Բռնի տեղահանվածներին Մասիսի մանկապարտեզից չեն վռնդում. համայնքապետը հերքում է լուրը
copy image url

Բռնի տեղահանվածներին Մասիսի մանկապարտեզից չեն վռնդում. համայնքապետը հերքում է լուրը

Ներքին 10 ամիս առաջ - 15:30 22-05-2024
Երեկ «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ-ն հայտարարություն էր տարածել, թե Արցախից բռնի տեղահանված և Մասիսի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած մարդկանցից պահանջում են լքել կացարանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հետ, ով ասաց, որ բռնի տեղահանվածներին մանկապարտեզից հանելու լուրն իրականությանը չի համապատասխանում։

«Մանկապարտեզում տեղավորված մեր քաղաքացիները կմնան այնքան ժամանակ, մինչև մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները կսկսվեն։ Դրանք սուբվենցիոն ծրագրով են իրականացվելու։ Հստակ չի, թե երբ կսկսվեն շինարարական աշխատանքները։ Դեռ տենդեր, մրցույթ չի արվել»,- ասաց Համբարձումյանը։

Նա խոսքով՝ կացարանի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ բացատրվել է, որ նրանցից ոչ ոք դրսում չի մնալու․

«Երբ կգա այն ժամանակը, որ պետք է նրանք մանկապարտեզի շենքից դուրս գան, ապա կմտածենք, թե որտեղ են նրանք տեղավորվելու»։

Հարցին՝ կա՞ն համապատասխան կացարաններ տեղահանվածներին տեղավորելու համար, համայնքապետն ասաց․

«Դեռևս չկան, բայց այդ մարդկանց հո դրսում չե՞նք թողելու։ Նորից եմ ասում՝ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե այդ մարդկանց դուրս են հանում»,- շեշտեց Դավիթ Համբարձումյանը։