Ժաննա Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած արտիստ Ռազմիկ Մարուքյանի հետ
copy image url

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած արտիստ Ռազմիկ Մարուքյանի հետ

Ներքին 1 տարի առաջ - 20:21 05-06-2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ և առաջատար մենակատար Ռազմիկ Մարուքյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Սերգեյ Սաֆարյանը:

2024 թվականին Ռազմիկ Մարուքյանը ՌԴ Պերմ քաղաքում մասնակցել է Ե․ Մաքսիմովայի անվան «Արաբեսկ» դասական պարի միջազգային մրցույթին և զբաղեցրել առաջին տեղը՝ արժանանալով նաև ժյուրիի մրցանակին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով Ռազմիկ Մարուքյանին, շնորհակալություն է հայտնել հեղինակավոր հարթակում հաղթանակներ գրանցելու կապակցությամբ՝ նշելով, որ դրանք ոչ միայն անձնական ձեռքբերումներ են, այլև մեր պետությունը և մշակույթն աշխարհին ներկայացնելու արդյունավետ միջոց։

«Այս հեղինակավոր հարթակում Ձեր տարած հաղթանակն առաջին հերթին վկայում է մեծ աշխատանքի մասին: Արվեստագետների, մշակույթի գործիչների ձեռքբերումների և ոլորտում ներդրած ջանքերի արժևորման նպատակով այս տարվանից ներդրվել է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու» ծրագիրը: «Արաբեսկ» դասական պարի միջազգային մրցույթը ևս ընդգրկված է այդ ցանկում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Մարուքյանը խրախուսման ծրագրի առաջին շահառուն է։

Նրա խոսքով՝ պետությունը տարբեր միջազգային մրցույթների համար սահմանել է խրախուսումներ՝ ըստ կատեգորիաների՝ նպատակ ունենալով արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, որոնք նաև հնարավորություն կընձեռեն կենտրոնանալու ստեղծագործական աշխատանքի և մասնագիտական զարգացման վրա:

«Արաբեսկ» դասական պարի միջազգային մրցույթում 1-ին մրցանակի համար սահմանված է 460 հազար դրամ ամսական խրախուսում՝ մեկ տարի ժամկետով:

Նախարարը Ռազմիկ Մարուքյանից հետաքրքրվել է նրա առաջիկա ծրագրերի և անելիքների մասին։ Բալետի երիտասարդ արտիստը տեղեկացրել է, որ ծրագրերը շատ են և հավակնոտ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետական մոտեցում պահանջող ոլորտային խնդիրներին:

Հանդիպման ավարտին նախարարը կրկին շնորհավորել է Ռազմիկ Մարուքյանին՝ մաղթելով ստեղծագործական խիզախումներ և նորանոր հաջողություններ:

2009-2016 թթ. Ռազմիկ Մարուքյանը սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարի բաժնում։ 2017 թվականին ընդունվել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես բալետի արտիստ, այնուհետև մենակատար, այժմ՝ առաջատար մենակատար։ Ռազմիկ Մարուքյանը գլխավոր դերերով հանդես է եկել Ա. Խաչատրյանի «Գայանե» /Արմեն, Գիքո/, Ա. Խաչատրյանի «Սպարտակ» /Սպարտակ, Կրասոս/, Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» /Արբենին, Իշխան Զվեզդիչ/, Ա. Ադանի «Ժիզել» /Կոմս Ալբերտ/, Ժ. Բիզեի, Ռ․ Շչեդրինի «Կարմեն սյուիտ» /Էսկամիլիո/, Կ․ Խաչատրյանի «Չիպոլինո» /Արքայազն Կիտրոն/, Ս․ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» /Ռոմեո/, Պ. Չայկովսկու «Կարապի լիճ» /Արքայազն Զիգֆրիդ/, Պ. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» /Արքայազն/, Պ. Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» /Արքայազն Դեզիրե/, Լ․ Մինկուսի «Դոն Կիխոտ» /Բազիլ, Էսպադա/ և այլ բալետային ներկայացումներում:

2017 թ. մասնակցել է Բելգիայում կայացած «Փրի Արաբեսկ» մրցույթին և արժանացել առաջին և «Լավագույն արտիստիկ կատարում» մրցանակներին։ 2017 թ. մասնակցել է Մոսկվայի 13-րդ բալետի արտիստների և խորեոգրաֆների միջազգային մրցույթին՝ արժանանալով դիպլոմի: 2018 թ. մասնակցել է USA IBC միջազգային դասական պարի մրցույթին՝ արժանանալով «Ժյուրիի համակրանք» մրցանակին: 2019 թ․ Սոչիում մասնակցել է «Молодой балет мира» դասական պարի մրցույթին՝ արժանացել 2-րդ մրցանակի: Նա հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև Չինաստանում, Ճապոնիայում և այլուր: 2023 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր