Ռեզոնանսի վտանգ կա. երկու լարի վրա պարը չի կարող երկար տևել
copy image url

Ռեզոնանսի վտանգ կա. երկու լարի վրա պարը չի կարող երկար տևել

Ներքին 10 ամիս առաջ - 22:00 17-06-2024
Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը մնում է ռուսական պայմանավորվածությունների ծիրում, մյուս կողմից՝ ՀՀ-ն մասնակցում է Ռուսաստանի նկրտումները սանձելու միջազգային ֆորումներին։ Ոչ ոք չի հասկանում, թե ՀՀ-ն ինչ արտաքին քաղաքականություն է վարում։ Եվ այս անորոշության մեջ կարող ենք տուժել երկու կողմից։ Ռուսները կարող են հակահայկական քայլեր անել ընդդեմ արևտամետ ՀՀ-ի, իսկ Արևմուտքը կարող է չպաշտպանել ռուսամետ Նիկոլ Փաշինյանին։

Օրինակ՝ հունիսի 16-ին Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով ամփոփագիր է ընդունվել։ Այն ստորագրել է 80 երկիր։ Գագաթաժողովի մասնակից երկրներից չեն ստորագրել Հայաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թաիլանդը, Ինդոնեզիան և այլն։ Ամփոփագրով կոչ է արվում Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը» հիմք ընդունել Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու ցանկացած խաղաղ համաձայնագրի համար։ Ինչու՞ գագաթաժողովին ՀՀ-ն ներկայացնող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ստորագրել այս ամփոփագիրը։

ԱԽ քարտուղարի մասնակցությունը Ուկրաինայի խաղաղության երկրորդ գագաթաժողովին նշանակում է, որ ՀՀ-ն իրեն տեսնում է Ուկրաինայի անկախության պայքարին աջակցող երկրների շարքում։ Մեր և Ուկրաինայի ընդհանրությունները շատ են։ ՀՀ-ն նույնպես ձգտում է լրիվ անկախության։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2023-ի սեպտեմբերի 24-ին անկախության պաշտպանության շարժում է նախաձեռնել։ Հոկտեմբերին Եվրախորհրդարանում ասել է, որ ժողովրդավարությունը ՀՀ քաղաքակրթական ընտրությունն է, ինչի համար ԵԽ պատգամավորները հոտնկայս ծափահարել են նրան։ Դրանից զատ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով խախտված է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Իսկ Փաշինյանը ամեն խոսքից հետո ցույց է տալիս ՀՀ տարածքի ոսկեգույն մակետը, խոսում ինքնիշխանությունը պաշտպանելու, տարծաքային ամբողջականությունը վերականգնելու կամքի մասին։ Ուկրաինայի ժողովրդի պայքարը նույնպես հանուն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման համար է։

Բայց, ի հեճուկս՝ այս ընդհանրությունների, ՀՀ ներկայացուցիչը չի ստորագրում Ուկրաինայի խաղաղության գագաթաժողովի ամփոփագիրը, անուղղակի ցույց տալով, որ ՀՀ-ն իրեն չի տեսնում Ուկրաինայի անկախության համար պայքարող երկրների շարքում։ Այսպիսով՝ ՀՀ-ն պահում է ձևը, սակայն բովանդակային քայլ չի անում։ Իսկ այս հակասական մոտեցումը վտագնավոր է։

Ուշագրավ է, որ Մոսկվան ըմբռնումով է վերաբերվել ԱԽՔ-ի գագաթաժողովի մասնակցությանը։ Այստեղ արդեն ի հայտ են գալիս ողջամիտ կասկածներ, որոնցից մեկը գործնական աստառ ունի։ Ըստ այդմ՝ ՀՀ ձևական մասնակցությունը համաձայնեցված է Մոսկվայի կողմից, որպեսզի ՀՀ-ն չընկնի արևմտյան պատժամիջոցների տակ։ Նկատենք, որ ՀՀ-ն ներկայում կյանքի ճանապարհ է դարձել ՌԴ-ի համար։ Ու եթե ՀՀ-ն ևս ընկնի պատժամիջոցների տակ, ապա կտուժի ոչ միայն հայ ժողովուրդը, այլև ռուսները։

Այս կասկածը կարող է պատել նաև արևմտյան, եվրոպական գործընկերներին։ Եթե ՀՀ իշխանությունը հասկանալի չներկայացնի իր դիրքորոշումը, ապա վերլուծաբանների կողմից կանխատեսվող նոր պատերազմի ժամանակ Արևմուտքն ու ԵՄ-ն կարող են չաջակցել հայ ժողովրդին, ինչպես չաջակցեցին 44-օրյայի ժամանակ։

Մյուս ռիսկը կարող է գալ Ռուսաստանից։ Եթե մինչ օրս ՀԱՊԿ անդամ երկու երկրներ թաքուն են աջակցել Ադրբեջանին Արցախի և ՀՀ-ի դեմ ագրեսաիաների ժամանակ, ապա այսուհետև նրանք կարող են բացահայտ աջակցել։

Այս ռիսկային իրավիճակը չի անհանգստացնում միայն ստախոսներին, անպատասխանատուներին, պոպուլիստներին ու ժողովրդին խաբողներին։ Ողջամիտ մարդիկ գիտեն, որ բոլորի հետ հնարավոր է լավ լինել կարճ ժամանակ։ Տևական ժամանակ անհնար է պահպանել երկու հակամարտող կողմերի հետ լավ հարաբերությունները։ Պատկերավոր ասած՝ կա ռեզոնանսի վտանգ։ Թեթև արտաքին ազդակը կարող է պոկել կամուրջն ու խորտակել դրա վրա պարողներին։ Ու դրանից կտուժեն ժողովուրդն ու պետությունը։

Պարզ ասած՝ ՔՊ-ական իշխանությունը շարունակում է վտանգներ ստեղծել։ Տեսանելի ապագայում Արևմուտքն ակնկալելու է ՀՀ-ից կոնկրետ քայլեր։ Դրանց բացակայության պարագայում հնարավոր է՝ երես թեքեն մեզնից։ Այդպիսի ազդակներ արդեն կան։ Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին հրադարարի խախտման մասին հայ և ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններին ԵՄ քաղաքացիական դիտորդներն օպերատիվ չեն արձագանքում։ Այս պասիվությունը ևս ակնարկ է, որ ԵՄ-ն ՀՀ-ից գործուն քայլեր է ակնկալում անկախության և ժողովրդավարության բարեփոխումների հարցում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում