Շարժումը Փաշինյանին հրաժարական տալու լավ առիթ է ընձեռում
copy image url

Շարժումը Փաշինյանին հրաժարական տալու լավ առիթ է ընձեռում

Միտք Ներքին 10 ամիս առաջ - 13:30 10-06-2024
Սրբազան պայքարը մտել է 96-ժամյա գործողությունների փուլ։ Այս մասին հունիսի 9-ի հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը, ներկայացնելով շարժման առաջիկա անելիքներն ու ակնկալիքները։ Շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերել են Բաղրամյան պողոտայում: Բազմաթիվ վրաններ են տեղադրվել։ Ցուցարարները վճռական են տրամադրված։ Ըստ 96-ժամյա ծրագրի, այսօր՝ հունիսի 10-ին ընդիմադիր խմբակցություններն ԱԺ խորհրդի նիստում առաջարկելու են ԱԺ օրակարգում ներառել կառավարության հրաժարականի հարցը։ Ինչու՞ են հիմա նախաձեռնում կտրուկ քայլեր, որոնք կարող էին արվել մի քանի շաբաթ առաջ կամ մի քանի ամիս հետո։

Պատմությունից և մերօրյա իրականությունից բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, երբ ժողովրդական շարժումներն ունեցել են ենթատեքստ։ Դրանք ընդհանրացնելով, կարելի ձևակերպել հետևյալ կերպ։ Ժողովրդական շարժումը առիթ է հանդիսանում, որպեսզի իշխանությունը չկատարի գործընկերներին կամ չբարեկամներին տված խոստումները։ Այսինքն՝ շարժումները օգնում են երկրին դուրս գալ անհարմար իրավիճակներից, որոնք ստեղծվել են իշխանությունների սխալների, թուլության, անհաշվենկատության, ապաշնորհ քաղաքականություն վարելու հետևանքով։ Այս առումով՝ հանրային քննարկումներում շրջանառվում է երկու վարկած։

Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիային, Ադրբեջանին, ՌԴ-ին խոստացել է՝ փոխել ՀՀ սահմանադրությունը, նոր տարածքներ զիջել սահմանազատման անվան տակ, ճանապարհներ բացել ռուս-թուրք-ադրբեջանցիների անարգել հաղորդակցության ու առևտրի համար, առաջիկա մեկ ամսում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը Մոսկվայում, իսկ հեռանկարում անդամակցել ռուսական դոմիանտությամբ ձևավորվող նոր միությանը և սահմանափակել անկախությունը։ Բայց ժողովրդական շարժումը նրան առիթ է տալիս պայմանավորված ժամկետներում չկատարել խոստումները։ Փաշինյանը, ներկայացնելով զանգվածային ցույցերն ու նրանց արմատական պահանջները, լրացուցիչ ժամանակ է ստանում, մինչև կճնշի ժողովրդի ընդվզումը, կամ մինչև ցուցարարների եռանդը կսպառվի, նրանք կհոգնեն ու կգնան տուն։ Այսինքն՝ ժողովրդական շարժման արդյունքում ՀՀ-ն նվաստացուցիչ, ոչ նպաստավոր կամ ազգային շահերին հակասող քայլեր չի անում կամ առնվազն հետաձգում է դրանք։

Երկրորդ վարկածով ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ին, ԵՄ-ին խոստացել է անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ իրականացնել՝ լյուստրացիա անել, դուրս հրավիրել ռուսական զորքերը հայ-իրանական, հայ-թուրքական սահմաններից, դեսովետիզացիա անել, արտաքին և անվտանգային նոր տեսլականներն ամրագրել հայեցակարգերում, ակտիվացնել Արևմուտքի հետ գործակցությունը։ Բայց ժողովրդական շարժումը նրան առիթ է տալիս, որպեսզի խոստացված ժամկետներում չկատարի անկախության և ժողովրդավարության բարեփոխումները։ Այս դեպքում ևս Փաշինյանը լրացուցիչ ժամանակ է ստանում, մինչև կճնշի ցույցերը, որոնք նա և իշխանամերձ ուժերը շարժման առաջին օրվանից ներկայացրել են ռուսական շահերի սպասարկման համատեքստում։ Այսինքն՝ ժողովրդական շարժման արդյունքում ՀՀ-ն ՌԴ տարածաշրջանային նկրտումներին հակասող քայլեր չի անում, կամ առնվազն հետաձգում է դրանք։

Նկատենք նաև, որ օրեր անց՝ հունիսի 15-16-ին Շվեյցարիայում գումարվելու է Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթաժողով, որին հրավիրված են 160 երկրներ, հավանաբար՝ նաև Հայաստանը։ Քննարկվելու են Ռուսաստանի ագրեսիվ նկրտումների դեմ պայքարի և խաղաղության հարցերը։ Չի բացառվում, որ քննարկման առարկա դառնա նաև ՀՀ-ում ռուսական ազդեցությունը չեզոքացնելու թեման։ Այս դեպքում ՔՊ-ական իշխանությունը անհարմար վիճակում է հայտնվելու։ Ո՛չ կարող է ՌԴ-ի դեմ խոսել, ո՛չ էլ պաշտպանել ռուսական ագրեսիվ նկրտումները։ Ավելի լավ է՝ ընդհանրապես չմասնակցի։ Սակայն շվեյցարական գագաթաժողովին չմասնակցելու և Հայաստանից ռուսների հեռացման հարցը քննարկման առարկա չդարձնելու համար Նիկոլ Փաշինյանին պետք է հիմնավոր առիթ։ Այդպիսի առիթ է ժողովրդական շարժումը, որը նստացույց է անում Բաղրամյան պողոտայում, ԱԺ շենքի դիմաց, իսկ ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են կառավարության հրաժարականը։

Այս ենթադրությունները նշանակում են, որ շարժումը կարող է հասնել հռչակված նպատակին այն դեպքում, երբ գործընկերները Նիկոլ Փաշինյանին հավելյալ ժամկետ չտան, պահանջեն կատարել խոստումները կամ ասպարեզը զիջել նրանց, որոնք կիրականացնեն անկախության և ժողովրդավարության բարեփոխումները խոստացված ձևով ու ժամկետներում։

Պարզ ասած՝ շարժումը Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու լավ առիթ է ընձեռում։ Այսպիսով՝ նա կազատվի անհարմար իրավիճակից, հավելյալ մեղքեր գործելու, ռուսական շահեր սպասարկելու կամ ռուսական ագրեսիվ նկրտումների դեմ միջազգային նախաձեռնություններին միանալու անխուսափելի թվացող հեռանկարից։ Եթե շարժումն այս փուլում հաջողության հասնի, ապա կարող ենք եզրակացնել, որ շարժման ղեկավարներին հաջողվել է ընդհանուր լեզու գտնել արտաքին խաղացողների՝ գերտերության, տարածաշրջանային տերությունների և հավակնորդների հետ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված