Երևան +18°
copy image url
Ներքին Միտք 2 օր առաջ - 23:16 01-07-2024

Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի

Ինչպես պահպանել Մոսկվային տրված խոստումներն ու բարեփոխումներ չանել, միաժամանակ՝ խաբել միջազգային հանրությանն ու ժողովրդավար ձևանալ։

Ժողովրդավարական աշխարհը Հայաստանից ակնկալում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել։ Իսկ ՔՊ-ական իշխանությունը անվերջ ձգձգում է այդ բարեփոխումները, հորինելով հազար ու մի պատճառ, որոնց առաջին շարքերում նախկիններն են և ժողովրդի մտածողությունը։

«Փոփոխություն բերելու համար պետք է փոխել մտածողությունը. ինչքան էլ արագ գործես, միևնույն է՝ ժամանակից արագ չես կարող գործել, այսինքն՝ մենք շատ դեպքերում պետք է արձանագրենք, որ շատ դեպքերում անընդհատ փորձում ենք, վազում ենք, բայց չի ստացվում ոչ մի բան»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառման ժամանակ խոստովանեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչի՞ մասին է փաշինյանական այս դատարկաբանությունը։

Պոպուլիստները հայտնի են դատարկաբանություններով, ոչինչ չասող խոսքերով, որոնք հակասում են առողջ բանականությանը, գիտական մտքին, իրականությանը։ Այսպիսի անտրամաբանական, հակագիտական դատարկախոսություն է Փաշինյանի՝ «ժամանակից արագ չես կարող գործել» արտահայտությունը։

Ժամանակի գործելու մասին կան ժողովրդական ասացվածքներ։ Օրինակ՝ «ժամանակը կամոքի վերքերը» արտահայտությունը փոխաբերական իմաստ ունի, նշանակում է՝ ժամանակի ընթացքում վերքերը կլավանան։ Սակայն ուղիղ իմաստով կամ գիտական ճշգրտությամբ ժամանակը ոչինչ չի անում։ Ցանկացած ֆիզիկոս կարող է փաստել, որ ժամանակը սուբյեկտ չի։ Հետևաբար՝ ժամանակի հետ մարդու կամ կուսակցության համեմատվելը ողջամիտ չէ։ Ժամանակը մատերիայի գոյության հիմնական ձևերից մեկն է։ Սա էլ կարող է փաստել փիլիսոփան։ Այսինքն՝ սուբյեկտը գործում է ժամանակի մեջ։ Հետևաբար՝ նա չի կարող մրցել ժամանակի հետ։ Դրանից զատ՝ ժամանակը արագության միավորի բաղադրիչ է՝ կիլոմետր/ժամ, մետր/վայրկյան։ Տվյալ դեպքում՝ բարեփոխումներ իրականացնողների արագությունը չի կարող համեմատվել ժամանակի հետ։

Հետևաբար՝ կարող ենք ասել, որ Փաշինյանի՝ ժամանակի մասին արած դատողությունը դատարկաբանություն է գիտական, քաղաքական, ողջախոհության տեսանկյունից։ Իսկ եթե փորձենք փոխաբերական իմաստ գտնել դրանց մեջ, ապա կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը փորձել է ակնարկել, որ կան հանգամանքներ, իրադարձությունների բնականոն ընթացք և հաջորդականություն, որոնք չես կարող շրջանցել։ Այս տեսանկյունից՝ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 1-ի ելույթը կարելի է դասել խոստովանությունների շարքին, որով նա ցույց տվեց, որ ժամանակից հետ է մնացել, ճահճացման մեջ է, մտադիր չէ անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ իրականացնել։

Հավանաբար՝ նա այնքան խիզախություն չունի խոստովանելու, որ Մոսկվային տրված իր խոստումներն ու պայմանավորվածություններն են ժողովրդավարական բարեփոխումների իրականացման խոչընդոտը։ Այսինքն՝ Նիկոլ-Պուտին հակահայկական և հակաժողովրդավարական գործարքի մանրամասները քողարկելու համար է ՔՊ-ական իշխանության ղեկավարը իր դանդաղկոտության մեղքը բարդում ժամանակի և ժողովրդի վրա։

Այս ամենի մեջ բաց է մնում մի հարց։ Իսկ ե՞րբ է գալու Արևմուտքին խոստացված ժողովրդավարական բարեփոխումներն իրականացնելու ժամանակը։

Եթե նախընթաց 6 տարիներին չեն հանդիպել, ապա խիստ կասկածելի է, որ բարեփոխումները և Նիկոլ Փաշինյանն իրար երբևէ կհանդիպեն։ Հուլիսի 1-ի ելույթը հավելյալ փաստեց, որ Փաշինյանը հնարավորինս ժամանակ է ձգելու, մինչև Մոսկվան պարտվի պատերազմում, Պուտինը ստորագրի կապիտուլյացիան, ընդունի նոր աշխարհակարգի կանոնները, հրաժարվելով համաշխարհային հավակնություններից, այդ թվում՝ ՀՀ-ում ունեցած ազդեցությունից։ Դրանից անմիջապես հետո ՀՀ-ում, բնականաբար, իրականացվելու են ԱԺ ընտրություններ, որտեղ ՔՊ-ն, որպես ռուսական միջոդությամբ ու երաշխավորությամբ իշխանության եկած, պատերազմներում պարտված, ժողովրդին ու պետության բազմաթիվ աղետներ պատճառած պոպուլիստ, կպարտվի, տեղը զիջելով ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ջատագովներին, որոնք կաշկանդված չեն լինի ռուսներին տված խոստումներով, կիրականացնեն բարեփոխումները, ապահովելով պետության անվտանգությունը, առաջընթացի նոր դռներ բացելով ժողովրդի համար։

Եթե այս պարզ բանը հասկանում են նաև արևմտյան, եվրոպական գործընկերները, ապա առաջիկայում ժողովրդականություն ունեցող կուսակցություններն ու քաղաքական նախաձեռնությունները կվերանայեն իրենց արտաքին քաղաքական ավանդական կողմնորոշումները, հանդես կգան ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու, Արևմուտքի հետ ռազմավարական գործընկերությունը խորացնելու կարգախոսներով, միավորումներ ու դաշինքներ կկազմեն, որոնք ազատ, արդար ընտրություններով կտապալեն ժամանակի հետևից վազող ու միշտ հետ մնացող Նիկոլ Փաշինյանին, կհասնեն իշխանության և ժողովրդի ու ժամանակի վրա չեն բարդի իրենց վախերն ու անգործությունը։

Թաթուլ Մկրտչյան