Ռուբինյան-Քըլըչ հանդիպումները ֆարս են․ Թուրքիան ոչ մի պայմանավորվածություն չի կատարելու․ թյուրքագետ
copy image url

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումները ֆարս են․ Թուրքիան ոչ մի պայմանավորվածություն չի կատարելու․ թյուրքագետ

Արտաքին Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 17:30 31-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երեկ հայ-թուրքական սահմանին՝ սկզբում Հայաստանի, այնուհետև՝ Թուրքիայի տարածքում, տեղի ունեցավ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հինգերորդ հանդիպումը։

Ավելի քան 2 տարվա դադարից հետո կայացած այս հանդիպումից հետո Երևանն ու Անկարան նույնաբովանդակ հայտարարություն տարածեցին, նշելով, որ հանդիպմանն ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, ինչպես նաև վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ռուբինյանն ու Քըլըչը նաև պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

Հիշեցնենք, որ դեռևս 2022-ի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած Ռուբինյան-Քըլըչ չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին ամենասեղմ ժամկետներում բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն այս պայմանավորվածությունից 2 տարի անց այն դեռևս չի հաջողվել իրագործել։

Oragir.News-ի հետ զրույցում թյուքագետ Տիրան Լոքմագյոզյանը շեշտեց, որ Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը գործարկելու վերաբերյալ պայամանավորվածությունը արդյունք չի համարում, քանի որ 2 տարի առաջ տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ էլ որոշվել էր, որ պետք է Մարգարայի անցակետը բացվի, սակայն դեռևս սպասում ենք, որ Թուրքիան այս ուղղությամբ որևէ փոքր քայլ ձեռնարկի։

«Հայաստանն իր անելիքն արեց․ ճանապարհը սարքեց, անցակետը պատրաստեց, իսկ Թուրքիան այս 2 տարում ոչ մի շարժում չարեց։ Հիմա 2 տարի հետո նորից այդ երկու հոգին [Ռուբինյանը և Քըլըչը-խմբ․] իրար հետ մեկտեղվեցին, մի հատ սուրճ խմեցին ու խոսում են երկաթգծի բացման մասին։ Երևի 2-ից 3 տարի էլ դրա համար կսպասենք, թե հետո ինչ կլինի, չգիտենք»,- նկատում է նա։


/Տիրան Լոքմագյոզյան, թյուրքագետ/

Թյուրքագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ 2 տարի առաջ որոշում էր կայացվել, որ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ու 3-րդ երկրների քաղաքացիների համար հայ–թուրքական սահմանը հատելու հնարավորություն կստեղծվի, սակայն այս պայմանավորվածությունը նույնպես չի իրագործվել․

«Չնայած մյուս կողմից էլ եթե այդ սահմանն ինձ համար չի բացվելու, ուրիշի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ինչո՞ւ պետք է բացվի։ Դա շատ հետաքրքիր, բայց կասկածելի խնդիր է, բացի այդ, դրա հետ կապված էլ ոչ մի բան չեղավ, հիմա նոր-նոր խոսում են դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար ինչպես պետք է գործընթացը կազմակերպվի, վիզաների խնդիրը լուծվի և այլն»։

Տիրան Լոքմագյոզյանի համոզմամբ՝ այս ամենն իրականում ֆարս է, ու քանի տարի է տեսնում ենք, որ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումները ոչ մի շոշափելի ու ռեալ արդյունք չեն տալիս։ Ըստ նրա՝ այդ հանդիպումները ձևական բնույթ են կրում, սկզբնական շրջանում ինչ-որ նպատակներ ունեին, որոնք չիրականացան, սակայն գործընթացը ձևականորեն շարունակվում է, 2 տարին մեկ հանդիպում են՝ ցույց տալու համար, որ իրենք կան և կարող են ինչ-որ բան անել։

Մեր զրուցակիցը համաձայնեց Oragir.News-ի այն դիտարկմանը, որ ՀՀ-Թուրքիա երկաթուղին բացելու պայմանավորվածությունն արժանանալու է իր նախորդների ճակատագրին։

«Եթե նախորդ քայլն այնդպես եղավ, ինչո՞ւ պետք է այս երկրորդ քայլից այլ բան սպասեմ։ Եթե Մարգարայի հետ կապված գոնե մի աշխատանք կատարված լիներ, անգամ եթե բացված էլ չլիներ, բայց ինչ-որ աշխատանքներ կատարված լիներ, կասեի, որ արդեն երկրորդ քայլն են անում, գործընթացը թեկուզ դանդաղ, բայց առաջ է գնում։ Բայց կրկնում եմ՝ 2 տարվա ընթացքում Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չձեռնարկվեց այս ուղղությամբ»,- ասաց նա։

Թյուրքագետը հավելեց, որ Թուրքիան երբեք իր ստանձնած պարտավորությունները չի կատարել, անգամ 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունները Էրդողանի միջոցով չվավերացվեցին, որոնք Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում ինչ-որ տեղ հասել էին։ Նա կարծում է, որ վերջին 30-35 տարիներին Թուրքիան առհասարակ չի ցանկանում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու ՀՀ-ին մարդահաշիվ անել։

«Ինչո՞ւ, որովհետև Թուրքիան ավելի հեռուն գնացող նպատակներ ունի։

Այսինքն՝ Հայաստանի վերացումը, քանի որ Թուրքիան չի ցանկանում, որ Հայաստանը լինի այստեղ, ուրեմն մտադիր չէ Հայաստանի հետ դիվագիտական հարաբերություններ ու կապեր հաստատել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան