Օգոստոսի 20-ին Կանադայում 93-ամյա տարիքում իր մահկանացուն կնքեց Իրանի ժամանակակից արվեստի հիմնադիրներից Սիրակ Մելքոնյանը:
Սիրակ Մելքոնյանը ծնվել է 1930 թ. հոկտեմբերի 15-ին Թեհրանում, այնուհետև հոր աշխատանքի բերումով ընտանիքով տեղափոխվել են Արաք և 12 տարի անց կրկին վերադարձել մայրաքաղաք, որտեղ էլ պատանին ավարտել է միջնակարգ դպրոցը:
Հենց այդ տարիներին էլ նա ծանոթանում է իր ավագ ընկերոջ՝ Մարկոս Գրիգորյանի հետ, ով ճակատագրական դերակատարություն է ունենում ապագա արվեստագետի կյանքում: Նախ, մի քանի ամիս նկարչության դասերի է հաճախում Գրիգորյանի մոտ, որը հիմք է ծառայում հետագայում գեղանկարչությամբ զբաղվելու համար: 1950 թվականից սկսած՝ Սիրակ Մելքոնյանի անունը հայտնվում է Իրանում տեղի ունեցող ցուցահանդեսների ազդագրերում:
1952 թ. Մարկոս Գրիգորյանը մեկնում է Իտալիա ուսանելու և ընկերները միմյանց հետ շփվում են նամակներով: Վերջինս նկարչին տարբեր թերթերից և ամսագրերից հոդվածներ է ուղարկում՝ եվրոպական ժամանակակից արվեստի զարգացումներին և միտումներին ծանոթացնելու նպատակով: 1954 թվականին Մարկոս Գրիգորյանը, վերադառնելով Իրան, ձեռնամուխ է լինում «Էսթետիկ» պատկերասրահի հիմնադրմանը, հետագայում նրա նախաձեռնությամբ հիմնվում է նաև Թեհրանի արվեստի միջազգային բիենալեն: Այս բոլոր նախաձեռնությունները հետագայում հիմք են ծառայում երիտասարդ արվեստագետների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, և ինչու չէ, միջազգային ճանաչում բերում նրանց: 1957 թվականին Սիրակ Մելքոնյանն երկու անհատական ցուցահանդեսներ է ունենում «Էսթետիկ» պատկերասրահում: 1958 թ., բնականաբար, մասնակցում է Թեհրանի առաջին բիենալեին, որտեղ Թագավորական դատարանի մրցանակին է արժանանում: Նույն թվականին Իրանն իր տաղավարով Մարկոս Գրիգորյանի գլխավորությամբ մասնակցում է Վենետիկի 29-րդ բիենալեին: Խմբային ցուցադրությունը բաղկացած էր 17 իրանցի արվեստագետներից, որոնցից վեցը իրանահայեր էին՝ Սիրակ Մելքոնյան, Էդման Այվազյան, Մարկոս Գրիգորյան, Աշոտ Մինասյան, Հարություն Մինասյան և Ռոստոմ Ոսկանյան: 1959 թվականին էլ Իրանն իր տաղավարով մասնակցում է Փարիզի բիենալեին, որտեղ Սիրակ Մելքոնյանն առաջին մրցանակի է արժանանում:
70-ական թվականներին Իրանի ժամանակակից արվեստը ծաղկման գագաթնակետում էր․ Իրանն արվեստի միջազգային կենտրոնի էր վերածվել, Իրան էին այցելում աշխարհահռչակ արվեստագետներ, իսկ իրանցիներն էլ փոխադարձ այցելությամբ մասնակցում էին եվրոպական և ամերիկյան միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների:
Ուշագրավ երևույթ էր 1974 թ. անկախ արվեստագետների կողմից ստեղծված «Ազատ» խումբը, որի նպատակն Իրանի ժամանակակից արվեստում նոր որակական նշաձող սահմանելն էր և այդ նորաստեղծ արվեստը հանրահռչակելը: Խումբը բաղկացած էր հետևյալ արվեստագետներից՝ Մարկոս Գրիգորյան, Սիրակ Մելքոնյան, Մորթեզա Մոմայեզ, Ղոլամհոսեյն Նամի, Մասուդ Արաբշահի և այլք: Այն 2 տարիների ընթացքում 5 խոշոր միջազգային ցուցահանդեսներով է ներկայանում, որոնց, բնականաբար, մասնակցում է Սիրակ Մելքոնյանը:
1974 թ. Թեհրանում տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսում Սիրակ Մելքոնյանն առաջին մրցանակի է արժանանում: Այս փաստն առիթ է հանդիսանում, որ արվեստագետին միջազգային ցուցահանդեսների, ինչպես նաև մասնավոր ցուցասրահների հետ համագործակցության հրավիրեն:
1975 թ. նա մասնակցում է Art Basel-ին , իսկ 1976 թ. Փարիզի «Օդերմատ» ցուցասրահում տեղի է ունենում նրա անհատական ցուցահանդեսը, որին անդրադառնում է այն ժամանակների լավագույն արվեստի քննադատներից Ալան Բուսքեն: Սիրակ Մելքանյանն առանձնացնում էր Բուսքեին ՝ նշելով, որ սույն անդրադարձն իր արվեստին նվիրված առանցքային արվեստաբանական դիտարկումներից է:
1977 թվականին էլ նկարիչը երկու ճանաչված միջազգային ցուցահանդեսների է մասնակցում ՝ Վաշինգթոնի «Վաշ Արթ 77 »-ին և Փարիզի «ՖԻԱՔ »-ին :
1981 թվականին Սիրակ Մելքոնյանն ընտանիքով տեղափոխվում է Հունաստան, իսկ 1982 թ. վերջնականապես հաստատվում է Կանադայում: Չնայած արտագաղթին և դրանից բխած դժվարություններին՝ արվեստագետն արագ է վերականգնում ստեղծագործական կյանքի բնականոն հունը: Միայն 80-ական թթ. 4 անհատական ցուցահանդեսներով է ներկայանում:
90-ականներին արվեստագետը ոչ միայն ցուցադրվում է Կանադայում և ԱՄՆ-ում, այլև վերականգնվում է համագործակցությունն Իրանի հետ: Նա հեռավոր Կանադայից ակտիվորեն մասնակցում է Իրանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններին, ավելին՝ նրա արվեստն Իրանի կողմից ներկայացվում է միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների:
Հարկ է նշել, որ Սիրակ Մելքոնյանը, չնայած առաջացած տարիքին, ստեղծագործում և ակտիվորեն մասնակցում էր ցուցահանդեսների: Միայն վերջին 4 տարիներին արվեստագետը 22 խմբային ցուցահանդեսների է մասնակցել, 2023 թվականին էլ՝ երկու անհատական ցուցահանդես ունեցել:
Սիրակ Մելքոնյանը բացառիկ դերակատարություն ունի Իրանի ժամանակակից արվեստի զարգացման գործում, նրա մեծ հեղինակությունը պայմանավորված է այն փաստով, որ ստեղծել է բոլորովին նոր արվեստ՝ այն ոչ կրկնում, ոչ էլ շարունակում է նախորդների գործը: Նրա արվեստը շրջապատող բնությունը և միջավայրը ժամանակակից արվեստի հարթություն տեղափոխելու բոլորովին նոր փորձառություն է, որը նոր խոսք և ասելիք է Իրանի ժամանակակից արվեստում: Եվ բնավ զարմանալի չէ, որ նրա արվեստի ազդեցությունը տեսանելի է արդեն մի քանի սերունդ իրանցի արվեստագետների ստեղծագործություններում:
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
Ֆոտոշարք