Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, որն ի հեճուկս գործող իշխանությունների պնդումների ոչ միայն չի մարում, այլև ավելի մեծ թափ է հավաքում, շարունակում է անհանգստացնել ոչ միայն ՔՊ-ականներին, այլև վերջիններիս երբեմնի կիրթ ու կառուցողական գործընկերներին։
Չնայած իշխող կուսակցության ներկայացուցիչները վստահեցնում են, որ Հայաստանում իշխանափոխության հանրային պահանջ չկա, սակայն հանրային տրամադրությունները և նույն իշխանական գործիչների ջղաձգումներն ու ագրեսիվ հռետորաբանությունն առնվազն հակառակի մասին են վկայում։
Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 6 տարվա ընթացքում առաջին անգամ բախվել է իշխանափոխության իրական վտանգի հետ, որն ի վերջո կապիտալիզացվելու է հանգեցնի իշխանափոխության։ Փաշինյանի և նրա թիմակիցների իրավիճակն էլ ավելի բարդացնում այն հանգամանքը, որ նախկին-ներկա սևեր-սպիտակներ արհեստածին բաժանումները, որոնք շահարկելով հաջողվում էր տարիներ շարունակ իշխանությունը պահպանել, և այլևս սպառել են իրենց, և այլևս չեն կարողանում մոբիլիզացնել անգամ իշխանության ընտրազանգվածին։
Այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով հաջորդ սերունդների հիշողության մեջ մնալու է որպես մի գործիչ, ով սեփական թիմակիցներին համեմատել էր ուսապարկերի հետ, խորհրդարանական ընդդիմությանը մեղադրեց Ռուսաստանից ֆինանսավորվելու մեջ՝ հղում կատարելով ադրբեջանամետ լոբբիստ, այսպես կոչված քաղաքագետ-ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոյի հայատարարություններին։ «Եվ այս ծաղրածուները որոշե՞լ էին Հայաստանում իշխանություն վերցնել, նորից հատկացվել են 100-ավոր միլիոններ Փաշինյանի հեռացման համար և այդ հարյուրավոր միլիոնները նորից գողացվել են էֆեկտիվ մենեջերների կողմից, նա գոնե խաչը հանե՞ց»,- հայտարարել էր Կորոտչենկոն, ում խոսքերը ՀՀ թիվ 1 ամբիոնից մեջբերեց Ալեքսանյանը։
Հատկանշական է, որ գործող իշխանությունները, որոնք առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ իրենք անզիջում պայքար են մղում Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության համար, այդ շրջանակներում հաճախ մեղադրում են Մոսկվային, խոսում ռուսական ալիքները փակելու անհրաժեշտության մասին, երբ դրանցով իրենց քննադատող հաղորդումներ են հրապարակվում և այլ, սակայն այժմ նույն իշխանության ներկայացուցիչ-պատգամավորը քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով հղում է կատարում Բաքվից ֆինանսավորվող ռուս պրոպագանդիստի հայտարարությանը և դա հանրությանը մատուցում որպես հարյուր տոկոսանոց ճշմարտություն։ Այս համատեքստում իշխանական պատգամավորը զարմանալիորեն չի մեջբերում օրինակ ՌԴ պետդումայի պատգամավոր, հայ ժողովրդի բարեկամ Կոնստանտին Զատուլինի (
Փաշինյանի իշխանության կողմից 2022-ին ՀՀ-ում հայտարարվել է անցանկալի անձ-
Դ․Գ․) և մի շարք այլ ռուս գործիչների հայտարարությունները, ովքեր շարժման առաջին օրերից հայտարարել են, որ այն բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին գործն է։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ գործող իշխանությունները, ելնելով իրենց նեղ խմբային շահերեց, Ազգային ժողովի ամբիոնից ցիտում են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ամենամեծ թշնամիներից մեկի հայտարարությունը՝ բացառապես այն բանի համար, որ վերջինս Բագրատ Սրբազանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին մեղադրանքներ է հնչեցրել, և պնդել, թե վերջինս ֆինանսավորվել է Մոսկվայից։
Ընթերցողներին, ինչպես նաև Հայաստանի իշխանություններին՝ ի դեմս Վահագն Ալեքսանյանին, ցանկանում ենք հիշեցնել, որ նույն Կորոտչենկոն ՀՀ-ին և անձամբ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր Ադրբեջանի դեմ պատերազմ սանձազերծելու, պատերազմն անխուսափելի դարձնելու, Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու և մի շարք այլ հանցանքների մեջ։ Արդեն 2021 թվականի փետրվարին, երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի պահանջ էր ներկայացրել, Կորոտչենկոն խստորեն դատապարտել էր այդ արարքը և ընդգծել՝ Փաշինյանը չպետք է հեռացվի իշխանությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ռազմական հեղաշրջման փորձ էին որակվել բացառապես Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից։
Հավելենք նաև, որ Իգոր Կորոտչենկոյի այս հայտարությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի յուրօրինակ նվերն էր Նիկոլ Փաշինյանին, որից օգտվելու գայթակղությունից Փաշինյանի թիմակից Վահագն Ալեքսանյանն իրեն չկարողացավ զրկել։
Հայաստանում ցանկացած անհատ և փորձագետ, ով հետևում է տարածաշրջանային զարգացումներին, տեղյակ է, որ Կորոտչենկոն ՌԴ-ում ադրբեջանական շահերի թիվ 1 լոբբիստն է, ով հերթական անգամ աղմկում է ՀՀ գործող իշխանություններին աջակցող հայտարարություններով է հանդես գալիս բացառապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականով։
Դավիթ Գույումջյան