Երևան +12°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 17:24 05-05-2024

Ինչո՞ւ է Ադրբեջանը «Ղարաբաղի դատախազություն» ստեղծել

Ադրբեջանական օկուպացիոն իշխանությունների որոշմամբ Արցախում ստեղծվել է «Ադրբեջանի դատախազության Ղարաբաղի տարածքային մարմին, նստավայրը՝ Խանքենդի»։

Նախարարների խորհրդին հանձնարարվել է «Խանքենդիի դատախազին ապահովել վարչական շենքով, նյութա-տեխնիկական միջոցներով, սարքավորումներով, կապի միջոցներով, տրանսպորտով, ինչպես նաև ապահովել որոշումից բխող այլ հարցերի լուծումը»։

Հաղորդվում է նաև, որ նորաստեղծ դատախազական մարմինը քննության է առնելու «ազատագրված տարածքներում հայտնաբերված բազմաթիվ ապօրինի շրջանառված իրերի, զենք-զինամթերքի դեպքերը»։

Դրան զուգահեռ, ադրբեջանական մամուլում շրջանառվում է «Խանքենդիի դատախազին» հանձնարարված մեկ այլ խնդրի մասին տեղեկությունը։ Մասնավորապես, խոսքը գնում է «հայ անջատողական ռեժիմի կողմից օկուպացված տարածքներում» գործունեության ծավալած իշխանության մարմինների կատարած «ապօրինի գործողությունների» հաշվառման մասին։ Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետության կենտրոնական և տարածքային մարմիններում ընդունված որոշումների «օրինականությունը» (ադրբեջանական վարչական շրջանակների մեկնաբանմամբ՝ «ապօրինությունը» - հեղ․) ստուգելուն։

Կարելի է ենթադրել, որ համաձայն այս հրահանգի, ադրբեջանական դատախազությունը կսկսի ուսումնասիրել Արցախում ընդունված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի փաթեթները և դրանք հայտարարելով «օրենքից դուրս»՝ քրեական հետապնդում սկսի իրավաստեղծ մարմինների նկատմամբ։ Խոսքը վերաբերում է, օրինակ, ֆինանսական գործողություններ սահմանող փաստաթղթերին, որոնք, Ադրբեջանի կարծիքով, տասնյակ միլիարդավոր դոլարների «վնասներ» են հասցրել այդ երկրին։

Հավանական է նաև Ադրբեջանի՝ առաջիկայում առաջադրած պահանջը, Հայաստանի տարածքում գտնվող Արցախի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պաշտոնատար անձանցից ոմանց արտահանձնելու մասին։ Նրանք կարող են մեղադրվել «Ադրբեջանի ընդերքի և վերգետնյա հարստությունների ապօրինի շահագործումը կազմակերպելու և ղեկավարելու մեջ։

Այս վարկածների անհապաղ կամ հետաձգված կենսագործման համար մեծ է Ադրբեջանի ներկայիս տարածքային պահանջների կատարման անխոչընդոտ ընթացքի նշանակությունը․ այն կարող է առայժմ զսպել Իլհամ Ալիևի՝ Արցախի սուբյեկտայնության մերձակա և հեռակա բոլոր վկայությունների ոչնչացման ցանկությունը, բայց վերջնարդյունքում գալու է նաև նմանօրինակ պահանջի առաջադրումը։

Ըստ էության, Արցախի պետության իրական ոչնչացման համար ամենադժվար փուլն Ալիևը հաղթահարել է արդեն 2023 թվականի սեպտեմբերին, հաջորդիվ փորձելու է ապահովել Արցախի անցյալի իրավական հիմքերն «օրենքից դուրս» հայտարարելու և ցուցադրաբար այդ շտեմարանն ստեղծողներին «պատժելու» մասը, ինչի նախապատրաստական աշխատանքները կատարելու համար էլ ստեղծվել է «Ադրբեջանի դատախազության Ղարաբաղի մարմինը»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան