Ներքին 2 տարի առաջ - 14:22 21-06-2024

Անձին մեղադրանք է ներկայացվել զինծառայողից 1,5 մլն դրամ և 90,000 դրամի խմիչք ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ս.-ն, պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով, ժամկետային զինծառայողից և վերջինիս մորից ստացել է խոշոր չափերի՝ 1,500,000 ՀՀ դրամ և 90,000 ՀՀ դրամի խմիչք:


Մասնավորապես՝ Երևանի բնակիչ Կ. Պ.-ն 2024 թվականի հունվարին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին զինվորական հետագա ծառայությունից ազատելու խնդրանքով դիմել է իր ծանոթ Վ. Ս.-ին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հիշյալ հարցը լուծելու համար Ա. Մ.-ն և նրա մայրը պատրաստ են կաշառք տալ:

Տեղեկանալով զինծառայողի և նրա մոր կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին, սակայն իրականում նպատակ չունենալով նշված հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու դիտավորությամբ Վ. Ս.-ն Կ. Պ.-ին վստահեցրել է, թե իբր իր ծանոթ պաշտոնատար անձանց 3,000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դիմաց հնարավոր է կազմակերպել Ա. Մ.-ին հետագա զինվորական ծառայությունից ազատելու հարցը:

Ա. Մ.-ն և նրա մայրը, տեղյակ չլինելով Վ. Ս.-ի իրական մտադրության մասին, 2024 թվականի հունվարի 11-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում, Կ. Պ.-ի միջնորդությամբ Վ. Ս.-ին են փոխանցել խոշոր չափերի՝ 1,500,000 ՀՀ դրամ և 90,000 ՀՀ դրամի խմիչք:

Նախաքննության ընթացքում Վ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»