Անձնական տվյալների պաշտպանությունը մարդու անկապտելի իրավունքն է, որը կարգավորվում է Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքով։ ՄԻՊ-ն ու դատարանները բազմաթիվ բողոքներ ու հայցեր են քննել նախընթաց տարիներին անձնական տվյալների պաշտպանության օրենքի խախտման և մարդու իրավունքների ոտնահարման փաստերով։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրեց առավոտյան ժամը 6-7-ը միասին հեծանիվ քշել։ Նա պահանջեց նաև, որ ցանկացողներն անձնական տվյալներ ներկայացնեն՝ անունն, ազգանունը, հեռախոսի համարն ու հեծանվի հետ լուսանկարը։ Ենթադրելի է, որ անվտանգության նկատառումներով է պահանջվում տվյալները։ Սակայն հանրության շրջանում շրջանառվող կասկած կա, թե անձնական տվյալներն այլ ուղղությամբ են կարող են կիրառվել։
Անձնական տվյալները կեղծիքի համար ծառայեցվել են նաև նախկինում։ Օրինակ՝ ընտրակեղծիքների առաջին տարիներին իշխանության կուսակցությունը հավաքում էր իրեն պոտենցիալ ընտրողների անձնագրերը, որոնք վերադարձնում էին ընտրության օրը ընտրական տեղամասի ճանապարհին։ Անձնագիրը հետ ստացողը այնտեղ հայտնաբերում էր նաև խոստացված ընտրակաշառքը։ Այդպես ընտրակեղծարարները ունենում էին անձնավորված տվյալներ, թե ովքեր են մասնակցել, ինչքան հասցեական ընտրակաշառք է բաժանվել։ Իսկ ովքեր չէին հայտնվում ընտրությանը օրը, ապա նրանց անձնագրով քվեարկում էին կուսակցության համակիրներն ու լրացնում կողմ քվեների թիվը։ Այս ամոթալի երևույթի դեմ ընդդիմադիրների, իրավապաշտպանների, տեղական և օտարերկրյա դիտորդների տևական պայքարում ընդգծվում էր, որ առաջին հերթին խախտվում է անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։ 2015-ին Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո ընտրակեղծիքների շարքում անձնագրեր հավաքելը վերացավ, 2017-ի ընտրություններում չկար։
Անձնական տվյալների պաշտպանության խախտման դեպքեր եղել են նաև վերջին տարիներին։ ՔՊ-ին առնչվող աղմկահարույց մի պատմություն տեղի ունեցավ վերջին ընտրություններից առաջ կազմակերպված դրամահավաքի ժամանակ, երբ ՔՊ-ին նվիրատվություն կատարած մարդկանց մի մասը հետո հայտարարեց, որ ինքը փող չի փոխանցել։ Այսինքն՝ ՔՊ-ն օգտագործել է մարդկանց անձնական տվյալները, նրանց անունից մեծ գումարներ փոխանցել ՔՊ նախընտրական հիմնադրամին և թաքցրել գումարի ծագման իրական աղբյուրները։ Այսինքն՝ ներկայացվել են ՔՊ դրամական մուտքերի կեղծ աղբյուրներ։ Միաժամանակ՝ խախտվել են մարդու իրավունքները անձնական տվյալների պաշտպանության առնչությամբ։
Մարդկանց աչքը վախեցել է։ Ոմանք կասկածում են, թե Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ քշելու պատրվակով հավաքագրվող անձնական տվյալները մշակվելու են և այդպիսի մի կեղծիքի կամ ավելի վատ բանի են ծառայելու։ Առաջիկայում սպասվում են սահամանդրական փոփոխություններ հայտնի պատճառներով։ Ենթադրվում է, որ այդ հանրաքվեն կեղծելու են, քանի որ ժողովրդի մի ստվար զանգված հակված չէ ընդունելու Ադրբեջանի վերջնագրերը։ Հաշվի առնելով, որ առաջիկայում ներդրվելու է էլեկտրոնային քվերակության ավելի լայն մեխանիզներ, հետևաբար՝ ենթադրելի է, որ ընտրակեղծիք անելու մտադրություն ունեցող իշխանություններին պետք են լինելու մեծ թվով քաղաքացիների անձնական տվյալներ։
Մարդիկ մտավախություն են հայտնում նաև, որ հեծանվորդների անձնական տվյալները կարող են այլ չար բաների համար օգտագործվել։ Օրինակ՝ կիբերհանցագործների հիմնական հետաքրքրության առարկաներից մեկը օգտատերերի անձնական տվյալներն են, որոնք գողանում են ու վաճառում։ Հետո գողացված տվյալներով ֆեյք էջեր են բացում և նոր հանցագործություններ կատարում։ ՔՊ-ն ևս մեծ քանակությամբ կեղծ էջեր ունի։ ՔՊ-ին սպասարկող ֆեյք ֆաբրիկա կա, որի ֆեյք օգտատերերը հավանում ու մեկնաբանում են ՔՊ-ական պաշտոնյաների գրառումներն ու լուսանկարները, տպավորություն ստեղծելով, թե ՔՊ-ական գործիչները ժողովրդականություն ունեն։ Սակայն հանրության մեծ մասն արդեն չի հավատում այդ ֆեյք էջերին։ Եվ խնդիր կա, որ գոնե՝ հայկական անուն, ազգանուններով ու նկարներով կեղծ օգտատերերը հետևեն իրենց էջերին։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի հեծնվային նախաձեռնությունը զուտ առողջական կամ ժամանցային նպատակներ չի հետապնդում։ Այն նաև ՔՊ-ի և նրա առջանորդի վարկանիշը բարձրացնելուն չի կարող նպաստել, քանի որ նրա հետևից քշելու են միայն նրա երկրպագուները, որոնք առանց այդ էլ նրա հետևորդներն են։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ այս նախաձեռնության թիրախը մարդկանց անձնական տվյալներն են։ Եվ կասկած կա, որ նրանց անուններով ու նկարներով առաջիկայում կեղծիքներ կարող են կատարվել հօգուտ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը։
Թաթուլ Մկրտչյան