչակագրին, Վրաստանը ցույց տվեց, որ հավատարիմ է ժողովրդավարությանը, մարդասիրությանը, միջազգային արդարադատությանը, Հռոմի ստատուտի տակ դրած իր ստորագրությանը, եվրոպական քաղաքակրթության իրական մաս է կազմում։ Այսպիսի դրական բաներ ՀՀ-ի մասին ասել չենք կարող, քանի որ ՀՀ-ն չի ստորագրել այս հռչակագիրը։
Հիշենք, որ դեռևս 2024-ի փետրվարին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադառնաով Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալուն, ակնարկել էր երկկողմ երաշխիքների մասին։ Իսկ Փաշինյանը վերջին ասուլիսում նկատելի փոխել էր իր վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ, դարձնելով զուսպ, հարգալից։ ՀՀ վարչապետը, կարծես՝ մոռացել է, թե Մոսկվան ինչ ջանքեր է գործադրել 44-օրյայի ժամանակ Հայաստանի պարտության համար, ինչպես է աջակցել Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ագրեսիաների ժամանակ և ինչպես է օժանդակել Արցախի շրջափակմանն ու հայաթափմանը։ Ենթադրելի է, որ Մարիա Զախարովայի ակնարկած երկկողմ երաշխիքները մի կողմից վերաբերում են Նիկոլ Փաշինյանին տրամադրվող ռուսական աջակցությանը։ Հայտնի է, որ 2018-ին Փաշինյանն իշխանության եկավ ռուսների վճռական աջակցությամբ։ Եվ ներկայում, երբ Փաշինյանը նորից սիրաշահում է Մոսկվային և չի միանում ԵԽ Վիլնյուսյան հռչակագրին, այդպիսով համարժեք աջակցում է Պուտինին։ Այսինքն՝ անցած 1 տարվա ընթացքում ՔՊ-ի վարած պասիվ ռուսամետ կուրսը կրկին դառնում է վառ ռուսամետ, ինչպիսին վարում էին 2018-2022 թվերին, հանգեցնելով մեծ աղետների։
Երբ քաղաքակրթության համար կարևոր հարցերում Հայաստանն աջակցում է ՌԴ-ին, սպասարկում նրա հետաքրքրությունները միջազգային հարթակներում, այդպիսով՝ ստեղծվում է տպավորություն, թե ՀՀ ներկայացուցիչը ՀՀ-ն ներկայացնում է որպես ռուսական ազդեցության գոտի, ռուսական բոստան, որտեղ ռուսերն ինչ ուզեն՝ կանեն։ Եվ եթե առաջիկա ամիսներին ՀՀ-ի դեմ ագրեսիա սկսվի, ինչի մասին կանխատեսում էին վելուծաբանները, ինչին տենդագին պատրաստվում է Ադրբեջանը պարբերական զորավարժություններով, և ինչի մասին սպառնում է Մոսկվան, հիշեցնելով Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, ապա Փաշինյանի վառ ռուսամետ կուրսը կարող է լեգիտիմացնել ռուս-ադրբեջանական ագրեսիան, ինչպես լեգիտիմացրել է 44-օրյա պատերազմը, ՀՀ-ի դեմ ագրեսիաներն ու Արցախի հայաթափումը։ Պարզ ասած՝ երբ ՀՀ-ն չմիացավ սեպտեմբերի 5-ի հռչակագրին, ապա հիմք տվեց կասկածելու, որ ՔՊ-ական իշխանությունը մտադիր է արդարացնել է նաև ռուս-ադրբեջանական կանխատեսվող ագրեսիան։
Թաթուլ Մկրտչյան