Արտաքին 2 տարի առաջ - 18:00 06-09-2024

Իրանը ՌԴ-ին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian

Իրանի նոր բարեփոխիչ կառավարությունը Ռուսաստանին զգուշացրել է սահմանային վեճում Ադրբեջանի կողմից չլինել, և այս համատեքստում Թեհրանում պահպանվում են անհանգստությունները Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը՝ անդրադառնալով Սյունիքի մարզով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող երթուղու ստեղծման շուրջ Թեհրանից և Մոսկվայից հնչող հակադիր դիրքորոշումներին:

Պարբերականը հիշեցնում է, որ Իրանը պատմականորեն հակադրվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված ջանքերին: Իրանն այս շաբաթվա սկզբին կանչել էր Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ իր դժգոհությունն արտահայտելու Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով, որ չի ցանկանում, որ իր սահմանների մոտ հակամարտություն ստեղծվի Մոսկվայի խրախուսմամբ:

Բացի այդ, Իրանի արտաքին գործերի նախարար Սայիդ Աբբաս Արաղչին դիմել է անսովոր քայլի՝ Ռուսաստանին նախատելով այն բանից հետո, երբ Մոսկվան անցել է Ադրբեջանի կողմը՝ Հայաստան-Իրան սահմանի երկայնքով ցամաքային միջանցք ստեղծելու կոչերով:


«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը սոսկ նախապատվություն չեն, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար»,- գրել էր Արաղչին X-ում։

«Վեճն ավելի լայն աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա, եթե պարզվի, որ Իրանի նորընտիր կառավարությունը պատրաստ է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի նկատմամբ՝ որպես իր արտաքին քաղաքականությունը վերահավասարակշռելու ջանքերի մի մաս: Ռուսաստանն ու Իրանը պետք է ստորագրեն ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր, սակայն բովանդակությունը դեռևս բաց է քննարկման համար, և Իրանի կառավարությունում լարվածություն կա՝ կապված Ռուսաստանի հետ իր ռազմական դաշինքի խորացման դիվանագիտական գնի հետ»,- գրում է The Guardian-ը:

Ըստ պարբերականի՝ Արաղչիի «կարմիր գծի» մասին նախազգուշացումը հուշում է, որ նա ցանկանում է ավելի հավասարակշռված արևելք-արևմուտք քաղաքականության կոչ անել:

Պարբերականը նշում է, որ ԱԳ նախարար Արաղչիի կշտամբանքն արձագանք է գտել Իրանում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ընդհանուր հրամանատար և Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին, որը լուծում է Իրանի խորհրդարանի և Պահապան խորհրդի միջև հարցերը, Հայաստանի տարածքով «միջանցքի» առնչությամբ ասել է.«ՌԴ պետական գործիչների պահվածքն ընդունելի չէ և ակնհայտ հակասում է Իրանի հետ բարեկամության մասին հայտարարությանը, այս երկիմաստությունները պետք է լուծվեն»։

Խորհրդարանի պարգամավոր Ահմադ Նադերին էլ ասել է.«Իրանի ազգային շահերի դեմ (ՌԴ-ի-Խմբ.) նախորդ գործողությունների դեպքում ռուսներին համապատասխան արձագանքի բացակայությունը նրանց կրկնակի ամբարտավանության պատճառ է դարձել: Նրանց պետք է հասկացնել, որ ռազմավարական համագործակցությունը չի նշանակում հրաժարվել շահերից»։

Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախկին ղեկավար Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեհը զգուշացրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կանխարգելիչ հարձակում լինել՝ Իրանի նոր կառավարության և ԱՄՆ-ի միջև կապի ուղիների ձևավորման հնարավորությունը կանխելու համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները