Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:10 28-08-2024

Մինչև ուր կհասնեն ՔՊ-ի մեղքերը սրբելու կոչված արշավները

2018-ին քայլերթերով իշխանության հասած Նիկոլ Փաշինյանը մի առիթով ասել էր, որ քայլելով նաև ձգտել են քավել նախկինում գործած իրենց մեղքերը։ Այդպիսի բան կա ուխտագնացության խորհրդում։ Ուխտագնացն իր ճանապարհի մեծ մասը քայլում է ոտքով, երբեմն՝ ոտաբոբիկ, չարչարվելով։ Ուխտագնացը հավատում է, որ ուխտավայր հասնելով իր մեղքերը կսրբվեն։ Եվ այս ճանապարհը քայլելով անցնելը կարևոր հանգամանք է մեղքերից ազատվելու համար։

Քաղաքական պայքարում երկար քայլերթերի հարցում տակավին անգերազանցելի է Մահաթմա Գանդին։ Նա տևական հացադուլներ էր անում, ապաշխարում, զրկանքների ենթարկում իրեն, չարչարվում։ Նրա կազմակերպած երկար քայլերթերին միանում էին հազարավոր մարդիկ։ Նրա քայլերթերում ապաշխարելու գաղափարը դոմինանտ էր։ Նրա հանդեպ որոշակի պաշտամունք կա ՔՊ-ական շրջանակներում։ Ասում են, թե քաղաքական տևական քայլերթեր կազմակերպելով նաև մեղքերից ազատվելու նարատիվը Նիկոլ Փաշինյանն վերցրել է Գանդիից։

Ենթադրելի է, որ ՔՊ-ականները մինչև 2018-ը քիչ մեղքեր են գործել և 2018-ին մի քանի շաբաթ մի քանի հարյուր կմ քայլելու արդյունքում մաքրվել դրանցից։ Սակայն հետագա տարիներին Նիկոլ Փաշինյանը անհամար մեղքեր է գործել ապաշնորհ ու սխալ քաղաքականություն վարելու արդյունքում։ Եվ ասում են, թե նա ամիսներ առաջ հիշել է, որ քայլելով հնարավոր է ապաշխարել, ինչպես մեկ անգամ փորձել են 2018-ին։ Հիմա ինչքա՞ն պետք է քայլեն նախընթաց տարիներին գործած մեղքերը քավելու համար։

Այս հաշվարկների արդյունքում պարզվել է, որ խնդիրը շատ բարդ է, քանի որ մեղքերը շատ-շատ են։ Դրանից զատ՝ ՔՊ-ական պաշտոնյաներն ու Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին ճարպակալել են, կորցրել երբեմնի մարզավիճակը։ Թերևս սրանք են պատճառները, որ նրանք որոշել են մեղքերը քավել ոչ թե քայլարշավներով, ինչպես 2018-ին, այլ հեծանվարշավներով։ Ու եթե հեծանվարշավները նախաձեռնել են ապաշխարելու նպատակով, ապա նաև մոտավորապես հաշվել են, թե երբ ու որտեղ կավարտվեն դրանք։ Սրանով է բացատրվում այն, որ հեծանվարշավներին մասնակցում են ՔՊ-ականները, և օրեցօր ավելացնում են արշավների երկարությունը։ Ինչքա՞ն պետք է հեծանիվ վարեն, որ սրբեն Փաշինյանի մեղքերը, և արդյո՞ք դա հնարավոր է։

Նկատենք, որ հեծանվարշաներն արդեն դուրս են եկել Երևանից։ Ենթադրելի է, որ առաջիկայում մարզային այցերը նույնպես կիրականացնեն հեծանիվներով։ Հետո կանցնեն Խաղաղության խաչմերուկի ճանապարհներով։ Այդպես ակնառու ցույց կտան, թե հաղորդակցային ինչ ուղիներ են բացվելու Հայաստանում։

Մարզային այցերից հետո հնարավոր է՝ կնախաձեռնվեն տարածաշրջանային հեծանվային արշավներ։ Օրինակ՝ Վրաստան, Իրան այցերը նույնպես կարող են հեծանիվներով կազմակերպել։ Դրանից հետո կարող են Հարավ-հյուսիս միջազգային ճանապարհը հեծանիվով անցնել՝ Հնդկաստանից, Իրան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա և ավարտել Եվրոպայում։ Այս արշավը նույնպես կարող են ներկայացնել Խաղաղության խաչմերուկի գաղափարի ներքո։

Սա էլ վերջնակետը չէ։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը գիտակցելու է, որ նույնիսկ մինչև կյանքի վերջը հեծանիվ քշելը բավարար չի լինելու ժողովրդի դեմ գործած մեղքերի մեկ տոկոսը սրբելու համար։ Այս գիտակցումից հետո հնարավոր է՝ նախաձեռնվի հեծանվարշավ-ուխտագնացություն դեպի Երուսաղեմ։ Այն կարող է ներկայացվել որպես աջակցություն Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման միջազգային ջանքերին։

Երուսաղեմի ուխտավորներին կոչում են մահտեսի։ Մահտեսին քրիստոնյա հանրության շրջանում առանձնակի հարգանք է վայելում։ Կանխատեսելի է, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակիցը լինելու է Բագրատ Սրբազանը։ Այս առումով՝ ուշագրավ մրցակցություն է ծավալվելու Բագրատ Սրբազանի և մահտեսի Փաշինյանի միջև։

Պարզ ասած՝ եթե Փաշինյանի նախաձեռնած հեծանվարշավները նախաձեռնվել են ապաշխարելու նպատակով, ապա նրանց վերջնակետը Երուսաղեմն է։ Ենթադրելի է, որ դեպի Իսրայել ուխտագնացությունը կնախաձեռնվի ԱԺ ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Եթե Փաշինյանը կարողանա պատրանք ստեղծել, որ Երուսաղեմ գնալով սրբվել է մեղքերից, ապա չի բացառվում, որ հավատացյալների մի մասը ձայն կտա նրանց։ Իսկ եթե չհավատան ու ՔՊ-ին չընտրեն, ապա Նիկոլ Փաշինյանի ապաշխարելու ջանքերը ջուրը կընկնեն, իրենց հետ տանելով նաև այդ արշավների վրա ծախսված հարկատուների միջոցները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի