Ներքին 2 տարի առաջ - 18:26 17-06-2024

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ՀԲ ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը և այլք:

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Համաշխարհային բանկի դերը՝ ի դեմս Հայաստանի գրասենյակի, ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում և շնորհակալություն հայտնել շարունակական համագործակցության ու աջակցության համար:

Նախարարը համոզմունք է հայտնել՝ ՀԲ-ի հետ համագործակցության հնարավորությունները բարեփոխումների շրջանակում ընդլայնվում են:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները բարձր են գնահատել կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ՀՀ կառավարության հանձնառությունն ու կամքը: Մասնավորապես, ընդգծվել է՝ մարդկային կապիտալի զարգացումը Համաշխարհային բանկի առաջնահերթություններից է, և Հայաստանն այս առումով շատ կարևոր գործընկեր է:

ՀԲ-ի կողմից բարձր է գնահատվել հատկապես ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումները հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման ու ներդրման համատեքստում: ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանի ներդրած ջանքերը շատ գնահատելի են, իսկ արդյունքները՝ բավականին տպավորիչ: ՀԲ տարբեր ծրագրերով նպատակադրվում է բարելավել տարրական դպրոց մուտք գործող երեխաների դպրոցական պատրաստվածությունը, ավագ դպրոցների ֆիզիկական պայմանները, ապահովել լաբորատոր գույքի և սարքավորումների տրամադրումը հանրակրթական դպրոցներին և աջակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Համաշխարհային բանկի թիմի կողմից պատրաստվող կրթության ոլորտում հանրային ֆինանսների վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը: Վերջինիս շրջանակում ներկայացված տվյալներն ու հետազոտության արդյունքները, ՀԲ ներկայացուցիչների գնահատմամբ, ապացուցում են՝ ԿԳՄՍ նախարարությունը կրթական բարեփոխումների հիմնական ուղղություններով ընթանում է ճիշտ ճանապարհով:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀԲ-ի կողմից իրականացվող ծավալուն աշխատանքն ու պարբերական զեկույցները, որոնք արտաքին գնահատման կարևոր բաղադրիչ են պարունակում և նպաստելու են բարեփոխումների առավել արդյունավետ իրականացմանը:
Կողմերը կարևորել են նաև շարունակական երկխոսությունը՝ կրթական բարեփոխումների հետազոտական հենքն ուժեղացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հետագա հեռանկարներն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը