Ներքին 1 տարի առաջ - 17:30 02-09-2024

Կոչ ենք անում օրակարգային դարձնել Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը. Արցախի ԱԺ

1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին պատմական որոշումը: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով և 1992թ. հունվարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրով կազմավորվեց հայկական երկրորդ հանրապետությունը: Այս մասին ասված է Արցախի Ազգային ժողովի Արցախի Հանրապետության 33-ամյակի առթիվ տարածած հայտարարության մեջ:

«Շուրջ երեսուն տարիների ընթացքում, չնայած Ադրբեջանի մշտական սպառնալիքներին, սահմանադրական ամուր հիմքերով և արդյունավետորեն գործող պետական ու ժողովրդավարական հաստատություններով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետության զարգացումը՝ փորձելով դառնալ պետությունների համաշխարհային ընտանիքի մաս:

Արցախահայության համար այս ծանրագույն ժամանակներում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողովը, առաջնորդվելով ժողովրդի կողմից իրեն վստահված մանդատով և նրա ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ, արձանագրում է.

• Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքն իրացրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան՝ որևէ առնչություն չունենալով Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության հետ:

• Հայաստանի Հանրապետությունը, որպես Լեռնային Ղարաբաղի Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Արցախի ժողովրդին ներկայացնող կողմ, անտեսելով ՀՀ Անկախության Հռչակագրից բխող պարտավորությունները, շրջանցելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի իր անվերապահ դերն ու խախտելով 1992թ․ հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում:

• Ադրբեջանական Հանրապետությունը, որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած սուբյեկտ, խաղաղության մասին բարձրագոչ հայտարարություններով մոլորեցնելով միջազգային հանրությանը, այսօր էլ որդեգրել է հայկական հետքը Արցախից վերացնելու՝ պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն, շարունակելով պատանդի կարգավիճակով ապօրինաբար պահել գերիների, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։

• Ռուսաստանի Դաշնությունը, որպես ռուսական կայսրության և ԽՍՀՄ իրավահաջորդ, հանդիսանալով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և երաշխավոր, իր փաստացի ներկայության պայմաններում չի կանխել Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական հայաթափումը:

• ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ի դեմս համանախագահ երկրներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միակ օրինական մանդատ ունեցող կառույց, վճռական կեցվածք չորդեգրեց իր իսկ կողմից հռչակած սկզբունքների պահպանման գործում։ Ադրբեջանն այդ ամենը գնահատեց որպես թուլություն և, արհամարհելով միջազգային հանրության կողմից ընդունված ուժի չկիրառման մոտեցումները, 2020թ. և 2023թ. պատերազմական գործողությունների և ցեղասպանական քաղաքականության միջոցով բռնազավթեց միայնակ մնացած հայ ժողովրդի բազմադարյան բնօրրաններից մեկը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքը:

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ներկայացուցչական մարմինը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, կոչ է անում.

ՀՀ իշխանություններին՝
- Միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի՝ հայրենիք հավաքական կերպով վերադառնալու իրավունքի հարցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին՝
• Ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա շարունակել միջնորդական առաքելությունն Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի իրացման նպատակով։

ՄԱԿ-ին, ՄԱԿ անդամ երկրներին՝
• Միջազգայնորեն ստանձնած մանդատի, պարտավորությունների և միջնորդությունների շրջանակում միջազգային հանրահայտ նորմերի և սկզբունքների, ինչպես նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության հռչակման իրավա-քաղաքական փաստերի հիմքով Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների հետ գործակցությամբ ապահովել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձն ու այլ հավասար և անկապտելի իրավունքների իրացումը՝ որպես ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմք:

Մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի և պետականակերտման ճանապարհին իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան