copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 15:00 10-05-2024

Ամենանիկոլական բուհը․ Հայբուսակում հորդորում են «կեղծ հայրենասիրությամբ» չտարվել

Բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է քաղաքականապես չեզոք լինեն և չմիջամտեն ներքաղաքական գործընթացներին, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները չխոչընդոտեն մյուս ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքը։ Վերջին օրերին այս մասին գործող իշխանությունների ներկայացուցիչները հաճախ են հայտարարում և ուսանողներին հորդորում չմասնակցել դասադուլներին՝ մոռանալով, որ 2018-ի իշխանափոխության ժամանակ նույն Նիկոլ Փաշինյանն էր ներխուժում ԵՊՀ, կոտրում համալսարանի դուռը և իր աջակիցների հետ միասին շաբաթներ շարունակ խաթարում բոլոր այն ուսանողների իրավունքները, ովքեր չէին աջակցում իր գլխավորած շարժմանը։

Այսօր վաղ առավոտից հանրապետության մի շարք բուհերում ուսումնական դասադուլ է հայտարարված, իսկ ուսանողության մեծմասնությունը միացել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրազանի գլխավորած շարժմանը։ Այս համատեքստում չնայած բուհերի մեծամասնությունը դեռևս լռություն են պահպանում և ուսանողներին բացահայտ կերպով չեն հորդորում համազգային շարժմանը չմասնակցել, այնուամենայնիվ մասնավոր բուհերից Հայբուսակը, որի տրամադրած կրթության որակը և արդյունավետությունը հանրության լայն շերտերի կողմից կասկածի տակ է առնվում, որոշել է պետական բուհերից ավելի նիկոլական լինել և սեփական ուսանողներին հորդորել չմասնակցել այս համազգային դասադուլին։

Մտահոգիչ է, որ Հայբուսակի հայտարարության մեջ ուսանողներին հիշեցրել են ոչ միայն սպասվող քննաշրջանի մասին՝ ենթադրաբար սպառնալով, որ դասադուլին մասնակցող ուսանողները կարող են խնդիրներ ունենալ, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանձնման դեմ կատարվող գործողությունները որակել որպես «կեղծ հայրենասիրության գաղափարներ»․

«Սիրելի ուսանողներ

Հիշեցնում ենք, որ մոտենում է կիսամյակային և ավարտական քննությունների պատասխանատու ժամանակաշրջանը: Վստահեցնում ենք, որ քաղաքական գործընթացները տեղ չունեն կրթական համակարգում: Հորդորում ենք զգոնություն պահպանել, չենթարկվել սադրանքների և չգայթակղվել կեղծ հայրենասիրության գաղափարներով:

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնեմասին տեր լինել համալսարանի լսարաններում»:


Այս այս գրառումն առաջացրել էր բազմաթիվ օգտատերերի զայրույթն ու քննադատությունը և մարդիկ մեկնաբանություններում այս գրառումը կոշտ քննադատության էին ենթարկել։

Ավելի ուշ արդեն Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնի ոչ պետական բուհի ղեկավարությունը նախընտրեց խնդիրը լուծել ոչ ժողովրդավարական տարբերակով, հեռացրեց քաղաքացիների մեկնաբանությունները և փակեց մեկնաբանություններ գրելու հնարավորությունը՝ փաստացի սահմանափակելով ժողովրդավարության բաստիոնի հպարտ ու ինքնիշխան քաղաքացիների ազատ խոսքի իրավունքը։



Չնայած գրառման մեկնաբանությունները հեռացվեցին, իսկ մեկնաբանություններ գրելու հատվածը փակվեց, այնուամենայնիվ բազմաթիվ քաղաքացիների դժգոհություն և ծաղրանք արտահայտող ռեակցիաները տեղում են․ ֆեյսբուքը դրանք հեռացնելու հնարավորություն չի տալիս։



Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Հայբուսակի ռեկտոր Սուրեն Հարությունյանից, սակայն վերջինս մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան թողնեց։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև բուհի մամուլի ծառայության հետ՝ ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարով, սակայն այս դեպքում նույնպես մեր զանգերը նույն բախտին արժանացան։

Հայբուսակի ղեկավարությունից ցանկանում էինք նաև հետաքրքրվել, թե 2018 թվականին ուսանողներին հորդորե՞լ են Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ակցիաներին չմասնակցել և հայրենիքի իրենց հատվածին լսարաններում տեր լինել, թե՞ ոչ։ Ուսումասիրելով Հայբուսակի ֆեյսբուքյան էջի 2018 թվականի ապրիլ-մայիս գրառումները՝ նման բովանդակությամբ ոչ մի հրապարակում չգտանք․ դրանք կա՛մ չեն եղել, կա՛մ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հեռացվել են։

Հավանաբար գրառումից հետո բազմաթիվ քաղաքացիներ զանգահարել են և իրենց դժգոհությունն են հայտնել Հայբուսակի ֆեյսբուքյան էջում կատարված հրապարակման կապակցությամբ, ուստի բուհում որոշել են առհասարակ անպատասխան թողնել քաղաքացիների և լրատվամիջոցների հեռախոսազանգերը։