Սենսացիա․ Թրամփը խոստանում է գաղտնազերծել սեպտեմբերի 11-ի և Քենեդու սպանության գործով գաղտնի փաստաթղթերը
copy image url

Սենսացիա․ Թրամփը խոստանում է գաղտնազերծել սեպտեմբերի 11-ի և Քենեդու սպանության գործով գաղտնի փաստաթղթերը

Արտաքին 10 ամիս առաջ - 15:00 03-06-2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հերթական սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել․ նա ասել է՝ պատրաստ է գաղտնազերծել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ կապված փաստաթղթերը, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին Թրամփն ասել է հունիսի 2-ին ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ Թրամփը պատրաստակամություն է հայտնել հրապարակել փաստաթղթեր 1963 թվականին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության, ինչպես նաև կանանց, այդ՝ թվում անչափահաս, սեռական շահագործման ենթարկելու համար մեղադրված և բանտում ինքնասպանություն գործած միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի գործի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դա արվելու է ամերիկյան ինստիտուտների նկատմամբ կորցրած վստահությունը վերականգնելու համար։

Լրագրողը հարցրել է, թե արդյոք Թրամփը պատրա՞ստ է վերականգնել ամերիկյան հասարակության վստահությունը այնպիսի մարմինների նկատմամբ, ինչպիսիք են ԿՀՎ-ն և ՀԴԲ-ն, հանել գաղտնիության դրոշմը նշված գործերի վերաբերյալ փաստաթղթերից: Բոլոր երեք գործերին Սպիտակ տան նախկին ղեկավարը դրական պատասխան է տվել։

Բացի այդ, Թրամփը նշել է, որ երբ գտնվում էր ամերիկյան վարչակազմի ղեկին, Քենեդիի սպանության գործով «բազմաթիվ նյութեր» է գաղտնազերծել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Ենթադրվում է, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են գործող նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ովքեր արդեն իրենց կուսակցություններում հավաքել են անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար:







Ամենից շատ դիտված