Ներքին 1 տարի առաջ - 18:49 02-08-2024

Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքեր են բացահայտվել. 6 տուժողին պատճառված վնասը 71 մլն դրամ է

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից խարդախությամբ գույքի հափշտակության դեպքեր: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես՝ 2023 թ. ընթացքում տարբեր անձանցից հաղորդումներ են ստացվել՝ իրենց պատկանող գույքի՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ, որոնց հիման վրա Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Որոշում է կայացվել նշված քրեական վարույթները, ամբողջական և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Լոռու մարզում հաշվառված 41-ամյա տղամարդը՝ Վ․Մինասյանը, նպատակ ունենալով տիրանալ ուրիշի գույքին, նախ ամենայն մանրամասնություններով ուսումնասիրել է իր զոհերին, տվյալներ հավաքագրել նրանց ունեցվածքի և իր նպատակներն իրագործելու համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին:

Այնուհետև, իր նպատակին հասնելու համար, նա ստել է, թե տարբեր ոլորտներում, իշխանության կազմում, իբր, ծանոթներ և անհրաժեշտ կապեր ունի, որոնք կարող է օգտագործել՝ տարաբնույթ խնդիրներ լուծելու համար։ Այդ կերպ տարբեր անձանց տվել է խոստումներ, շահել է նրանց վստահությունը, և տարբեր ֆինանսական գործարքներ իրականացնելու, տարբեր ծառայություններ կատարելու, նրանց համար անշարժ և շարժական գույքեր գնելու նպատակով կամ որպես պարտք, տուժողներից վերցրել է տարբեր չափերի գումարներ, սակայն չի կատարել խոստացած գործողությունները՝ խաբեության եղանակով հափշտակելով քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գույքը:

Վարույթի շրջանակներում 6 անձ ճանաչվել է տուժող: Վերջիններիս պատճառված վնասի ընդհանուր չափը, քննության տվյալներով, կազմում է շուրջ 71 մլն ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Վ․Մինասյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ):

Որպես խափանման միջոց՝ դատարանի որոշմամբ, վերջինիս նկատմամբ ընտրվել է տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, նշված անձի կողմից տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հավելենք, որ նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 41-ամյա նշված տղամարդը այլ քրեական վարույթներով ունի ամբաստանյալի դատավարական կարգավիճակ, և նշված վարույթներն այժմ դատաքննության փուլում են:

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն անձանց, ովքեր կարող են տուժած լինել Վ․Մինասյանի գործողություններից, դիմեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի