Ներքին 1 տարի առաջ - 18:48 05-08-2024

Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել  21 մլն դրամ ավելի առաջարկած՝  ՔՊ-ականի «մտերիմ» ընկերության հետ

Համացանցում հասարակական գործիչ Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասի այգու բարեկարգման աշխատանքներին։

Երևանի քաղաքապետարանը 02․06․2023թ․-ին մրցույթ է հայտարարել, որում հաղթել է «Բիդեք» ՍՊԸ-ն, որը ամենացածր գինն է առաջարկել՝ 498․965․889 դրամ։ Սակայն Երևանի քաղաքապետարանն այս ընկերության հետ պայմանագիր չի կնքել և 28․07․2023թ․-ին՝ գրեթե մեկ ամիս հետո, քաղաքապետարանը այգու բարեկարգման աշխատանքների համար նորից մրցույթ է հայտարարում, որը հաղթում է «Էլդոգար» ՍՊԸ-ն՝ 519․999․870 դրամ առաջարկով։

Այստեղ առաջանում է գլխավոր հարցը։ Ինչու՞ է Երևանի քաղաքապետարանը հրաժարվել պայմանագիր կնքել ավելի ցածր գին առաջարկած ընկերության հետ և պայմանագիր ստորագրել այլ ընկերության հետ, որի առաջարկած գինը 21 մլն դրամով ավելի է։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, ով խոստացավ ճշտել մանրամասներ և կապվել մեզ հետ։

«Ես մեր շինբարեկարգման վարչությունից ճշտեմ ու կապվեմ ձեզ հետ»,- ասաց նա։

Սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտը, քաղաքապետի մամուլի քարտուղարը մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեց։

Oragir.News-ը հարցերի պատասխանները ստանալու համար ևս մեկ անգամ փորձեց կապ հաստատել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի հետ, սակայն ապարդյուն՝ այս անգամ էլ մեր զանգերը մնացին անպատասխան։

Հատկանշական է, որ այգու բարեկարգման աշխատանքերի համար հայտարարված մրցույթում շահած ընկերության փոփոխությունը այստեղ միակ «մութ կողմը» չէ։

Ըստ «Էլդոգար» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի՝ պատվիրատուի կողմից նախատեսված ժամկետների խախտման համար յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար հաշվարկվում է տույժ՝ վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով։

Հարկ է նշել, որ այգու բարեկարգման աշխատանքները պայմանագրով պետք է ավարտվեին 2024թ․-ի մայիսի 8-ին։ 2024թ․-ի ապրիլի մեկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է, որ այգու բարեկարգման աշխատանքերը կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետներում։

Սակայն, այգու բարեկարգման աշխատանքները ավարտին չհասցվեցին և երկրորդ անգամ ժամկետները երկարացվեցին։ Այս անգամ էլ քաղաքապետ Ավինյանին զեկուցվեց՝ աշխատանքները ավարտին կհասցվեն մինչև օգոստոսի 1-ը։ Փաստացի՝ աշխատանքները ոչ միայն չեն ավարտվել, այլ նույնիսկ այգին վերջնական տեսքի չի հասցվել։

Ստացվում է՝ աշխատանքների ուշացման համար «Էլդոգար» ՍՊԸ-ն պետք է տույժի ենթարկվեր 45 մլն դրամի չափով։ Ենթարկվե՞լ է տույժի այս ընկերությունը, թե՞ ոչ՝ պարզ չէ։

Այստեղ կա ևս մեկ կարևոր հանգամանք։ Այս ընկերության հետ մտերիմ հարաբերությունների մեջ է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման նախկին պետ, ՔՊ-ական Խորեն Գրիգորյանը, ով նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կուրսընկերն է։

Այս ամենից հետո, որոշ հարցեր կարծես ստանում են իրենց տրամաբանական պատասխանները։

Երևանի քաղաքապետարանը Նոր Նորքի այգու բարեկարգման աշխատանքների իրականացման համար պայմանագիր է կնքել 21 մլն դրամով ավելի բարձր գին առաջարկած ընկերության հետ, քանի որ ընկերությունը ՔՊ-ական Խորեն Գրիգորյանի «սիրելի ու հարազատ» ընկերությունն է։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի