copy image url
Արտաքին Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 22:30 07-05-2024

Գայլերը կուշտ են, ոչխարները՝ անվնաս․ ինչու ՌԴ-ն «հակառուս» Փաշինյանին չի զրկում ԵԱՏՄ-ի բարիքներից

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արձանագրվում է բարձր, երբեմն նաև երկնիշ տնտեսական աճ, որը մասնագետները պայմանավորում են նախևառաջ արտաքին գործոնների ազդեցությամբ։ Այդ գործոնների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում Ուկրաինայում ընթացող պատերազմը, որի հետևանքով արդեն երկու տարի է, ինչ ՀՀ-ն աննախադեպ խոշոր տրանսֆերտներ է ստանում։

Մինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ տնտեսական հաջողությունները սեփական թիմի պրոֆեսիոնալ քաղաքականության արդյունքում է արձանագրվել, անգամ Փաշինյանի թիմակիցներից շատերը չեն հավատում նմանաբովանդակ պնդումներին։ Դեռևս 2022-ի նոյեմբերին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին հիշեցրել էր, որ 14․1 տոկոս տնտեսական աճը արձանագրվել է հայտնի իրադարձությունների արդյունքում, որտեղ իր գլխավորած գերատեսչությունը առանցքային դեր չի ունեցել։

Հայ-ռուսական հարաբերությունների լարման, կամ լարվածության միտումների առաջացման ֆոնին վերջին շրջանում Մոսկվայից Երևանին հաճախ են հիշեցնում, որ ՀՀ-ում տնտեսական աճի բարձր տեմպերը պայմանավորված են բացառապես ՌԴ-ի հետ բարձր մակարդակի հարաբերություններով։ Նախօրեին նման հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը մեծապես կապված են Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ։

«Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրումից հիմնական շահառուներից մեկն է։ Մեծ եկամուտներ են բերում նաև Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները։ Մեծ մասամբ դրա շնորհիվ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ հայտնվում է համաշխարհային առաջատարների թվում տնտեսական աճի տեմպերով»,- պնդել էր ռուս պաշտոնյան։

Ուշակովն առաջին ռուս պաշտոնյան չէ, ով նմանաբովանդակ հայտարարություննով է հանդես գալիս։ Հայաստանի տնտեսական աճի տեմպերի մասին նախորդ տարի հիացմունքով էր խոսել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պնդել, որ ՀՀ-ի հետևից դժվար կլինի հասնել՝ միևնույն ժամանակ ակնարկելով, որ Երևանի հաջողությունների հիմքում ընկած է ԵԱՏՄ-ում տնտեսական ինտեգրացիան։

Բնականաբար Հայաստանի տնտեսական ձեռքբերումներում ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիան, կազմակերպության անդամ երկրների հետ տնտեսական փոխգործակցության խորացումը մեծ դեր են խաղացել, որին չհամաձայնելը դժվար կլինի։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից դժգոհ չէ անգամ Նիկոլ Փաշինյանը, ով ընդդիմադիր գործունեության տարիներին նախկին իշխանություններին խստորեն քննադատում էր այս կառույցին անդամակցելու համար, ինչպես նաև ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսել։

Նախորդ տարեվերջին, երբ հայ-ռուսական հարաբերությունները կրկին բավականին լարված էին, իշխանությունները բոյկոտում էին ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի ձևաչափերը, չէին բացառում դրանցից դուրս գալու հնարավորությունը, վերջիններս ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին անգամ չէին էլ ակնարկում։

Ավելին՝ Փաշինյանը ԵԱՏՄ-ի տարեվերջյան գաթաթաժողովի ժամանակ հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։

Եթե ԵԱՏՄ-ում ՀՀ-ի անդամակցությունը շարունակելու հարցում Նիկոլ Փաշինյանի շարժառիթները հասնակալի են, ապա հարց է առաջանում, թե ռուսական կողմն ինչու է սահմանափակվում միայն հայտարարություններով և օրինակ Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու գործընթաց չի նախաձեռնում, եթե իսկապես Փաշինյանը հակառուսական քաղաքականություն է վարում և վնասում Մոսկվայի շահերը։ Այս կապակցությամբ Մոսկվայից միայն հայտարարել են, որ առանց ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին անդամակցության ՀՀ-ն չի կարող ԵԱՏՄ անդամ լինել, քանի որ դրանք փոխկապակցված կառույցներ են, սակայն առ այս պահը որևէ գործնական քայլ չեն ձեռնարկել, չնայած այն բանին, որ ՀՀ-ն ավելի քան մեկ տարի է, ինչ բոյկոտում է առաջին երկու կազմակերպությունների աշխատանքը։

Իրականում սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում նաև Հայաստանի շնորհիվ կարողանում է շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Այս գործընթացն իրականացվում է նախևառաջ զուգահեռ ներկրումների միջոցով, քանի որ ուկրաինական պատերազմի հետևանքով արևմտյան երկրներն արգելել են բազմաթիվ կարևոր նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումները ՌԴ, իսկ վերջինս, օգտվելով ԵԱՏՄ-ում գործող կանոնակարգերից, անհրաժեշտ ապրանքները մի փոքր ավելի թանկ, սակայն կարողանում է ներկրել ու մեղմել տնտեսական պատժամիջոնցների ծանր հետևանքները։

Այսպիսով՝ փաստենք, հայտնվել ենք մի իրավիճակում, երբ գայլերը կուշտ են, իսկ ոչխարները անվնաս․ փաստացի ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը բխում է ոչ միայն ՀՀ-ի, այլև հենց նույն Ռուսաստանի Դաշնության շահերից, որի արդյունքում էլ Մոսկվան հանդուրժում է «հակառուս և անկախական» Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի ներկայությունն իր հիմնադրած ԵԱՏՄ-ում։

Կարծիքներ կան նաև, որ ՀՀ-ի անդամակցությունն այս կառույցում շարունակելը ավելի շատ պետք է ՌԴ-ին, քան ՀՀ-ին, այլապես Մոսկվայի վարչակազմն իրեն չէր զրկի Երևանին այս կազմակերպությունից հեռացնելու գայթակղությունից, որը Նիկոլ Փաշինյանի համար լրջագույն խնդիրներ կստեղծեր և կվտանգեր վերջինիս իշխանությունը։

Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա վերջինս այս հարցում անկախ իր կամքից հայտնվել է մի շահեկան իրավիճակում, որտեղ մի կողմից հակառուսական քաղաքականությունն է վարում, կամ առնվազն դրա պատրանքը ստեղծում, իսկ մյուս կողմից չի զրկվում նույն ՌԴ-ի հիմադրած ԵԱՏՄ-ի բարիքներից օգտնվելու հնարավորությունից։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները