Oragir.News-ը շարունակում է «
Հարկատուների գումարներով» հրապարակումների շարքը, որի շրջանակներում ուսումնասիրում և մեր ընթերցողներին ենք ներկայացնում պետական տարբեր գերատեսչությունների կողմից կատարված գնումները, ֆիքսում, թե դրանք հատկապես որ ընկերություններից և ինչ պայմաններով են կատարվել։
Այս համատեքստում հաճախ նկատում ենք, որ պետական գերատեսչությունները պարզապես վատնում են հարկատուների վճարած գումարները՝ շռայլ, երբեմն նաև անտեղի գնումներ կատարելով, որոնց նպատակահարմարությունը շատ դժվար է հիմնավորել։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ժամանակին ուշի ուշով էր հետևում պետական գնումների գործընթացին և խստորեն քննադատում նախկին իշխանություններին, եթե նրան հաջողվում էր անգամ չնչին խախտումներ արձանագրել։ Ընդդիմադիր Փաշինյանն առավել անողոք էր, երբ նախկինում պետական գնումների գործընթացում գերատեսչությունները գնումներ էին կատարում որևէ պաշտոնյայի, կամ ԱԺ պատգամավորի ու նրա ընտանիքի անդամների հետ փոփկապակցված ընկերություններից, պնդում, որ դա կոռուպցիայի ակնհայտ դրսևորում է։
Իշխանության գալուց հետո, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում նույնպես Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոխեց իր տեսակետը, և այժմ վերջինս կարծում է, որ կոռուպցիայի որևէ դրսևորում չկա, երբ պետական գերատեսչությունները իշխանականներին փոխկապակցված ընկերություններից գնումներ են կատարում։
«Սիլ ինշուրանս»-ը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության պետգնումների սրտի մատակարարը, որից պետական մի շարք հիմնարկներ գնումներ են կատարում, երբեմն՝ մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Գաղտնիք չէ, որ այս ընկերությունը պատկանում է գործարար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Oragir.News-ը պարզել է, որ Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը 1․264․000 դրամի պայմանագիր է կնքել «Սիլ ինշուրանս» ընկերության հետ։
Այս համատեքստում ՆԳՆ-ն «Սիլ ինշուրանս»-ի հետ իր հաշվեկշռում գտնվող 2024 թվականի արտադրության 22 Renault master ավտոմեքենաների (յուրաքանչյուրը՝ 49․000 դրամ) և 1 Սուզուկի մակնիշի ավտոմեքենանայի համար ԱՊՊԱ պայմանագրեր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1․096․000 դրամ։ Բացի այդ Renault master ավտոմեքենաներից մեկի համար կնքվել է նաև ԿԱՍԿՈ պայմանագիր՝ 168․000 դրամ արժեքով։
ՆԳՆ-ին ապահովագրական ծառայություններ մատուցելու մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել նաև «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, սակայն վերջինիս ներկայացրած հայտն ավելի բարձր արժեք է ունեցել՝ 3․336․000 դրամ։