Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Նիկոսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է անհայտ կորած անձանց հարցերով Կիպրոսի նախագահի հատուկ հանձնակատար Աննա Արիստոտելուսի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ղարաբաղյան երկու պատերազմների ընթացքում անհետ կորած անձանց ուղղությամբ կատարված աշխատանքները, ընդգծել, որ չնայած արհեստական խոչընդոտներին, Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը և հաշվի առնելով Կիպրոսում տարիներ ի վեր այդ ուղղությամբ տարված աշխատանքները, անհրաժեշտ է փորձի փոխանակման կազմակերպում, շփումների ակտիվացում հայաստանյան գործընկերների հետ։
Հատուկ հանձնակատարը նշել է, որ առկա են բազմաթիվ ընդհանրություններ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հայկական և կիպրական համապատասխան գերատեսչություններում և առաջարկել դիտարկել առաջիկայում համատեղ միջոցառմամբ հանդես գալու նախաձեռնություն, որն այդ ուղղությամբ միջազգային տեղեկացվածության բարձրացման նպատակ կհետապնդի։