Այսօր Բյուրականի աստղադիտարանից տեղեկացրել էին, որ օգոստոսի 28-ին «Մոլորակների մեծ շքերթ» է սպասվում, և այս երևույթը հազվագյուտ հանդիպող երևույթ է, որին 20 տարին մեկ անգամ կարելի է ականատես լինել։
Oragir.News-ը կապ հաստատեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենի՝ աստղագետ, ֆիզիկոս Արեգ Միքայելյանի հետ, ով շատ հանգամանալից ներկայացրեց այս երևույթի էությունը և պատճառները։
«Հայաստանի այն տարածքներում և ամենուրեք, որտեղ ավելի մութ է լինելու, «Մոլորակների շքերթը» ավելի լավ է երևալու։ Կարևոր է նաև բարձրլեռնային տեղանքը, որովհետև մթնոլորտի ազդեցությունը ավելի թույլ է և չի խանգարում տեսանելիությանը։ Սովորաբար մթնոլորտը խանգարում է դիտումներին, այսինքն՝ փչացնում է պատկերները։ Բայց եթե մթնոլորտ չլինի, մենք բոլորս կմահանանք։ Ուղղակի մասնագետների դիտումերի համար ինչ-որ չափով վատ է անդրադառնում։ Կան նաև սպեցիֆիկ կլիմայական պայմաններ, որոնք ևս խանգարում են դիտելիությանը։ Օրինակ՝ քամիները, ամպամածությունը ևս խանգարում են դիտումներին։ Բյուրականի աստղադիտարանի տեսադաշտում միջին աստղակլիմա է, բայց ավելի լավ է, քան Երևանում։ Երևանում ամենավատը կդիտվի «Մոլորակների շքերթը»։ Ինչքան քաղաքից հեռու, ինչքան քիչ լուսավորություն ունեցող տարածք լինի, այնքան ավելի լավ կերևա «Մոլորակների շքերթ» երևույթը»,- ասաց աստղագետը։
««Շքերթ» ասվածը ավելի շատ հանրամատչելի տարբերակն է, և բնականաբար՝ շատ հետաքրքիր է հասարակությանը, քանի որ շատ գեղեցիկ տեսարան է, երբ մի քանի մոլորակ դասավորվում են մի գծի վրա և միաժամանակ երևում։ Շատ դեպքերում մոլորակներից մեկը կարող է լինել Արեգակի հետևում կամ այս կամ այն պատճառով չերևալ։ Այդ պատճառով՝ սա նաև շատ բացառիկ երևույթ է։ Ընդհանրապես, երբ նայում ենք երկնքին, տեսնում ենք, որ երբեմն Մարսը կա, Սատուրնը կա, իսկ մյուս մոլորակները չկան։ Եվ հենց այդ պատճառով սա նաև շատ գրավիչ տեսարան է։ Իրականում՝ այն ոչ մի լուրջ ազդեցություն չունի մարդկության համար, չնայած որ այդ մասին աղմուկ բարձրացնում են աստղագուշակները։

Այս երևույթը կլինի օգոստոսի 28-ի գիշերը, այսինքն՝ վաղը, և միաժամանակ երկնքում կլինեն 6 մոլորակներ, որոնցից անզեն աչքով հնարավոր կլինի տեսնել 4-ը կամ 3-ը։ Գեղեցիկ տեսարան է լինելու։ Ընդհանրապես՝ Մերկուրին շատ դժվար է երևում։ Այն հիմնականում առավոտյան շատ վաղ և երեկոյան շատ ուշ է երևում, երբ մայրը է մտնում Արեգակը և կիսամթնշաղային վիճակ է լինում, որովհետև այն մոտ է Արեգակին։ Մերկուրին ներքին մոլորակ է, իսկ մենք ավելի արտաքին ուղեծրով ենք պտտվում։
Մարսը և Յուպիտերը ամենա լավ երևացող մոլորակներն են, որոնք մենք վաղը տեսնելու ենք։ Բայց կան պահեր, երբ նրանք նույնպես կարող են երկնքում չերևալ։
Երևալու են նաև Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Սատուրն էլ ազեն աչքով երևում է։ Այն մարդիկ, ովքեր ճանաչում են՝ հաստատ կտեսնեն։ Սատուրնը ամենաթույլ երևացող աստղի չափի է։ Ուրանը և Նեպտունը անզեն աչքով չեն երևում»,- ասաց աստղագետը։