Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:09 04-09-2024

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերը:

Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, հույս է հայտնել, որ վերջինս կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խթանելու ուղղությամբ: «Մենք մեծապես կարևորում ենք Նիդերլանդների հետ մեր հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության ընդհանուր արժեքների վրա: Նիդերլանդները հայտնի է իր սկզնունքային դիրքորոշմամբ ժողովրդավարությանն առնչվող բոլոր հարցերում:

Մեր երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատել են 1992 թվականին, սակայն դրանք առանձնահատուկ ընդգծվեցին 2019 թվականից հետո, երբ Նիդերլանդների կառավարությունը հայտարարեց Երևանում նստավայր դեսպանություն բացելու մասին:

Մեծ նշանակություն ենք տալիս մեր համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, հատկապես՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում: Կարող եմ նշել, որ այդ համագործակցությունը նպաստել է մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու հաստատմանը: Լիահույս եմ, որ մեր համագործակցությունն այդ ուղղությամբ հետագայում ևս կշարունակվի»,-ասել է Հանրապետության նախագահը:

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Լիովին համաձայն եմ Ձեզ հետ՝ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, դրանք արդյունավետորեն զարգացել են, և այսօր մենք այստեղ դեսպանություն ունենք: Մեր կառավարության ցանկությունն է շարունակել աջակցել Հայաստանին, քանի որ ինչպես ճշմարտացիորեն նշեցիք Նիդերլանդները ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովն է: Մենք փորձում ենք օգտակար լինել և աջակցություն ցուցաբերել այն ուղղությանը, որն ընտրել է Հայաստանը»,-ասել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր: Երկուստեք շեշտվել է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում սերտ փոխգործակցության կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է հայկական կողմի հաստատուն և պատրաստակամ դիրքորոշումը հասնել կայուն խաղաղության և հարևանների հետ կարգավորված ու բարիդրացիական հարաբերություններ ունենալու հարցում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից