Ներքին 2 տարի առաջ - 15:15 27-06-2024

Սահմանամերձ գյուղերում եռուզեռ ա մտել սուբվենցիայով տուն կառուցելու ծրագրով. Փաշինյան

Սահմանվել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների նոր շրջանակ

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Փոփոխությունների նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, հնարավորություն տալով միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների ընտանիքներին ևս օգտվել ծրագրից, ինչպես նաև ծրագրի պայմաններում իրականացնել որոշակի հստակեցումներ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել շահառուների նոր շրջանակ՝ այն դարձնելով առավել նպատակային և թիրախային, ինչպես նաև հստակեցնել որոշ ձևակերպումներ։ Մասնավորապես՝ առաջարկվող լրացումներով Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տրվում է 5 մլն հավելում, ինչը լրացուցիչ կխրախուսի նշված բնակավայրերում կառուցապատում իրականացնելը։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագրի գործնական փուլ մտնելուց հետո բավականին մեծ դիմելիություն է արձանագրվել: Այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է ավելի քան 1330 շահառուների հայտ, որոնցից միայն 1080-ը՝ 2024 թ.: «Եվ սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել էինք, որ 2024-ին կունենանք շուրջ 550 հայտ: Տավուշի մարզում եղել է 809, Սյունիքում՝ 167, Վայոց ձորի մարզում՝ 167, Գեղարքունիքում՝ 85, Արարատի մարզում՝ 106 հայտ: 850-ի հետ արդեն կան հիփոթեքային վարկավորման պայմանագրեր, և տրամադրվել են վարկերը. մնացածը գտնվում են ամենատարբեր փուլերում»,-ասել է ԱՍՀ նախարարը:

Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ ծրագրի նպատակայնությունը գնահատելու համար կիրականացվի ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ծրագրում ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կարող է առաջանալ: «2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 603 ընտանիքների մասով ուսումնասիրություն է կատարվել, և արդյունքները ցույց են տալիս, որ, օրինակ՝ թվով 292 շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 80-ը, որոնցից 137-ը չունեն երեխա, շահառուներից 107-ը քաղաքաբնակ են, իսկ 496-ը՝ գյուղաբնակ: Քաղաքաբնակներից 36-ն են հաշվառված Երևան քաղաքում, սա նշանակում է, որ դեռևս ռիսկային չէ շահառուների հաշվառման վայրի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելը: Ելնելով այս ուսումնասիրություններից՝ առաջարկում ենք ծրագրում կատարել փոփոխություններ»,- ասել է նախարարը: Որոշմամբ՝ շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից: Նաև առաջարկվում է մինչև 2000 հայտը բավարարելուց հետո մի փոքր դադար վերցնել, ուսումնասիրել խնդիրները, վերլուծություն կատարել, այնուհետև շարունակելու որոշում կայացնել:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Որոշակի դադար, համաձայն եմ, որ վերցնենք, որովհետև մենք մի ուրիշ ուսումնասիրություն էլ ունենք անելու՝ փոխվարչապետ Խաչատրյանի առաջարկությամբ: Մենք պետք է գնանք և ուսումնասիրենք, թե ինչքանով է երաշխավորվում ծրագրի ավարտը: Այսինքն՝ մարդը սկսել տան շինարարությունը, մենք ի՞նչ մեխանիզմներ ենք ստեղծել այն ավարտելու համար: Մեկ, երկու ահազանգերի պարագայում սկսեցինք մտավախություն ունենալ, որ արդյունքում՝ կարող ենք ունենալ ոչ թե տներ, այլ կիսակառույցներ: Հիմա մենք պետք է համոզվենք, որ այս ռիսկը բավարար չափով կառավարում ենք, հետագայի համար որոշում կկայացնենք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Մեր հիմնական խնդիրը և նպատակը եղել է սահմանամերձ գյուղերում որոշակի աշխուժություն, եռուզեռ մտցնելը, և առնվազն մի շարք գյուղերում այդ եռուզեռն առկա է, ինչի համար մենք ուրախ ենք»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը