Ուղիղ եթեր
Խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է. Տոյվո Կլաար
copy image url

Խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է. Տոյվո Կլաար

Արտաքին Ներքին 8 ամիս առաջ - 16:19 05-08-2024
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում ներկայացրել է իր պատկերացումները՝ ելնելով տարածաշրջանում իր տասնամյա աշխատանքի փորձից:

Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մի քանի տարիների զարգացումները։
Պատկերը տարբեր է եղել։ Եղել են առավել բարվոք պահեր, և ես հուսով եմ, որ այժմ նույնպես այդպիսի իրավիճակ է, սակայն միևնույն ժամանակ ականատես ենք եղել նաև բազմաթիվ բռնությունների՝ անմեղ զոհերով:

2020 թվականի 44-օրյա պատերազմը, տարբեր զինված բախումները և լայնածավալ ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և, ոչ պակաս կարևոր, 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթը ամենաբարդ իրավիճակներն էին, որոնց հետ ստիպված եմ եղել գործ ունենալ:

Ես միշտ կհիշեմ այս բռնության զոհերի հետ ունեցած զրույցներս և այն պատմությունները, որոնք լսել եմ 1990-ականներին նման դժվարություններ տեսած մարդկանցից:
Միևնույն ժամանակ, եղել են նաև դրական զարգացումներ:

Ակտիվացել է երկոխոսությունը Բաքվի և Երևանի միջև, որին, կարծում եմ, ԵՄ-ն նույնպես նպաստել է: Բանակցություններ ենք վարվում՝ ուղղված խաղաղության պայմանագրի վերջնականացմանը:

Հույս ունեմ, որ քաղաքական կամքի և բոլոր կողմերի շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:

Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերի մասին

Ինչպե՞ս կգնահատեք ԵՄ միջնորդական ջանքերը Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում, մասնավորապես այսպես կոչված «Բրյուսելյան գործընթացը»:
2020 թվականի պատերազմից առաջ ԵՄ-ն շատ ավելի քիչ տեսանելի դերակատարություն ուներ: Մեր՝ իմ խնդիրը ավելի շատ աջակցելն էր հիմնական միջազգային ձևաչափի՝ Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերին:

2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ն` հիմնականում հենց կողմերի խնդրանքով սկսեց ավելի նշանակալի դեր խաղալ, որը գագաթնակետին հասավ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև բարձր մակարդակի եռակողմ հանդիպումների շարքով:

Կարծում եմ, որ այս հանդիպումները՝ ի լրումն այլ միջազգային դերակատարների ջանքերի, երկու առաջնորդներին տրամադրեցին անհրաժեշտ հարթակ՝ հասնելու որոշ ընդհանուր պատկերացումների առանցքային հարցերի ՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացման և մարդասիրական հարցերի շուրջ:

2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2023 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել առաջնորդների վեց հանդիպում Բրյուսելում, բազմաթիվ բարձր մակարդակի հեռախոսազրույցներ, ինչպես նաև կազմակերպել ենք անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումներ այստեղ:

Բաքու և Երևան կատարած իմ այցելությունների և առավել լայն` տարածաշրջան կատարած այցերի հետ մեկտեղ, կարծում եմ՝ ԵՄ-ն օգնեց ստեղծել որոշակի շրջանակ, որի հիման վրա առաջնորդները կարողացան արտաքին գործերի նախարարներին, փոխվարչապետներին և այլ առանցքային դերակատարներին ուղղորդել հետագա բանակցությունների համար:
Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել:

ԵՄ-ն ողջունել է այս բոլոր զարգացումները՝ լինի դա 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը կալանավորների ազատ արձակման և COP29-ի վերաբերյալ, թե 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրերը և դրանց հետագա իրականացումը:

Վերջիններս հիմնված են հենց այն ընդհանուր պատկերացումների վրա, որոնք ավելի վաղ ձեռք էին բերվել մեր մասնակցությամբ, օրինակ՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես երկկողմ սահմանի սահմանազատման հիմք ընդունելը:

Վերջապես, թեև վերջերս մենք ավելի շատ երկկողմ հանդիպումներ ենք տեսել, ԵՄ-ն պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել, երբ կողմերը դիմեն այդ հարցով:
Հայաստան-Ադրբեջան հնարավոր խաղաղության պայմանագրի մասին

Ի՞նչ եք կարծում, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կստորագրե՞ն:

Որքան ինձ հայտնի է, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Ինձ թվում է, որ պակասում է միայն վերջնագիծն անցնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքը:

Մենք ոգևորվել ենք նախագծերի վերջին ինտենսիվ փոխանակումներով և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջև 2024 թվականի հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայացած վերջին եռակողմ հանդիպումով:
Մենք խորապես հավատում ենք, որ մնացած հարցերի և ձևակերպումների վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասնելի հեռավորության վրա է:

Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա իրականացումը հիմնովին կփոխեն տարածաշրջանի իրավիճակը: Կարծում եմ, որ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար:

Սակայն այն փաստը, որ նրանք չհանդիպեցին Միացյալ Թագավորությունում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, հիշեցում է նաև, թե որքան փխրուն է դեռևս այս գործընթացը: Դա չի նշանակում, որ կողմերից որևէ մեկը հանձնառություն չունի, բայց ակնհայտ ցույց է տալիս այն զգայունությունը, որը կա ոչ միայն բովանդակության, այլև հարաբերությունների կարգավորման քննարկումների գործընթացի առնչությամբ:

Իսկ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ի՞նչ կլինի դրանից հետո։
Դա մեծ ձեռքբերում կլինի: Բայց, իհարկե, համաձայնագրերը պետք է իրականացվեն, և ուստի խաղաղության պայմանագիրը կլինի միայն հարաբերությունների կարգավորման ճանապարհին կանգառ: Ի վերջո, խաղաղությունը վերաբերում է մարդկանց, և հարաբերությունների կարգավորումը պետք է նշանակի կարգավորում հասարակությունների մակարդակում:

Խաղաղության գործընթացի մեծ մասը «վերևից ներքև» է եղել, և, ի վերջո, անհրաժեշտ է իրական բացում, այդ թվում՝ անդրսահմանային առևտրի և տարածաշրջանի կոմունիկացիաների, խաղաղությունն ու կայունությունը երկու կողմերի բնակչության համար նորմալ, ընկալելի երևույթ դարձնելով:

Բայց որպեսզի սա հնարավոր լինի, խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև՝ նրանց հնարավորություն տալով հաշտվել միմյանց հետ: Հետևաբար, իմ աշխատանքում ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձրել վստահության ամրապնդմանը, երկխոսությանը և հաշտեցման ջանքերին՝ պաշտոնական բանակցային գործընթացների շուրջ, և ԵՄ-ն արդեն շատ տարիներ աջակցում է նման գործունեությանը՝ խթանելով իրական խաղաղության համար բարենպաստ միջավայր:

Միջազգային հանրությունը պետք է շարունակի ներգրավված մնալ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Սակայն պատասխանատվությունը, ինչպես և այժմ, կմնա Երևանի և Բաքվի ղեկավարության վրա՝ չկանգնել կես ճանապարհին, այլ շարունակել մինչև վերջ՝ դեպի հարաբերությունների լիարժեք կարգավորում, ոչ միայն կառավարությունների, այլև ժողովուրդների միջև:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն