Ներքին 1 տարի առաջ - 16:59 08-09-2024

Աստվածային օժանդակության մասին․ Միքայել Բադալյան

Պատմաբան Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԿՐԿԻՆ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հին Մերձավոր Արևելքի մի շարք տարածաշրջանների խորհրդանշական իշխանության համակարգում կարևոր տեղ էր զբաղեցնում առյուծի որսը: Այդ մասին են վկայված ինչպես հինմերձավորարևելյան պատկերագրության տարբեր տեսարաններում, այնպես էլ մի շարք գրավոր սկզբնաղբյուրներում:

Առյուծի և ցուլի որսին գլխավորապես մասնակցում էին արքաները: Այն իր մեջ խորհդանշում էր.

ա) արքային` որպես հերոսի և ռազմիկի, ինչպես նաև որպես պետության բարօրության և հզորության երաշխավորի և հովանավորի, բ) պետության և արքայի հաղթանակն ու գերակայությունը թշնամիների նկատմամբ, գ) առյուծ կամ ցուլ սպանելու ծեսն իրականացնելիս արքան իրագործում էր աստվածների կամքը, հաճախ մարմնավորում նրանց (հատկապես միջագետքյան Նինուրտա աստծուն), ինչը խորհրդանշում էր հաղթանակ բացասական ուժերի նկատմամբ, ցույց տալիս արքայի աստվածային ծագումն ու վերջինիս իշխանության օրինականությունը և այլն:

Արարատի թագավորությում առյուծի ծիսական որսի գոյությունը ապացուցող բավական հետաքրքիր ապացույց կարող է հանդիսանալ ներկայումս Դիյարբեքիրի թանգարանում պահվող ուրատական մի գոտու բեկորի պատկերագրությունը, որի աջ հատվածում դրվագված է իր ուղեկից թռչնի հետ պատկերված հեծյալը, ով իր նիզակը մխրճել է իր առջևում ցատկի մեջ գտնվող և դեպի վերջինս թեքված առյուծի մեջքը: Այս տեսարանում առյուծը կարծես թե ցանկանում է վնասել հեծյալին: Առյուծի առջև` ծնկած վիճակում, պատկերված է դեմքով դեպի հեծյալը թևավոր աստվածությունը, ով իր նիզակն ուղղել է դեպի առյուծի վեր բարձրացրած աջ թաթի դաստակը, իսկ աստվածությանը ուղեկցող թռչունը փորձում է վնասել առյուծին: Այս տեսարանում պատկերված հեծյալը կարծես լինի թևավոր աստվածության հովանավորյալն ու վերջինիս երկրային մարմնավորողը: Երկուսն էլ նիզակ են կրում և պատկերված են իրենց ուղեկից թռչունների հետ: Չի բացառվում, որ այս տեսարանում առկա է ուրարտական արքայի և վերջինիս հովանավոր աստծո (ամենայն հավանականությամբ ուրարտական տերության գերագույն աստված Խալդիի) օժանդակությամբ առյուծի խորհրդանշական որսի տեսարանը»: