Գլխացավ, սրտխառնոց, թուլություն․ մոծակից փոխանցվող հիվանդությունը 3-4 օր է տևում․ համաճարակաբան
copy image url

Գլխացավ, սրտխառնոց, թուլություն․ մոծակից փոխանցվող հիվանդությունը 3-4 օր է տևում․ համաճարակաբան

Ներքին 8 ամիս առաջ - 19:01 17-08-2024
«Որոշ դեպքերում հիվանդությունը կարող է մահվան հանգեցնել, եթե ախտահարի ուղեղը․ դա լինում 1-5 % դեպքերում, հիմնականում տևում է 3-ից 4 օր՝ գլխացավ, սրտխառնոց, թուլություն, մկանային ցավ, ջերմության բարձրացում․ բուժումը սիպտոմատիկ է, այսինքն՝ կոնկրետ սպեցիֆիկ բուժում չունի, պատվաստանյութ գոյություն չունի, չբուժվելու կամ սիմպտոմատիկ բուժվելու դեպքում բուժառուները 1 շաբաթվա ընթացքում կլինիկապես առողջանում են, սակայն հակամարմինները դեռ շարունակում են կրել։ Այն վտանգավոր է հատկապես տարեցների համար, շատ անկանխատեսելի հետևանքների կարող է հանգեցնել, ընդհուպ մինչև մահացություն»։

Հայաստանում առաջին անգամ մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նեղոսի տենդ կոչվող վիրուսի մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանը։ Նա նաև հավելեց, որ հիվանդության անվանումը սխալ տարածում է գտել, քանի որ կիսահայերեն-կիսառուսերեն տարբերակով է․ հիվանդության անվան ճիշտ տարբերակը Արևմտյան Նեղոսի տենդ է, ոչ թե Արևմտյան Նիլ։

«Այս հիվանդությունը առհասարակ աշխարհում շատ տարածված հիվանդություն է (գրեթե բոլոր աշխարհամասերում կա), իսկ մեր երկրի տարածքում գոնե 90-ականների սկզբից արդեն բնական օջախներ եղել են, որովհետև թռչուններն են հիմնական կրողը բնության մեջ, իսկ մոծակները և տիզերը տարածողներն են մեր երկրում, մեր հարևան չարորակ պետական նորագոյացության տարածքում և ընդհանրապես, ԽՍՀՄ ամբողջ տարածքում։ 1999-ը թվականից Ռուսաստանում ամեն տարի մինչև 20 դեպք գրանցվում է։ Մեր երկրում չէր գրացվել, բայց դա չի նշանակում, որ չէր եղել, և ինձ համար, անկեղծ ասած, շատ զարմանալի է, թե ինչու հենց հիմա ու նման աղմուկով որոշեցին հայտարարել, ըստ ամենայնի՝ լաբորատոր ախտորոշել են և հայտարարում են, բայց այն, որ այդ հարուցիչը մեր երկրի տարածքում, բնության մեջ գտնվել է ցիրկուլյացիայի մեջ, դա ապացուցված է»,- ասաց համաճարակաբանը։


Խոսելով հիվանդության կանխարգելման մասին՝ Պարոն Գրիգորյանն ասաց․

«Եթե անկեղծ ասեմ, ես հիմա չգիտեմ՝ որքանով է երկրում իշխանությունը բռնազավթած այս խունտան նման բաներով զբաղվում, բայց իհարկե կան կանխարգելիչ միջոցներ՝ մոծակների դեմ պայքարն է, մոնիտորինգն է վայրի թռչունների շրջանում՝ որն է կրում, որը չի կրում, կրծողները ևս ախտահարվում են, մի շարք վայրի կենդանիների շրջանում ևս տարածվում է։ Ընտանի կենդանիներից ձիերի շրջանում ևս տարածվում է, օրինակ՝ մոծակը կծում է ձիուն, ապա մարդուն․ դա վարակելու է մարդուն, բայց ես չգիտեմ՝ որքանով են այսօրվա կենդանաբուժական, անասնաբուժական, համաճարակաբանական համապատասխան ծառայությունները իրականացնում մշտադիտարկումը, մոնիտորինգը, նմուշների լաբորատոր զննումը։ Դրա մասին ես տեղեկություն չունեմ, քանի որ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը գրեթե չի հրապարակում համաճարակաբանական իրավիճակի մասին տվյալներ, իսկ հրապարակվածները վստահելի չեն: Ես Ձեզ ասեմ՝ նրանք պարտավոր են յուրաքանչյուր ամիս հրապարակել երկրում համաճարակաբանական իրավիճակի մասին զեկույցը, բայց եթե հիմա մտնեք իրենց կայք, դուք կտեսնեք՝ գուցե 2023 թվականի սեպտեմբերին է եղել վերջին գրառումը, այսինքն՝ մեկ տարի որևիցե մի զեկույց չի եղել․ դա տարատեսակ կասկածների տեղիք է տալիս՝ որպես մասնագետի (կոնկրետ ինձ համար)»։

Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նեղոսի տենդ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել. Հայաստանում արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նիլ վիրուսը, մեկ մարդ մահացել է։