Նոր Սահմանադրության ոդիսականը․ քանի՞ անգամ է Փաշինյանը ցանկացել փոխել ՀՀ մայր օրենքը
copy image url

Նոր Սահմանադրության ոդիսականը․ քանի՞ անգամ է Փաշինյանը ցանկացել փոխել ՀՀ մայր օրենքը

Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:30 25-06-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում բազմիցս խոսել է Հայաստանի Հանրապետության մայր օրենքում՝ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու, կամ առհասարակ նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Չնայած կառավարության ղեկավարի հայտարարություններին, դեռևս չի հաջողվել անգամ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ ընդունել՝ հասկանալու համար, թե իշխող քաղաքական ուժը երկրի մայր օրենքում ինչ փոփոխություններ է ցանկանում կատարել։

Ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու փորձագետների մի մասը պնդում են, որ գործող իշխանությունները Սահմադրությունը ցանկանում են փոխել Ադրբեջանի պահանջով՝ հղում կատարելով այդ երկրից ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարություններին։ Օրերս կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին հանձնարարեց նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը այն հաստատել։

Ադրբեջանին հատկապես անհանգստացնում է այն հանգամանքը, որ մեր երկրի մայր օրենքը հղում է կատարում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին, որն իր նախաբանում հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Այլ կերպ ասած Ադրբեջանի ղեկավարությանը մտահոգում է, որ ՀՀ-ում ազգային իշխանության ձևավորումից հետո վերջինս կարող է Արցախի հարցը օրակարգ վերադարձնել, ուստի Իլհամ Ալիևը այժմ փորձում է մեկընդմիշտ փակել այն։

Oragir.News-ն ուսումնասիրել է, թե իր պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը երբ, քանի անգամ և ինչ դրույթներ է ցանկացել փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, որոնք առ այսօր նրան չեն հաջողվել, ինչպես նաև հատկապես ինչ իրավիճակի ֆոնին է վերջինիս մոտ նման ցանկություն առաջացել։

Չնայած ընդդիմադիր գործունեության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաճախ էր քննադատում 2015 թվականին ընդունված ՀՀ Սահմադրությունից, պնդում, որ այն երրորդ նախագահ «Սերժ Սարգսյանի համար է կարվել», սակայն, երբ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած զարգացումների հետևանքով վերջինս իշխանության եկավ, աստիճանաբար տեղավորվեց այդ կոստյումի մեջ և նախընտրեց դրանում կոսմետիկ փոփոխություններ կատարել՝ հիմնականում այն հարմարեցնելով իրեն ու իր գլխավորած քաղաքական ուժի շահերին։

2018-ի օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը սահմադրական փոփոխությունների մասին խոսեց, ոչ թե իր կողմից այդքան քննադատված սուպերվարչապետական համակարգը վերացնելու, այլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համատեքստում։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը պնդում էր՝ մայր օրենքում պետք է փոփոխություններ կատարել, որով հնարավոր արտահերթ ընտրությունների հասնել ոչ միայն վարչապետի հրաժարականի ու 2 անգամ վարչապետ չընտրելու, այլ նաև ԱԺ-ին ինքնալուծարման ճանապարհով։

Հավանաբար Նիկոլ Փաշինյանն այս շրջանում մտահոգված էր, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն, որտեղ դեռևս ՀՀԿ-ն մեծամասնություն ուներ, կարող էր նոր վարչապետ ընտրել և իշխանազրկել իրեն, սակայն դա տեղի չունեցավ։

2018-ի հոկտեմբերի 2-ից հետո, երբ Փաշինյանի հորդորով վերջինիս աջակիցները շրջափակեցին ԱԺ-ն, ու նա քաղաքական ուժերի հետ հրաժարական տալու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեց, սահմանադրական փոփոխությունների օրակարգն առկախվեց՝ մինչև 2019 թվականի մայիսի 18-ը, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից։ Քոչարյանի ազատ արձակումից 2 օր անց, երբ Փաշինյանի հորդորով իր աջակիցները շրջափակեցին Հայաստանի դատարանների մուտքերն ու ելքերը, կառավարության ղեկավարը խոսեց դատական իշխանությունը բարեփոխելու, վեթթինգ իրականացնելու անհրաժեշտության մասին՝ չբացառելով, որ հարկ եղած դեպքում հարցը կարող են լուծել սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։

Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը սակայն այս հայտարարությունից հետո սահմանադրական փոփոխություններ չնախաձեռնեց, իսկ 2 ամիս անց՝ 2019-ի հուլիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, Փաշինյանը նման նախաձեռնությունը ճիշտ չէր համարել և պնդել, որ նման դեպքում իրենց կմեղադրեն երկրի մայր օրենքը սեփական շահերին համապատասխանեցնելու փորձերի մեջ։ Փաշինյանը նաև չէր բացառել նոր Սահմանադրություն ընդունելու հնարավորությունը, եթե, իր խոսքով, այդ ճանապարհով հնարավոր լիներ լուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը։

2019-ի վերջին իշխանությունները սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնեցին, սակայն նախքան մասնագիտական հանձնաժողովի ձևավորումն ու աշխատանքների մեկնարկը կառավարությունից հայտնեցին, որ փոփոխությունների շրջանակներում կառավարման համակարգի գլոբալ փոփոխություններ չեն նախատեսվում, և անձամբ Փաշինյանը հայտարարում էր, որ կողմ է կառավարման խորհրդարանական համակարգի պահպանմանը։

Սրան զուգահեռ ՔՊ-ական իշխանությունն այդ օրերն կենաց-մահու պայքար էր սկսել Սահմանադրական դատարանի այն ժամանակվա դատավորների և բարձր դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ՝ ձգտելով ամեն կերպ հեռացել նրանց։ Այս ուղղությամբ իշխանությունների մի քանի նախաձեռնություն փորձեցին կյանքի կոչել, սակայն դրանք տապալվեցին և 2020-ի ապրիլի 5-ին Հայաստանում նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՝ բացառապես ՍԴ դատավորների մի մասին և Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու նպատակով։ Հանրաքվեն չկայացած բացառապես կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով, որի առաջին օրերին Փաշինյանն ակտիվ քարոզարշավ էր իրականացնում, իսկ արդեն 2020-ի հունիսին իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ-ում համապատասխան փոփոխություններ արեց և Հրայր Թովմասյանին ու ՍԴ դատավորների մի մասին պաշտոնանկ արեց։

Սահմանադրական փոփոխությունների թեման օրակարգ վերադարձավ 2021-ի փետրվարի 25-ից հետո, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ հրամկազմը՝ այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջեցին պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ վերջինս դա որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Օրեր անց՝ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը կրկին խոսեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն ի տարբերություն նախորդ հայտարարությունների՝ այս անգամ վերջինս ընդգծեց կառավարման համակարգի փոփոխությունների, մասնավորապես կիսանախագահական համակարգին վերադառնալու անհրաժեշտության մասին։

Թեպետ Փաշինյանն այդ օրերին կառավարման խորհրդարանական համակարգը ռիսկային էր համարում, խոսում էր հոկտեմբերին սահմանադրական փոփոխությունների, կամ նոր Սահմանադրություն ընդունելու հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին, 2021-ի հունիսի 20-ին կայացած ընտրություններում վերընտրվելուց հետո մտափոխվեց և սկսեց հայտարարել, որ կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում։

2022-ի հունվարին ձևավորվեց սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, սակայն Փաշինյանն այդ օրերին իր տված ինքնաասուլիսի ժամանակ հայտարարեց՝ հստակ չէ, որ այս ամեն արդյունքում ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ կիրականացվեն։ Արդեն 2024-ի հունվարին Բաքվից հնչող պահանջների ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ՀՀ-ին անհրաժեշտ են ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ նոր սահմանադրություն, որը երկիրն ավելի կենսունակ կդարձնի ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների ֆոնին։

Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, որը ընդդիմադիրների պնդմամբ Փաշինյանը կատարում է Ադրբեջանի պահանջով, կառավարության ղեկավարը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում փորձել էր հիմնավորել ցլի և կարմիր զգեստի անհաջող օրինակով, ինչն առաջացրել էր հազարավոր քաղաքացիների դժգոհությունը։ Չնայած իշխանությունների հավաստիացումներին, ակնհայտ է, որ ՔՊ-ն ՀՀ մայր օրենքը փոխում է Բաքվի պահանջով․ օրերս Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է, քանի դեռ ՀՀ գործող Սահմանադրությունը չի փոխվել։

Այսպիսով՝ չնայած իր կառավարման 6 տարիներին Փաշինյանը բազմիցս խոսել է սահմադրական փոփոխություններ կատարելու, կամ նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ այս նախաձեռնությունները գործնական փուլ չեն մտել և առ այսօր այդ հարցով համաժողովրդական հանրաքվե չի անցկացվել։ Միայն 2020-ի հունիսին գործող իշխանությունը, որը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ուներ, մայր օրենքի միայն մի հոդվածը փոփոխեց՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և դատավորների մի մասին պաշտոնանկ անելու նպատակով։

Ակնհայտ է նաև, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու վերբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մեծամասաբ կապ են ունեցել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, դա հանգուցալուծելու հնարավորությունների փնտրտուքի, ինչպես նաև հարևան երկրից պարբերաբար հնչող պահանջների հետ։

Բացի այդ, մեծ հավանականությամբ Հայաստանում առաջիկա 2-3 տարիներին սահմադրական հանրաքվե առհասարակ չի կայանա։

Այս գործընթացի համար նախևառաջ անհրաժեշտ է առնվազն 1 տարի հանրային քննարկումներ անցկացնել, այս օրակարգի շուրջ համազգային կոնսոլիդացիա ձևավորել, որպեսզի հնարավոր լինել ստանալ փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ 600-700 հազար քաղաքացիների քվեները։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսին ստորագրված որոշմամբ սահմանադրական բարեփոխումների ժամանակացույցը երկարացվեց, որի հետևանքով հնարավոր հանրաքվեն կկայանա 2027 թվականից ոչ շուտ։Կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ հնարավոր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մեծ հավականությամբ վերածվելու է իրեն անվստահություն հայտնելու համաժողովրդական հանրաքվեի, ուստի ձգտում է այն հետաձգել և անցկացնել միայն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ