Մինչ Հայաստանում ստեղծված օրհասական իրավիճակից դուրս գալու նպատակով Հայ Առաքելական եկեղեցին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, համազգային շարժում է սկսել, ՔՊ-ական իշխանությունն ավելի մեծ թափով է թիրախավորում Հայ Առաքելական եկեղեցուն ու նրա սպասավորներին։ Նախօրեին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, թե «ընդդիմությունը փորձում է հոգևորականի սքեմի ներքո Հայաստանում իշխանություն զավթել», նույն խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով Բագրատ Սրբազանի և Արցախի ԱԺ պատգամավորների ու պաշտոնյաների հանդիպմանը, համոզմունք էր հայտնել, որ «ԼՂ-ն լուծարած անձինք վեղարով առաջնորդի հետ նույնը փորձում են անել Հայաստանում»։
Եկեղեցու հասցեին հնչեցվող մեղադրանքների տեղատարափին անմասն չէր կարող մնալ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ավելին՝ չգերազանցել դրանք։ Վերջինս երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ եկել է ժամանակը՝ հասկանալու համար, թե Հայաստանի Հանրապետությունում առկա հարկային պարտավորություններն ինչո՞ւ եկեղեցու նկատմամբ չեն կիրառվում։ «Կարծում եմ, որ այդ հարցը մոտ ժամանակները քննարկենք, որովհետև հերի՛ք եղավ, էլի, մեր էմոցիաների, մեր պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, «Կոկա-կոլա» ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել»,- ասաց ԱԺ նախագահը՝ պնդելով, թե իբր եկեղեցին հարկեր չի վճարում:
ԱԺ նախագահի այս հայտարարություններին առաջինը արձագանքեց Մայր Աթոռը՝ դրանք որակելով որպես սուտ։ «Եթե խոսելուց առաջ չի ստացվում, գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները, մեղմ ասած, սուտ են»,- հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Oragir.News-ն ուսումնասիրել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Այս ուսումասիրության արդյունքում պարզ դարձավ, որ Հայ առաքելական եկեղեցին՝ որպես կրոնական կազմակերպություն, վճարում է հարկեր․
2020 թվականին թվականին Հայ առաքելական եկեղեցին պետբյուջե է վճարել
387 մլն դրամ հարկեր, 2021-ին՝
403 մլն դրամ, 2022-ին՝
450 մլն դրամ, 2023-ին՝
435 մլն դրամ, իսկ ընթացիկ 2024 թվականի առաջին եռամսյակում արդեն
147 մլն դրամ։ 2024-ի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Հայ Առաքելական եկեղեցին զբաղեցրել է
488-րդ հորիզոնականը։
Հատկանշական է, որ 2020-2022 թվականներին Հայ առաքելական եկեղեցու վճարած հարկերի հիմնական մասը եկամտահարկն է, սակայն 2023 և 2024 թվականներին եկեղեցին որոշակի մուտքեր է ապահովել բյուջե նաև մաքսատուրքերի մասով։
Նշենք՝ որոշ հարկատեսակների մասով կառավարությունը որոշակի արտոնություններ է կիրառում։
Խոսքը վերաբերում է հատկապես բարեգործական նպատակներով Հայ առաքելական եկեղեցու հասցեով ստացված բեռներին, որոնց թվում մոմի և եկեղեցական այլ պարագաների ներկրումն է, ինչի դեպքում գործում են արտոնություններ՝ հարկերի և տուրքերի գծով։
Այնուհանդերձ, որոշ հարկատեսակների մասով կառավարությունը որոշակի արտոնություններ է կիրառում՝ պայմանավորված Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակով։ Մասնավորապես՝ եկեղեցու հասցեով ստացված բեռների ներմուծման մի շարք ծրագրեր այս ընթացքում կառավարությունը որակել է բարեգործական, ինչը արտոնություններ է սահմանում հարկերի, տուրքերի գծով։ Հարկային արտոնությունների մյուս խումբը վերաբերում է եկեղեցուն պատկանող անշարժ գույքը հարկերից ազատելուն, որը նույնպես պայմանավորված է Առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակով։
Ընթերցողի ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ Հայ Առաքելական եկեղեցին խորհրդային տարիներին ենթարկվել է բազմաթիվ ռեպրեսիաների, ունեցել մեծ կորուստներ, որով էլ պայմանավորված Հայաստանի անկախության վերականգնումից հետո վեջինիս շնորվել է բացառիկ կարգավիճակ ու տրամադրվել հարկային արտոնություններ։ Ավելին՝ եկեղեցին իրավունք ուներ պետությունից փոխհատուցում պահանջել իր կրած բոլոր կորուստների համար, սակայն, ինչպես նախօրեին հայտարարեց Բագրատ Սրբազանը, Վեհափառի գլխավորությամբ որոշում է կայացրել հրաժարվել այդ փոխհատուցումից, որպեսզի պետության համար լրացուցիչ ֆինանսական բեռ չստեղծի։
Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հետխորհրդային բոլոր երկրներում, այդ թվում հարևան Վրաստանում, ինչպես նաև սոցիալիստական ճամբարի բազմաթիվ այլ երկրնում, որտեղ ռեպրեսիաներն այդքան ուժգին չեն եղել, առ այսօր պետությունը փոխհատուցում է եկեղեցու կրած զրկանքները, իսկ միակ եկեղեցին, որը պետությունից ոչ մի փոխհատուցում չի ստացել ու պահանջել Հայ Առաքելական եկեղեցին, ընդ որում իր իսկ ցանկությամբ։ Այս կապակցությամբ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ վերջերս նշել էր, որ փոխհատուցումներից հրաժարվելու որոշումը պայմանավորված էր Արցախում ընթացող պատերազմով, և նման կերպ եկեղեցին իր յուրօրինակ աջակցությունը ցուցաբերեց պետությանը։
Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Հայ Առաքելական եկեղեցին հարկեր Հայաստանի հանրապետության պետբյուջե հարկեր չի վճարում մանիպուլյատիվ է, և այն չի համապատասխանում իրականությանը։ ԱԺ նախագահի այս մանիպուլյատիվ հայտարարության շարժառիթը քաղաքական է․ թիրախավորել Հայ Առաքելական եկեղեցուն, նրա սպասավորներին և թույլ չտալ, որ վերջիններիս շուրջ համազգային համախմբում կայանա, որն անխուսափելիորեն պետք է հանգեցնի գործող իշխանությունների հեռացմանը։
Հայ Առաքելական եկեղեցին՝ իր բացառիկ կարգավիճակով պայմանավորված, ունի որոշ արտոնություններ և ազատված է որոշ հարկատեսակներից, սակայն դա չի նշանակում, որ ՀԱԵ-ն առհասարակ հարկեր չի վճարում։
Հավելենք, որ Հայ Առաքելական եկեղեցուն տրամադրված հարկային արտոնությունները վերացնելու անհրաժեշտության մասին Ազգային ժողովի նախագահը սկսեց խոսել միայն այն ժամանակ, եկեղեցին ստանձնեց համազգային պայքարի առաջնորդությունը։ Կարծում ենք՝ եթե ՀԱԵ-ն՝ ի դեմս Բագրատ Սրբազանի, չընդվզեր Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու որոշման դեմ և աջակցեր գործող իշխանությունների որդեգրած այսպես կոչված խաղաղության դարաշրջանի օրակարգին, ապա պետության կողմից եկեղեցուն տրամադրված արտոնություններն Ալեն Սիմոնյանին չէին անհանգստացնի։