Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 170 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթե սյանը, ապա՝ ծառին, և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վլադիմիր Ա.-ն, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Հրաչ Փ.-ն, 26-ամյա Տիգրան Ղ.-ն, 18-ամյա Գագիկ Ղ.-ն և 24-ամյա Հրանտ Ա.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, դասակի հրամանատար Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լևոն Ոսկանյանը, Վարդան Անտոնյանը, Ռաֆիկ Պողոսյանն ու Անդրանիկ Քոթանջյանը։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, որպեսզի հետաքրքրասեր վարորդները չկայանեն և խցանում տեղի չունենա։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը ու ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը։
Վթարի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։